Home / Բանակ / «Ազգ-բանակի» մասին նյութերը այդքան էլ հետաքրքիր չեն․ հետազոտություն

«Ազգ-բանակի» մասին նյութերը այդքան էլ հետաքրքիր չեն․ հետազոտություն

2017 թվականի հոկտեմբերի 10-ից մինչև 2018-ի հունվարի 10-ը հայաստանյան լրատվամիջոցներում րապարակված և եթեր հեռարձակված բանակի թեմայով նյութերը աննախադեպ շատ են եղել։ Դրանց թիվը համեմատելի է միայն 2016-ի ապրիլյան քառօրյանին հաջորդած երեք շաբաթների հետ։ Այս մասին ասել է «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ մարտի 6-ին ներկայացնելով մեդիա֊մոնիտորինգի արդյունքները։ Բանակի վերաբերյալ հրապարակումներում գերակշռել են «Ազգ-բանակ» հայեցակարգի մասին նյութերը․ օնլայն հարթակներում դրանք կազմել են բանակի մասին նյութերի 62%-ը, հեռուստատեսաեթերում՝ 65%-ը։

Հեռուստատեսությունում առհասարակ ավելի շատ են անդրադառնում բանակի թեմային, քան օնլայն մեդիա հարթակներում։

Հանրային, «Արմենիա», «Շանթ» հեռուստաընկերությունների եթերում «ազգ-բանակի» վերաբերյալ ավելի շատ դրական, քան բացասական նյութեր են եղել, «Կենտրոն» և «Երկիր» մեդիայում՝ հավասար՝ և՛ դրական, և՛ բացասական կարծիքներ։

«Մենք հայտնաբերեցինք, որ բանակի մասին նյութերը մեծ արձագանքներով և ընթերցվածության ցուցանիշներով չեն դրսևորվել։ Նույնիսկ տարկետման թեմայով ակտիվ գործընթացների ժամանակ, երբ բավական լայն էր քննարկումը՝ ուսանողների դասադուլներ, ցույցեր, բողոքներ, հանդիպումներ վարչապետի հետ, այս թեմայով նյութերի նկատմամբ առանձնակի հետարքրություն լսարանը չի դրսևորել», – ասել է Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ ակադեմիական տարկետման վերացման թեման սասանել է բանակի մասին խոսելու տաբուները։ «Օրինակ, բանակում կոռուպցիոն սողանցքների, առողջապահության բնագավառում կոռուպցիոն սողանցնքների, տարկետման իրավունքի սահմանափակման արդյունքում առողջապահության ոլորտում նոր սողանցքների մասին խոսելը տաբուների սասանում է։ Շատ հետաքրքիր էր (բանակում ծառայությունից) խուսափման թեման, որը մի մեծ ինֆորմացիոն գործընթաց էր։ Մեդիան սկսեց անդրադառնալ պետական պաշտոնյաների երեխաների բանակում ծառայել֊չծառայելու թեմաներին», – ասել է Բաղդասարյանը։

«Ռեգիոն» հետազոտական կենտրոնը հետազոտել է հայաստանյան 5 օնլայն ԶԼՄ-ների (1in.am, News.am, Aravot.am, 168.am, Tert.am) և 5 հեռուստաընկերությունների (Հանրային, Արմենիա, Կենտրոն, Երկիր մեդիա, Շանթ) նյութերը։