Home / Դատարան / Կինը պնդում է՝ որդին սպանվել է ոստիկանների և բժիշկների մասնակցությամբ

Կինը պնդում է՝ որդին սպանվել է ոստիկանների և բժիշկների մասնակցությամբ

2014 թվականի հոկտեմբերի 29-ին Գյումրիում իր տանը սպանված 25֊ամյա Արտյոմ Ադանալյանի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը, շարունակում է հանդիպում պահանջել գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Վերջինս շարունակում է նրան ուղարկել իր տեղակալների մոտ։

Այսօր Ռուզաննա Ադանալյանին սատարելու համար դատախազության մոտ էին հավաքվել նաև իրավապաշտապաններ՝ պահանջելով արդար քննություն և կնոջ հանդեպ բռնությունների դադարեցում։

Ադանալյանը համոզված է` որդու սպանությունը պատվիրված էր իր հետ վարչական վեճ ունեցող չինովնիկ, վաշխառու Լուսինե Գինոսյանի կողմից և իրականացվել է խմբի կողմից։ Ըստ կնոջ՝ խմբակային սպանության մասնակիցներից է Հովհաննես Թոփչյանը, որը ոստիկանության կողմից ներդրված անձ էր, փախել է երկրից, իսկ նախաքննության մարմինն անգամ նրան մեղադրանք չի առաջադրել։ Կինն այսօր լրատվամիջոցներին հայտնել է նաև, որ կանչված շտապօգնության աշխաակիցները ևս հանցակից են, քանի որ նրանք թույն են ներարկել վիրավոր որդուն և մի ժամ սպասել են՝ դիտավորությամբ նրան չտեղափոխելով հիվանդանոց։

«Այս հանցագործությունը կատարվել է համաձայնությամբ՝ ոստիկանների, բժիշկների, քննիչների, այժմ էլ կոծկվում է դատարանում։ Բոլորի վերաբերյալ տվել եմ հաղորդումներ, ոչ մեկը ուշադության չի արժանացել։ Սաֆարովյան հանցագործություն է կատարվել քաղաքական որևէ հայացքներ չհետապնդող տղայիս հանդեպ։ Կոնկրետ Դավթյանը շատ լավ տեղյակ է այս վաշխառու կնոջ գործողություններից, Շիրակի Հոռոմ գյուղի բնակիչների բողոքները նրա դեմ ևս կոծկվել են։ Ես չէի պատկերացնում, որ այդքան նյութական վնասներից հետո կգնան նրան, որ սպանեն որդուս»,֊ ասել է Ադանալյանը։

Ըստ կնոջ՝ որդու սպանությունը կազմակերպվել է Լուսինե Գինոսյանին Վերաքննիչ դատարանում հաղթելուց և «Կենտրոն» հեռուստաընկերությամբ վաշխառության մասին հաղորդման ժամանակ ելույթ ունենալուց հետո։ Այդ դեպքերից մեկ ամիս անց է Արտյոմը սպանվել։

Ադանալյանը պնդում է, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրեն սպառնում են «լեզուն կտրել»։ Անցյալ տարվա սեպտեմբերին նրան փորձել են վրաերթի ենթարկել։

«Ես մտահոգված եմ իմ կյանքի համար։ Ես չեմ վախենում, ուղղակի չեմ ուզում, որ, ինձ սպանելով, փակեն որդուս գործը։ Դա պետք է բացահայտվի», ֊ ասել է նա։