Home / Դատարան / Բուդաղյանների գործով փաստաբանին և իրավահաջորդին կրկին զրկել են դատավարական կարգավիճակից

Բուդաղյանների գործով փաստաբանին և իրավահաջորդին կրկին զրկել են դատավարական կարգավիճակից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ 2013 թվականի հունիսի 1֊ին կատարված սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործում Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդ Էմիլ Բուդաղյանն ու փաստաբան Հայկ Ալումյանն այլևս չունեն դատավարական կարգավիճակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է  Բուդաղյանների ընտանիքի փաստաբան Հայկ Ալումյանը։

«Փետրվարի 13֊ին ստացանք քննիչի կողմից կայացրած որոշում, որով նորից նույն գնահատականներն են տրվել Ավետիք Բուդաղյանի գործողություններին։ Քննիչը նորից համարել է, որ Ավետիք Բուդաղյանը նախահարձակ է եղել։ Նա նորից ճանաչվել է սպանության փորձ կատարող, ընդ որում՝ քննիչն Ավետիք Բուդաղյանին վերագրել է նաև ծանր վնասվածքներ հասցնող, որն Ավետիք Բուդաղյանն իբր հասցրել է Սուրիկ Խաչատրյանի մտերիմներից մեկին»,֊ ասել է Ալումյանը։

Վերաքննիչ դատարանը մեկ անգամ արդեն բավարարել էր Ալումյանի բողոքներից մեկը, մասնավորապես, քննիչի այն որոշումը, որով Ավետիք Բուդաղյանը համարվել էր նախահարձակ կատարած անձ։ Դատարանի կողմից այդ որոշումը ճանաչվել էր անօրինական և հետագայում վերացվել։

Ալումյանի խոսքով՝ տարիներ առաջ կատարած նույն սխալները նորից կրկնվում են, իսկ գնահատականները ոչ թե պետք է քննիչը տա, այլ՝ դատարանը։

«Քննիչը նորից նույն գնահատականներն է տալիս Ավետիք Բուդաղյանի գործողություններին, մենք փորձում ենք բողոքարկել այդ որոշումը և հանկարծ ստանում ենք դատախազի ստորագրությամբ հետին թվով կայացրած որոշում, որտեղ գրված է, որ Էմիլ Բուդաղյանը և նրա փաստաբանը, այսինքն՝ ես, այդ գործում այլև չունենք դատավարական կարգավիճակ»,֊ ասել է Ալումյանը։

Նրա պնդմամբ՝ Բուդաղյանների գործով վերջերս նոր որոշումներ են կայացվել, սակայն նրանք այդ որոշումները ոչ ստանալու, ոչ էլ բողոքարկելու հնարավորություն այժմ չունեն, քանի որ էմիլ Բուդաղյանին չեն տրամադրում դրանք և նա հնարավորություն չունի դրանք վիճարկել։