Գլխավոր / Առողջապահություն / Երիտասարդը հոսանքահարվել է աշխատանքի ժամին․ դատարան դիմելն անիմաստ են համարում

Երիտասարդը հոսանքահարվել է աշխատանքի ժամին․ դատարան դիմելն անիմաստ են համարում

Էջմիածնի 22-ամյա բնակիչ Մուրադ Ղազարյանն անցած տարվա հունիսին աշխատանքի ժամին՝ ջերմոցում աշխատելիս, հոսանքահարվել է և այժմ ծայրահեղ ծանր վիճակում է, գամված է անկողնուն։ Ընտանիքը վախենում է բարձրաձայնել գործատուի անունը և դատարան դիմել, քանի որ նրա մոտ ազգականը բարձրաստիճան պաշտոնյա է։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Ղազարյանի մայրը՝ Անուշ Սուքիասյանը։ Նա ընդգծել է, որ  եթե անգամ դիմեն դատարան, արդարության հասնելու հույս չունեն։

Գայանե եկեղեցու դպիր Մուրադ Ղազարյանն աշխատել է քաղաքի ջերմոցներից մեկում՝ որպես բանվոր։ 2017 թվականի հունիսի 30-ին՝ գործի ժամանակ, մոր պնդմամբ, որդուն ասել են՝ բարձրանա տանիք և ամրացնի քամուց պոկված մետաղյա թիթեղը։

«Բայց որդուս չեն զգուշացնում, որ տանիքի վրայով անցնում է 10 000 վոլտի հոսանքալարը: Աշխատանքը կատարելուց և հետ վերադառնալուց ընկնում է բարձրավոլտի էլեկտրոմագնիսական դաշտի տակ: Բարձրավոլտ հոսանքը գլխին է հարվածել, ամբողջ մարմնով անցնելուց հետո դուրս է գալիս ոտնաթաթերից պատռելով դրանք: Այնուհետև 4 մետր բարձրությունից շպրտում է ներքև», — պատմել է կինը։

Ղազարյանին 3 անգամ վիրահատել են։ Վիրահատություններից հետո նրա մոտ հաճախակի սուր արտահայտված գլխացավեր և սուր նոպաներ են լինում:

«Ոնց որ դույլերով ջուր կթափվի, պատկերացրեք այդպես ոտքերից արյուն է գալիս․․․ Հետո գլխի մեջ վիրահատեցին, մաքրեցին, ոսկորները ծակեցի, հետո ոտքի կաշին հանեցին ու գլուխը փակեցին։ Մինչև հիմա մարմնի մեջ է հոսանքը կա», -պատմում է մայրը։

Գործարարը սկզբում կնոջը հավատացրել է, որ ամեն ինչ կանեն և տեր կկանգնեն որդուն։ Մի քանի ամիս 80 հազար գումար են տվել, սակայն արդեն 2 ամիս է դա էլ չեն տալիս․ «Զանգում ենք, անհասանելի են»։

«Ինձ այն ժամանակ համոզեցին, որ լավ է լինելու՝ «մենք ոչ մի բան չենք թողնի, կլավանա, էլի կգա մեզ մոտ կաշխատի»», — պատմել է մայրը։

Քանի որ դեպքի ժամանակ տղան նաև դպիր է եղել, կինը դիմել է Կաթողիկոսին։ Նրա խոսքով՝ իրեն միանվագ 70 հազար դրամ են տվել։

Տղան ունի 2-րդ կարգի հաշմանդամություն․ «Չնայած իրեն հասնում էր առաջին կարգ, բայց 2-րդ տվեցին»։

Հետագա բուժման համար երիտասարդին ցանկանում են Եվրոպա տանել։ Սոցիալապես անպահով ընտանիքն այժմ գումար է հավաքում։