Գլխավոր / Բնապահպանություն / Երկու ընկերություն ցանկանում են Սյունիքում ոսկի որոնել․ Hetq.am

Երկու ընկերություն ցանկանում են Սյունիքում ոսկի որոնել․ Hetq.am

Կապան խոշորացված համայնքի Ծավ գյուղի տարածքում առաջիկա 2-3 տարիներին «Նիգ Մայնինգ» և «Չուդո մետալ» ՍՊԸ-ները ցանկանում են ոսկի որոնել։ Այս մասին գրում է Hetq.am կայքը։

«Նիգ Մայնինգ» ընկերությունը նախատեսում է 2018-2020 թվականներին երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնել Մեղրու Շվանիձոր գյուղից 7 կմ դեպի հյուսիս և Լիճք գյուղից 20 կմ դեպի արևելք:

«Սակայն «Նիգ Մայնինգի» հետաքրքրության տիրույթն ընդգրկում է նաև Ծավ գյուղի տարածքը (ըստ Ծավի վարչական ներկայացուցիչ Սեյրան Զաքարյանի՝ հանքերևակումների 70 տոկոսը Մեղրու, մոտ 30 տոկոսը՝ Ծավի տարածքում են)», -գրում է կայքը:

Փետրվարին Ծավում անցկացված հանրային քննարկման ժամանակ ընկերության գլխավոր երկրաբան, ծրագրի հեղինակ Ալեքսան Բաղդասարյանը հայտնել էր, որ ոսկու հեռանկարային հանքայնացումներ հայտնաբերելու, դրանց հնարավոր արդյունաբերական նշանակության պարզաբանման և գնահատման համար 50-100 մետր խորությամբ հորատանցքեր են փորվելու:

Երկրորդ ընկերությունը՝«Չուդո մետալը» ծրագրում է 2018-2021 թթ. Ծավի Արջիձորի տեղանքում ոսկի և բազմամետաղային հանածոներ որոնել: Ընկերության բնապահպանական մասնագետ Վռամ Թևոսյանը քննարկման ժամանակ հայտնել է, որ երկրաբանահետախուզական աշխատանքների համար նախատեսվում է փորել 5 մ խորությամբ 25 հոր և 50-100 մ խորությամբ 4 հորատանցք:

Կայքի փոխանցմամբ՝ երկու շաբաթ առաջ ընկերությունը Կապանի համայնքապետարանում առաջին հանրային քննարկումն է անցկացրել: Ընդ որում՝ փետրվարին ընկերության կազմակերպած քննարկումը չեղարկվել էր. պատճառն, ըստ համայնքապետարանի, ծրագիրը ոչ պատճաշ ներկայացնել էր:

«Չուդո մետալի» ծրագրի երկրորդ հանրային լսումը տեղի կունենա բնապահպանության նախարարության փորձագիտական եզրակացությունից հետո:

«Չուդո մետալ» ՍՊԸ-ն, Hetq.am-ի փոխանցմամբ, հիմնադրվել է 2016 թ. մարտի 11-ին: Միակ հիմնադիրն ու տնօրենն Արա Ավետիքի Դավթյանն է, որը հաշվառված է Արարատի մարզի Նոր Ուղի գյուղում: Ընկերությունը էլ գրանցված է Դավթյանի հասցեում: Ըստ ՊԵԿ-ի հարկ վճարողների համակարգի՝ «Չուդո մետալ» ընկերության գործունեությունը ժամանակավոր դադարեցված է։

«Բայց դա, փաստորեն, չի խանգարել վերջինիս ոսկի այլ մետաղներ փնտրելու ծրագիր մշակել, համապատասխան փաստաթղթեր կազմել ու հանրային քննարկում հրավիրել»:

Ծավի վարչական ներկայացուցիչ, նախկին գյուղապետ Սեյրան Զաքարյանը կայքի հետ զրույցում պատմել է, որ 2017-ի ամռան-աշնան ամիսներին «Հրաշք մետաղ» ՍՊԸ-ն երկրաբանական աշխատանքներ է իրականացրել Ծավի վարչական տարածքում: Սակայն, Զաքարյանի տեղեկություններով՝ աշխատանքների արդյունքներն այդքան գոհացուցիչ չեն եղել։

«Հրաշք մետաղը» ընկերությունը հիմնադրվել է նույն Արա Դավթյանի կողմից 2015-ի փետրվարին, սակայն «Չուդո մետալի» պես դրա գործունեությունն էլ ժամանակավոր դադարեցված է: