Home / ԼԳԲՏ+ / Ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ վիճակը կայուն ծանր է․ քրգործ է հարուցվել

Ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ վիճակը կայուն ծանր է․ քրգործ է հարուցվել

Նախօրեին գիշերը Երևանում իր բնակարանում ծեծի ենթարկված տրանսգենդեր կնոջ  վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Իրավունքի կողմ» հասարակական կազմակերպության ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը։ Նա ասել է, որ տուժողը լսում է, բայց չի կարողանում խոսել։

«Ներկա պահին նրա առողջական վիճակը կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Առայժմ հստակ տեղեկություններ չունենք՝ իրավիճակը դեպի լավն է գնում, թե դեպի վատը, բայց բժիշկներն այս պահին գնահատում են միջին ծանրության։ Ոչ մի ձև չի արձագանքում, աչքերն անգամ չի կարողանում բացել»,֊ ասել է Մարտիրոսյանը։

«Իրավունքի կողմ» ՀԿ֊ի իրավաբան Վահե Մանուկյանը Epress.am֊ի հետ զրույցում նշել է, որ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

«Քրեական գործը հարուցված է ՔՕ֊ի 112 հոդվածով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) և գործն ուղարկել է Քննչական կոմիտե։ [Կասկածյալի] ձերբակալության մասին տեղեկություններ չունենք»,֊ ասել է Մանուկյանը։