Գլխավոր / Դատարան / 10.5 տարի Ժիրայր Սեֆիլյանին․ մեղադրող դատախազին հայհոյում և անիծում էին

10.5 տարի Ժիրայր Սեֆիլյանին․ մեղադրող դատախազին հայհոյում և անիծում էին

Շենգավիթ շրջանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ այսօր «Հիմնադիր խորհրդարան» և «Նոր Հայաստան» նախաձեռնությունների առաջնորդ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել է 10,5 տարվա ազատազրկման։ Ազատազրկման տարբեր ժամկետներ են տվել նաև նույն գործով անցնող 5 այլ անձանց։ Դատարանի դահլիճում և բակում լարված վիճակ է եղել։

3,5 տարվա ազատազրկման մասին վճիռը լսելուց հետո գործով անցնող Ներսես Պողոսյանը կանգնել և հայհոյել է դատախազ Հակոբ Ենոքյանին, որից հետո կարգադրիչները և ոստիկանները ուժով նրան հեռացրել են դահլիճից։ Այդ ընթացքում Պողոսյանի հարազատներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը (դատապարտվել է 5,5 տարվա ազատազրկման) վճիռը լսել են անվրդով։ Ավելի ուշ լրագրողների հետ զրույցում Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը պատմել է, որ վճիռը լսելիս՝ Սեֆիլյանն ասել է․ «Բրավո, կեցցեք։ Շուտով նմանատիպ դատավճիռներ ձեզ համար են ընթերցվելու»։ Սեֆիլյանի խոսքերը դահլիճում ներկաներին լսելի չէին, քանի որ նրանք մեղադրյալներից և փաստաբաններից բաժանված էին ապակիով։

«Մենք սպասում էինք այս վճռին։ Երբեք պատրանքի մեջ չենք եղել, կարծում եմ՝ մարտի 20-ն այսուհետ մեր դատարաններում պետք է դրոշ իջեցնել և սև ժապավեն կապել։ Այսօր Հայաստանում մահացավ արդարադատությունը․․․ Սեֆիլյանին պետք է լռեցնեին, քանի որ նա էական վտանգ էր ներկայացնում քաղաքական իշխանության համար։ Նրա ժամանակավոր ազատազրկումը թույլ է տալիս, որ այս իշխանությունը գոյատևի», — նշել է Պապիկյանը։

Փաստաբանն ասել է՝ զուտ ձևական ընթացակարգով դիմելու են նաև Վերաքննիչ դատարան, սակայն արդարության հասնելու ոչ մի պատրանք չունեն։

«Ուղղակի միջազգային դատարան գնալու համար պետք է այդ ձևական ընթացակարգն ապահովենք», — ասել է Պապիկյանը։

Այս գործով անցնող մյուս մեղադրյալ Սասունիկ Կիրակոսյանը դատապարտվել է 3.5 տարվա, Գալուստ Գրիգորյանը և Հրայր Թոփչյանն էլ՝ 3-ական տարվա ազատազրկման:

2 տարվա ազատազրկման պատժի է արժանացել մեղադրյալ Հովհաննես Պետրոսյանը, ում նկատմամբ կիրառվել է 64-րդ հոդվածը (Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը): Նա միակն էր, որ Սեֆիլյանի դեմ ցուցմունք էր տվել։

Նշենք, որ այսօր դատարանի բակ մի քանի տասնյակ ոստիկաններ էին բերվել, բազմաթիվ ոստիկանական մեքենաներ կայանված էին դրսում։ Տասնյակ ոստիկաններ շարքով կանգնած էին նաև դեպի դատարան տանող ճանապարհին։

Նիստից հետո դատարանի դահլիճում հավաքված Ժիրայր Սեֆիլյանի աջակիցները հայհոյել և անիծել էին դատարանի դահլիճից դուրս եկող դատախազ Հակոբ Ենոքյանին՝ «Տականք, ժամդ գալու ա», «Էրեխեքիդ դեմն ա գալու»…

Ենոքյանը Սեֆիլյանի համար 11 տարվա ազատազրկում էր պահանջել։

Ըստ մեղադրանքի՝ Ժիրայր Սեֆիլյանը մի խումբ անձանց հետ ծրագրել էր զինված խմբավորումների միջոցով, զենքի գործադրմամբ, զավթել շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը։ Պաշտոնական վարկածի համաձայն, Սեֆիլյանն է կազմակերպել մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ինքը՝ Սեֆիլյանը, նրա աջակիցները և դատապաշտպանները գործը քաղաքական հետապնդում են որակում։