Գլխավոր / Բնապահպանություն / Բնապահպանները դիմելու են դատարան՝ պահանջելով վերաբացել Թեղուտի հանքի դեմ 2015֊ին կարճված գործը

Բնապահպանները դիմելու են դատարան՝ պահանջելով վերաբացել Թեղուտի հանքի դեմ 2015֊ին կարճված գործը

Բնապահպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ իր տեսչությունը Թեղուտում ստուգումներ չի անցկացրել։ Ստուգումներ անցկացնելու ԲՆ պատրաստակամությունն այն հիմքն էր, որով 2015 թվականի օգոստոսին դատարանում Թեղուտի հանքի դեմ գործի վարույթը կարճվել էր․ դատարանում ԲՆ ներկայացուցիչը հայտարարել էր, որ Թեղուտում սկսել են տեսչական ստուգումներ։ Քանի որ տեսչական ստուգումներ 2 տարի է չեն անցկացվել, բնապահպանները պատրաստվում են նորից դիմել դատարան։

«Սկսած 2015 թվականից վեց ամիսը մեկ Կառավարությունը կասեցնում էր ստուգումները, այդպիսի 5-6 որոշում է կայացվել։ Հասավ 2018 թվականի հունվարի 1-ին, երբ ավարտվեց այդ կասեցումը և կարող էին սկսել ստուգումներ, ես հարցում արեցի՝ պահանջելով ստուգումների արդյունքները։ Ինձ եկավ պատասխան, որ ստուգումներ չեն անցկացվել։ Ստացվում է ինչ՝ դատարանին խաբե՞լ են։ Հիմա, սա ՝նոր երևան եկած հանգամանք է, և մենք նորից դիմում ենք դատարան, որ գործի վարույթը վերսկսվի։ Մեր պահանջն է, որ Թեղուտ ԲՓԸ֊ում բնապահպանական տեսչությունը իրականացնի ստուգումներ», ֊ Epress.am-ի հետ զրույցում ասել է «Էկոլոգիական իրավունք» ՀԿ֊ի նախագահ Արթուր Գրիգորյանը։

Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով՝ Թեղուտի հարցով իրենց հայցադիմումը վեր էր հանում խախտումներ, որոնց հետևանքներն այսօր արդեն իրականություն են․ «Էնքան չուզեցին լսել, գնացին, ավիրեցին բնությունը, տեղի բնակիչներին զրկեցին բնությունից օգտվելու հնարավորությունից։ Սա անփութության հետևանք չէ, այլ դիտավորության։ Անփութություն կլիներ, եթե իրենց այս ամենի մասին 10 տարի առաջ զգուշացնող չլնիներ։ Այդ խախտումների համար նստողներ պետք է լինեն։ Մի խեղճ ու կրակ մարդ մի հատ ծառ կտրի, կդատեն, Դիլիջանում ոնց են անում, արդեն կան կալանավորներ։ «Թեղուտ» ՓԲԸ֊ն 375 հետկար անտառ ոչնչացրեց, ոչ մի նստող չկա»,֊ ասել է Ալումյանը։

Փաստաբանը հիշեցրել է, որ Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ճանաչել է, որ Թեղուտի հանքի դեպքում խախտվել է կոնվենցիայով սահմանված երեք իրավունքները՝ ամենավաղ փուլերում իրազեկված լինելու իրավունքը, որոշումներ կայացնելիս հասարակության կարծիքը հաշվի առնելու իրավունքը և դատական պաշտպանության իրավունքը։