Home / Մեդիա / Ում տեղն է իրեն դրել լրագրողների պատիժը պահանջող չինովնիկը

Ում տեղն է իրեն դրել լրագրողների պատիժը պահանջող չինովնիկը

Երևանի քաղաքապետարանը դիմել է «Ա1+» հեռուստաընկերության կայքի և «Ազատություն» ռադիոկայանի ղեկավարություններին՝ խնդրելով իրենց տեղեկացնել՝ ինչ «միջոցներ են» ձեռնարկվել այն լրագրողների նկատմամբ, ովքեր քաղաքապետարանում նկարահանումներ էին անցկացրել «օրենքի խախտմամբ»։

Փետրվարի 19-ին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը քաղաքապետարանից ոստիկանների օգնությամբ հեռացրել է «Ազատություն» ռադիոկայանի և «Ա1+» հեռուստաընկերության թղթակիցներ Ռուզաննա Ստեփանյանին և Սուսաննա Պողոսյանին, ովքեր արձանագրել էին, որ քաղաքապետարանի սենյակներից մեկում խաղաթղթեր են խաղում։

Նույն Արթուր Գևորգյանը ԶԼՄ-ների ղեկավարություններին ուղարկած նամակում լրագրողների դեմ «միջոցներ» կիրառելու առաջարկը հիմնավորել է հետևյալ կերպ․ նկարահանումը կատարվել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի խախտմամբ, համաձայն որի «արգելվում է տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության տարածումը, եթե դա ստացվել է առանց տեսաձայնագրման կատարման մասին անձին զգուշացնելու, և այդ անձն ակնկալել է, որ գտնվում է տեսաձայնագրումը կատարողի տեսադաշտից դուրս, լսելի չէ նրա համար և դրա համար ձեռնարկել է բավարար միջոցներ»։

Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը Media.am-ում գրում է, որ քաղաքապատարանի գործելաոճը ԶԼՄ֊ների նկատմամբ իրեն խորհրդային ժամանակաշրջանն է հիշեցնում։

«Ընդհանրապես, վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Երևանի քաղաքապետարանում ժամանակը կանգ է առել. այստեղ սովետական լավագույն չինովնիկական ավանդույթներն են շարունակվում: Դե, իսկ այդ վարչության պետի օրացույցին 2018-ի փոխարեն երևի 1984 թվականն է, իրեն էլ թվում է՝ ինքը ոչ թե քաղաքապետարանի աշխատակից է, այլ Հայաստանի կոմունիստական կուսակցության (ՀԿԿ) Երևանի քաղկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի մամուլի սեկտորի վարիչ, իսկ «Ա1+»-ն ու «Ազատությունն» էլ ՀԿԿ Երևանի քաղկոմի օրգան են, և ինքը կարող է նրանց դիմել, որ տեղեկացնեն «ձեռնարկված միջոցների» մասին: Իհարկե, այդ նամակը ծաղրից ու դրա վրա մի կուշտ ծիծաղելուց բացի, այլ արձագանքի արժանի չէ: Բայց քանի որ դույն պարոնի պահվածքը, մեղմ ասած, առողջ տրամաբանության շրջանակներից դուրս է, ստիպված եմ մի երկու լուրջ բան ասել:

Առաջին. պարո՛ն, հիշե՛ք (կամ նայեք օրացույցին և, թեպետ դժվար կլինի, բայց ջանքեր գործադրեք հիշելու)՝ հիմա 2018 թվականն է, լրատվամիջոցները վաղուց պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններից անկախ են և դրանց կամ որևէ կուսակցության օրգան չեն: Երկրորդ. պարո՛ն, դուք իրավունք ունեք ընդամենը կասկածել, ենթադրել, առավելագույնը՝ կարծել, որ լրագրողների գործողություններում կարող է օրենքի խախտում լինել: Սակայն իրավունք չունեք իմպերատիվ պնդելու, որ խախտում կա: Օրենքի խախտում լինել-չլինելը կարող է որոշել միայն դատարանը՝ օրինական ուժի մեջ մտած վճռով: Երրորդ. եթե անգամ դատարանը վճռի, որ օրենքի խախտում կա (համոզված եմ՝ նման անհեթեթ վճիռ նույնիսկ Հայաստանի կիսաանկախ դատարանը չի կայացնի), ապա խախտումը վերացնելունն ուղղված գործողությունների կատարման հսկողությունն այլ մարմիններ են իրականացնում, և բնավ քաղաքապետարանի չինովնիկի գործառույթներից չէ՝ պահանջել տեղեկացնել «ձեռնարկված միջոցների» մասին»: