Գլխավոր / Բնապահպանություն / Նոյեմբերյանում հանդիպումից հետո «Պոլիմետալ»֊ը հրաժարվել է հանրային քննարկում կազմակերպելուց

Նոյեմբերյանում հանդիպումից հետո «Պոլիմետալ»֊ը հրաժարվել է հանրային քննարկում կազմակերպելուց

Մինչ նոյեմբերյանցիները որոշում էին բոյկոտել հանքաարդյունաբերական նոր ծրագրի՝ մարտի 20-ին կայանալիք հանրային քննարկումը, ծրագրի հեղինակ «Պոլիմետալ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները երեկ Նոյմեբերյանում ոչ պաշոնական հանդիպում կազմակերպել։ Այսօր արդեն կազմակերպությունը հայտարարել է, որ հրաժարվում է հանրային քննարկում անցկացնելու մտքից։

Նոյեմբերյանի բնակիչ Հայկ Անանյանը, ով այլ գործով համայնքապետարանում է եղել, հետևել է միջոցառմանը, լսել հանքաարդյուաբերողներին։ Նա ֆեյսբուքյան «ՈՉ Հանքարդյունաբերությանը Նոյեմբերյան համայնքում» խմբում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերյանցիներն ասել են , որ թույլ չեն տա որևէ որոնողական աշխատանքներ իրենց համայնքի մոտ։

«Նրանք տեղեկացվեցին, որ Նոյեմբերյանի հանրությունը միանշանակ դեմ է հանքարդյունաբերության հետ կապված բոլոր տեսակի քննարկումներին։ Սրան ի պատասխան նշվեց, որ «Պոլիմետալ» ընկերությունը «շատ հզոր կազմակերպություն է» և օրենքի սահմաններում գնալու է մինչև վերջ։ Տեղեկացրինք, որ նրանց նշած տարածքները համընկնում են համայնքը ջուր մատակարարող ջրհավաք ավազանի հետ։ Նշեցինք հանքարդյունաբերական տարածքներում քաղցկեղով հիվանդների թվի կրկնակի աճի մասին։ Եվ վերջապես հիշեցրինք մեր սահմանամերձ լինելու մասին։ Ասացինք, որ մեր սարերը մեզ համար ոչ միայն հոգևոր արժեք են ներկայացնում, այլև ապաստարան են ռմբակոծություններից պատսպարվելու համար։ Բոլոր փաստարկներին տալիս էին լղոզված, ընդհանրական պատասխաններ։ Քանի որ ընկերության ներկայացուցիչներից մեկը նախկինում աշխատել է «Վալլեքս» ընկերությունում որպես խոսնակ, հարցեր ուղղվեցին Թեղուտի հանքի շահագործումից առաջ տեղի ունեցած հանրային քննարկումների, դրանց արդյունքների և հանրության բողոքի, «Վալլեքսի» կողմից խոստացված մոտ 700 հեկտար անտառ տնկելու, սակայն խոստումը չպահելու և անգամ մեկ ծառ չտնկելու մասին, ինչին ի պատասխան նշեց, որ այլևս «Վալլեքսի» աշխատակից չէ և իրավասու չէ պատասխանել այս հարցերին։ Մենք միանշանակ հայտարարեցինք, որ Նոյմեբերյանում ամեն կերպ թույլ չենք տալու ոչ մի հանրային լսում և այլևս ոչ մի հանքարդյունաբերության հետ կապ ունեցող ձեռնարկության հետ երկխոսության մեջ չենք մտնելու»,֊ գրել է Հայկ Անանյանը։

Hetq.am֊ն այսօր տեղեկացրել է, որ «Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը հայտարարել է, թե «առաջնահերթ կարևորելով իր գործունեության դրական հանրային ընկալումը»՝ դադարեցնում է հանրային քննարկման կազմակերպման ուղղությամբ աշխատանքները: