Գլխավոր / Դատարան / Վարկատուներն առաջին պարտությունը կրեցին Խաչիկ գյուղի վարկերի աղմկահարույց գործում

Վարկատուներն առաջին պարտությունը կրեցին Խաչիկ գյուղի վարկերի աղմկահարույց գործում

«Արեգակ» վարկային կազմակերպությունը կեղծ վարկային պայմանագրեր է կքնել Խաչիկ գյուղի բնակիչների հետ։ Այդ մասին է փաստել այսօր Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սամվել Մատինյանի կայացրած վճիռը։

Մատինյանը բավարարել է Խաչիկ գյուղի բնակիչների հայցերից երեքը՝ վճռելով անվավեր ճանաչել «Արեգակ» վարկային կազմակերպության և Խաչիկի բնակիչներից մի քանիսի միջև կնքած պայմանագրերը։

Խոսքն այս պահի դրությամբ երեք հայցով ներկայացված 6 միլիոն դրամի պայմանագրերի մասին է, մինչդեռ Խաչիկ գյուղի բնակիչների ընդհանուր պարտքը վարկային կազմակերպություններին հասնում է 100 միլիոն դրամի։

Խաչիկի դեպքի մասին մանրամասն՝ այստեղ:

Իրականում խաչիկցիները վարկով նման գումար չեն վերցրել․ այդ գումարն իրենց անվան տակ վերցրել են գյուղի խանութի սեփականատերերը՝ ամուսիններ Ալվարդ Իսկանդարյանն ու Արսեն Մնացականյանը։ Գյուղացիների խոսքով՝ «Արեգակ» և «Ֆինքա» վարկային կազմակերպությունների մասնագետներն իմացել են, որ վարկը նպատակային չի օգտագործվելու և գյուղացիներն այն վերցնում են խանութպանների համար, սակայն տվել են այդ վարկը։ Հետագայում, երբ ամուսինները դադարել են փակել իրենց համար վերցրած վարկերը, իրենց համագյուղացիներից շատերի գույքի վրա կալանք են դրել։ Պատմության մեջ ներգրավված է գրեթե ամբողջ գյուղը՝ մի մասը որպես վարկառու, մյուս մասը որպես երաշխավոր։ Դատարանն այսօրվա նիստին նաև վերանոշյալ պայմանագրերը կնքված է ճանաչել «Արեգակի»՝ մի կողմից, և Ալվարդ Իսկանդարյանի ու Արսեն Մնացականյանի միջև՝ մյուս կողմից։

Այսօր խաչիկցիները ականատես են եղել երկու տարի ձգվող դատական գործընթացի առաջին պտուղներին․ սա գործով կայացրած առաջին վճիռն է։ Դատարանի շենքի մոտ հավաքված խաչիկցիները Epress.am֊ի թղթակցի հետ զրույցում իրենց գոհունակությունն են հայտնել վճռի կապակցությամբ։ Նրանք նշել են՝ արդարությունը վերականգնվել է և վերջապես վարկերը կձևակերպվեն այն մարդկանց անունով, որոնք դե ֆակտո տնօրինել են գումարները։ Խաչիկցիներն այժմ սպասում են մյուս հայցերով վճիռներին՝ վստահ լինելով, որ դատարանը նմանատիպ որոշում կկայացնի մյուսների դեպքում ևս։