Home / Բանակ / Մարտի 1-ի գործով վճիռը կարող է նախադեպային լինել ողջ Եվրոպայի համար

Մարտի 1-ի գործով վճիռը կարող է նախադեպային լինել ողջ Եվրոպայի համար

Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում Մարտի 1-ի զոհերի հարազատների գործով դիմող կողմը ՄԻԵԴ-ին խնդրել է, որպեսզի միջազգային դատարանը այս գործի քննությունը փոխանցի այս դատարանի Մեծ պալատին՝ 17 հոգանոց կազմով, որը ՄԻԵԴ ամենաբարձր կազմավորումն է։ Մեծ պալատում գործերի քննությունը որպես կանոն անցկացվում է բանավոր ընթացակարգով, լսումները հեռարձակվում են և դրանց տեսագրություններն արխիվացվում։

Մեծ պալատը ՄԻԵԴ֊ի իրավունքը փոփոխող իրավաստեղծ կազմավորումն է։ Վահե Գրիգորյանը հույս հայտնեց, որ Մեծ պալատում Մարտի 1-ի զոհերի մասին գործը նախադեպային կդառնա Եվրախորհրդի բոլոր 47 երկների համար: Ակնկալվում է նաև, որ այդ գործի քննությամբ կստացվի Մարդու իրավուքների եվրոպական կոնվենցիայի դրույթներից մեկի մեկնաբանությունը, որով Հայաստանի Կառավարությունը ՄԻԵԴ֊ին տված պարզաբանումներում արդարացրել է 9 մարդկանց սպանությունը։ Ըստ ՄԻԵԿ 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքին միջամտությունը թույլատրելի է 3 հիմքով, որոնցից մեկը խռովություններ ճնշելու նպատակն է, որով էլ Հայաստանի Կառավարությունը պաշտպանվում է՝ ընդդիմադիր շարժումն անվանելով խռովություն կամ «զանգվածային անկարգություն»։ Կառավարությունը զանգվածային անկարգությունը ճնշելու հիմնավորումը ներկայացրել է 9 զոհերի համար՝ անգամ հաշվի չառնելով, որ զոհերից մեկը՝ Տիգրան Աբգարյանը, զինակոչիկ զինվոր էր, ոչ մի առնչություն չուներ շարժման հետ։

«Արդյո՞ք պետություններին թույլ է տրվելու խռովությունները ճնշելու նպատակով կիրառել մարտական հրազեն։ Մարտական հրազենի և՛ ստեղծման, և՛ օգտագործման նպատակն անհամատեղելի է թե՝ էթիկական, և թե՛ իրավական այն նպատակի հետ, որի բավարարման համար է նախատեսվել կյանքի իրավունքին միջամտության այս հիմքը: Այն սպանող զենք է, իսկ տեխնոլոգիական առաջընթացը թույլ է տալիս կառավարություններին իր նպատակին հասնելու համար այլ միջոցներ օգտագործել։ Մարտի 1-ի գործը հանգեցնելու է, ես կարծում եմ, որ, կյանքի իրավունքի միջամտության նկատառումներով մարտական զենքի կիրառման հայեցողությունից պետությունները զրկվեն «խռովություններ ճնշելու» հիմքով կյանքի իրավունքին միջամտելիս: Սա հին՝ 1950֊ականների ձևակերպում է։ Բացի այս, դիմողները պնդում են, որ մարտի 1-ի դեպքերի ընթացքում մահաբեր ուժը կիրառվել է կամայականորեն, իսկ կոնկրետ մի քանի զոհերի դեպքում այն կիրառվել է կյանքից զրկելու դիտավորությամբ», – ասել է Վահե Գրիգորյանը մարտի 2-ին Հայ ազգային կոնգրեսի գրասենյակում այս գործի մասին սեմինարի ընթացքում։

