Home / Առողջապահություն / Նոր օրենքի պատճառով քաղաքացին չի կարողանում դեղ գնել․ Նախարարությունը խոստանում է պատասխանել

Նոր օրենքի պատճառով քաղաքացին չի կարողանում դեղ գնել․ Նախարարությունը խոստանում է պատասխանել

Դեղամիջոցներ ձեռք բերելու մասին նոր օրենքից տուժած Սեդա Բադալյանը ահազանգում է, որ այժմ զրկվել է իրեն անհրաժեշտ դեղամիջոցները ձեռք բերելու հնարավորությունից։ Իր բժշկի գրած դեղատոմսով Բադալյանին դեղատներում դեղ չեն վաճառել և նա ստիպված է եղել հիվանդանոց գնալ, որն էլ հարցի լուծում չի տվել։

«Ասացին, որ ըստ նոր օրենքի հետազոտության էպիկրիզը հաջորդ օրը պետք է տանել տեղամասային պոլիկլինիկա, որովհետև միայն իրենք են ստանում համապատասխան բլանկ-թերթիկները՝ էպիկրիզի մեջ գրված-նշանակված դեղերը գրեն այդ թերթիկի վրա, կնիքեն, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դեղատնից գնել դեղերը: Այսօր գնացել եմ հիվանդանոց, վերցրել էպիկրիզը տարել պոլիկլինիկա, որտեղ ինձ մեկ տասնյակ դուռ ծեծել տվեցին, մոտ 4 ժամ հերթ եմ կանգնել միայն ու պարզվեց ոչ ոք իրավասու չի թերթիկը տալու, վերջը հասցրեցին տնօրենի (Թերեզա Գրիգորյան) մոտ, ով էլ ինձ այս պատասխանը տվեց. «Աղջիկ ջան, կարող ա գիտես՝ մեր բժիշկները քո համար գրագիր են, արի մեր բժիշկների մոտ հետազոտվի, բժիշկն էլ դեղատոմսը կգրի, կգնաս, կառնես»: Էպիկրիզը ձեռքիս, ցավից ու նեռվայնությունից լացելով նորից գնացել եմ հիվանդանոց՝ ասացին՝ գնա բողոքի, զանգի թեժ գիծ, մենք էլ ոչինչ չենք կարող անել»,֊ ֆեսբյուքյան իր էջում գրել է Սեդա Բադալյանը։

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն Epress.am-ի հետ զրույցում ասել է, որ տեղյակ է Բադալյանի գրառման մասին։

«Ժամանակ չի եղել հարցը ուսումնասիրել։ Տվել եմ մեր մասնագետներին։ Նրանք կպատասխանեն»,֊ ասել է նա։

Կառավարության այսօրվա նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ խնդրո առարկա «Դեղերի մասին» օրենքի փոփոխություններին Առողջապահության նախարարությունը նոր փոփոխություններ է առաջարկել։ Առաջարկվում է դեղեր ներմուծելու իրավունք տալ, ի թիվս գործող սուբյեկտների, բժշկական հաստատությունների դեղատներին ևս։

Մինչ այժմ կատարված փոփոխություններով՝ հակաբիոտիկների, հսկվող և հորմոն պարունակող դեղերի վաճառքը մարտի 1-ից միայն դեղատոմոսով է թույլատրվում։