Home / Դատարան / «Խոշտանգումներով կորզված վճիռ». ՄԻԵԴ-ը հաղորդակցել է 5.5 տարի բանտում անցկացրած հայաստանցու գործը

«Խոշտանգումներով կորզված վճիռ». ՄԻԵԴ-ը հաղորդակցել է 5.5 տարի բանտում անցկացրած հայաստանցու գործը

Գումար հափշտակելու գործով  դատապարտված HSBC բանկի նախկին  աշխատակից Աշոտ Առուշանյանի գործով երկու բողոք է ուղարկվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որոնցից մեկն արդեն հաղորդակցվել է։

Առուշանյանը ներպետական ատյանների կողմից դատապարտվել էր 5.5 տարվա ազատազրկման, սակայն նա չէր ընդունում, որ կապ է ունեցել 2011թ. նոյեմբերի 21-ին «Մանանա գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 միլիոն դրամ գումարի հափշտակելու հետ։ Նա պնդում է, որ իր դեմ միակ ցուցմունքը մեղադրյալ Արտաշես Գալուստյանի կողմից  է եղել, ումից այն խոշտանգումով են կորզել, և օրեր անց նա ինքնասպան էր եղել իր տանը։ Գալուստյանի խոշտանգման մասին վկայել է նախկին քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանը, ում խուց են բերել Գալուստյանին։ Նա Առաքելյանին ասել է, թե ոստիկաններն «արհեստական առնանդամը» ձեռքներին իրեն սպառնացել են, որ դրանով «կծեծեն, կնկարահանեն և կուղարկեն բերդ», եթե ցուցմունք չտա Առուշանյանի դեմ։  Առուշանյանի փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը միջնորդել էր այդ խախտումներով ձեռք բերված ցուցմունքը չօգտագործել, սակայն դատարանը դա համարել է «արժանահավատ վարկած»  և պահել գործի նյութերում։

Գալուստյանի մահից հետո քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով, սակայն  որոշ ժամանակ անց կասեցվել է.

Առուշանյանը դիմել է Վերաքննիչ, ապա Վճռաբեկ դատարաններ։ Նրա ծնողները  մի քանի անգամ նստացույց են անցկացրել նախագահական նստավայրի մոտ, սակայն վճիռը մնացել է անփոփոխ։ Աշոտ Առուշանյանը  կրել է 5.5 տարվա ազատազրկումը։   ՄԻԵԴ դիմելով՝ նա պնդում է, որ իր նկակտմամբ խախտվել է արդար դատավարության իրավունքը։  Եթե ՄԻԵԴ-ը ճանաչի խախտումը, ապա քրեական գործը Հայաստանում պետք է վերաաբցվի։

Երկրորդ դիմումով  Առուշանյանը վիճարկում է, որ  դատաքննության ընթացքում ապօրինի է  կալանքի  տակ պահվել։

«Ամենակարևորն այս գործով այն է, որ  բարձրացվում է հետևյալ հարցը․ այն գործերը, որոնք  մտնում են դատարան,  դատարանը  անփոփոխ է թողնում նախաքննության մարմնի  որոշումը՝ խափանման միջոցի մասին։ Անձը մնում է նախաքննության մարմնի որոշած կալանքի տակ՝ անորոշ ժամանակով։ Խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունները դատարանը չի քննակրում, Վերաքննիչ դատարանը չի ընդունում բողոքարկումները», – ասել է Լիպարիտ Սիմոնյանը։