ՄԻԵԴ֊ում 2008 թ. մարտի 1-2֊ի իրադարձություններին առնչվող 20-ից ավել գործ կա, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ քաղբանտարկյալների և 9 զոհերի հարազատների դիմումներով։ 9 զոհերի մասին գործը քննվում է մեկ վարույթում։ Բացի Վահե Գրիգորյանից, դիմողներին ներկայացնում են նաև իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը և 4 բրիտանացի հայտնի փաստաբան-գիտնականներ՝ Միդլսեքսի համալսարանի պրոֆեսոր Ֆիլիպ Լիչը, բարրիստրներ Ջոան Սոյերը, Ջոաննա Էվանսը և Ջեսսիկա Գավրոնը: Բոլորն էլ իրենց գիտական գործունեության և իրավունքի պրակտիկային համընթաց նաեւ Մարդու իրավուքների պաշտպանության եվրոպական կենտրոնի փաստաբաններ են (www.ehrac.org.uk) և հայտնի են իրենց գիտական հրապարակումներով և ՄԻԵԴ, ՄԱԿ մարդու իրավունքների կոմիտեի և բրիտանական բարձր դատարանների առջև ներկայացրած ազդեցիկ նախադեպային գործերով:

Զոհերի հարազատները ՄԻԵԴ դիմում ներկայացնելու մասին նամակները ՄԻԵԴ են ներկայացրել 2010թ.-ին, իսկ լրացված դիմումները և ապացույցները 2011թ.-ի մայիսին։ Մինչ այդ դիմողները բողոքարկել են ՀՔԾ անգործությունը հայաստանյան բոլոր դատարաններում: Վերջիններս բոլոր բողոքները մերժել էին, որոշ դեպքերում այսպիսի անհեթեթ հիմնավորմամբ, ինչպիսին է, ասենք, որ դատարաններն իրավասու չէին իրականացնել նախաքննության դատական վերահսկողությունը։

Զոհերի հարազատները ՄԻԵԴ բողոքել են կյանքի իրավունքի խախտման և դրա դեմ արդյունավետ պաշտպանության միջոցի բացակայության հիմքով։

«ՄԻԵԴ֊ն այս գործը 4-ից ավել տարի անց է հաղորդակցել։ Ես կարծում եմ , որ դա բավականին երկար ժամանակ է՝ հաշվի առնելով այս տեսակի առաջնահերթության աստիճանը։ Այս գործը տարբերվում է Դատարանի առջև եղած հարյուր հազարավոր գործերից։ Սա ոչ միայն դիմողների իրավունքների ծանր խախտումների մասին է, այլև Հայաստանի ժողովրդավարական գործընթացների նկատմամբ ծանր հարվածի մասին: Կան գործեր, որ ներկայացվել են այս գործից շատ ավելի ուշ, ու արդեն ավարտվել է դրանց քննությունը։ Ես չեմ կարող ասել պատճառները որոնք են։ Ես չեմ կարող ասել՝ ինչու է այս գործը 2011թ.-ի մայիսից մինչեւ 2015թ.-ի սեպտեմբեր սպասել հաղորդակցման փուլին», – ասել է Վահե Գրիգորյանը։

Փաստաբանի խոսքով՝ ՄԻԵԴ-ի վճռով ոչ թե հարցը կհամարվի լուծված, այլ կսկսվի իրական քննությունը և մեղավորների բացահայտման գործընթացը։ Այսինքն, եթե ՄԻԵԴ ճանաչեց դիմողների հարազատների կյանքի իրավունքի խախտումները, դրանով ոչ թե վերջակետ է դրվելու այս գործին, այլ, փաստացի, գործի իրական քննությունը նոր է սկսելու: Մինչ այժմ Հայաստանի ՀՔԾ-ն գործի նյութերի մեծ մասը թաքցրել է զոհերի հարազատներից՝ օգտագործելով «նախաքննության գաղտնիք»-ը։

Ընդ որում՝ պետությունը ապացույցները թաքցրել է ոչ միայն սպանվածների հարազատներից, այլև Եվրոպական դատարան չի ներկայացրել դրանք, ինչը Դատարանի առջև ունեցած պետության պարտականությունների խախտում է։ Այդ չհրապարակվող ապացույցներից Գրիգորյանը հատկապես առանձնացրել է մարտիմեկյան դեպքերի տեսագրությունները։ Դրանց որոշ մասերը՝ հիմնականում հատվածներ բողոքի ցույցի մասնակիցների ելույթներից ընտրողաբար հրապարակվել են հիմնականում ընդդիմությանը վարկաբեկելու նպատակով ընտրված եւ ընդհանուրից կտրված հատվածներով, սակայն ամբողջական տեսագրությունը՝ ոչ։ Գրիգորյանը դիմել էր ԱԱԾ դեռեւս և ստացել պատասխան, թե բոլոր օպերատիվ նկարահանումները և տեսագրությունները ուղարկվել են ՀՔԾ, ՀՔԾ֊ն էլ պատասխանել էր, որ դա նախաքննության գաղտնիք է։ «Սա արձանագրենք։ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը փաստել են, որ այդ տեսագրությունները կան։ ԱԱԾ-ն չի հերքել դրանց առկայությունը, իսկ ՀՔԾ-ն դրանք չի տրամադրել միայն նախաքննության գաղտնիք վկայակոչելով: Եթե մի օր պարզվի, որ չկան, ակնհայտ է լինելու, որ այդ ապացույցները ոչնչացվել են ուղիղ դիտավորությամբ», – ասել է Վահե Գրիգորյանը։

Միջազգային փորձաքննություները վկայում են, որ որոշ դեպքերում սպանությունները եղել են դիտավորություն՝ ուղիղ նշանառությամբ կենսական կարևոր հատվածներին նշանառու կրակոցներից։ Միջազգային փորձագետների կողմից տրված եզրակացություններով հերքվել են իշխանության կողմից հրամցվող այն բացատրությունը, թե մահացու վնասվածքները եղել են ռիկոշետների վարկածը։ «Չերյոմուխայից» սպանված 3 հոգու մասով բացառվել է ռիկոշետի հավանականությունը 2-ի դեպքում, 1-ի դեպքում՝ քիչ հավանական համարվել։ Գրիգորյանը հիշեցրել է, որ բացի 3 սպանվածներից, 3 հոգի նույնպես վիրավորվել է նույն կարաբիններից արձակված կրակոցներից, մինչդեռ, այդ հատուկ միջոցի օգտագործման մասին խոսելիս, իշխանույունները հաշվենկատորեն շրջանցում են այս փաստը։

«Մարտիմեկյան դեպքերի ժամանակ ոստիկանության աշխատակիցներին կիրառման համար տրամադրված է եղել, ըստ կառավարության պնդման, մոտ 1900փամփուշտ, որից 1405 մարտական փամփուշտն օգտագործվել է: Իրենց պնդմամբ` 24 ոստիկան ունեցել է մարտական ինքնաձիգ։ Եթե նպատակը ցուցարարներին ցրելն էր, ապա ինչու է դրա համար օգտագործվել մահաբեր զենք։ Իրենք իսկ հրապարակել են ենթասպաների, սպաների եւ ենթասպաների անունները, որոնք հրազեն են կիրառել։ Ամենանենգ բանն է այդ մարդկանց վրա մեղքը բարդելն է, իբր նրանք մարդկանց ուղիղ նշանառությամբ սպանել են առանց հրամանի և իրենց որոշմամբ», – ասել է Գրիգորյանը։

Փաստաբանն առանձնացրել է զինվորական Տիգրան Աբգարյանի սպանությունը։ Վերջինս եղել է ժամկետային զինծառայող, և նրան հասարակական կարգի պաշտպանություն իրականացնելու բերելն անօրինական էր։ Եթե ցուցարարները վտանգավոր են եղել, ինչպես պնդում է ՀՀ Կառավարությունը, հարյուրավոր անզեն զինվորներին բերելն այդտեղ առավել ևս ապօրինի էր։ Անզեն եւ առանց բավարար բալիստիկ պաշտպանության զինվորներին, կառավարության պնդմամբ, զինված ցուցարարներին ցրելու նպատակով այս գործողություններին մասնակից դարձնելը ամենաուղիղ ապացույցն է այն բանի, որ իրավապահները և իշխանությունը հստակորեն տեղյակ են եղել, որ ցուցարարները զինված չեն եղել: Տիգրան Աբգարյանը սպանվել է՝ վնասվացք ստանալով վզի հատվածում՝ առանց այդ հատվածում բալիստիկ պաշտպանության»։

«Մամուլը օգտագործում է միջազգային կազմակերպությունների տերմինալոգիան՝ գրելով, որ գործը չի բացահայտվում, քանի որ չկա քաղաքական կամք։ Պետք է հրաժարվել այսպիսի կրավորական և ոչինչ չասող ձևակերպումից: Իրականում մարտիմեկյան ոճրագործությունը չբացահայտելու պատճառը ոչ թե բավարար քաղաքական կամքի բացակայությունն է, այլ այդ հանցագործությունը չբացահայտելուն ուղղված գործուն կամքը այդ ոճրագործությունը չբացահայտելու համար: Վաղուց անհրաժեշտ է, որ մամուլն այս կապակցությամբ ավելի հստակ արտահայտվի», – ասել է փաստաբանը։