Home / Կրթություն / Ուզում ես լավ բան անել` ստացվում է ինչպես միշտ․ Դպրոցի տնօրենը՝ «Россия, Родина моя» կարգախոսի մասին

Ուզում ես լավ բան անել` ստացվում է ինչպես միշտ․ Դպրոցի տնօրենը՝ «Россия, Родина моя» կարգախոսի մասին

Երևանի Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում «Россия, Родина моя» («Ռուսաստանն իմ հայրենիքն է») կարգախոսով միջոցառման նպատակը ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը փառաբանելն է, այլ երեխաներին աշխարհի տարբեր ազգերի սովորույթներին, ավանդույթներին, լեզվին ծանոթացնելը։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է 172 դպրոցի տնօրեն Գայանե Մկրտչյանը։

«Ես տնօրեն եմ և պատասխանատու եմ բոլորի համար, բայց հավատացեք՝ նպատակը բացարձակ չի եղել հաճոյանալ ինչ-որ մեկին։ Դեսպանատնից ներկայացուցիչներ չենք ունեցել, այս դպրոցը ռուսական ուղղվածություն չունի։ Միջոցառումը տպավորիչ դարձնելու համար աշակերտներն այդ երկրի բնակիչ էին դառնում և ողջունում այդ երկրի լեզվով։ Հաճախ ընտրում ենք այն երկրների կարգախոսները, օրինակ՝ «Վիվա Իտալիա», որոնք տարածված են։ Վա՞տ է, որ երեխաները շատ բան են սովորում», – ասել է տնօրենը։

Մկրտչյանի խոսքով՝ նա գիտակցում է, որ շատ մարդկանց համար այդ կարգախոսը կարող էր խնդրահարույց թվալ․ «Ես հասկանում եմ, երբ վերջում ենք նայում, կարգախոսն ենք կարդում, բնականաբար շատ անհասկանալի է, ի՞նչ է նշանակում «Россия, Родина моя»։ Բայց երեխաները, կարծես թե, միջոցառման շրջանակում տեղափոխվել են Ռուսաստան, այդ ձևով են ներկայացնում։ Վերցրել ենք այդ երկրի կարգախոսը։ Միգուցե դա սխալ էր, քանի որ մենք գիտենք, թե ինչ ենք արել, գիտենք նպատակն ու արդյունքը, բայց դիմացինի համար, երբ կարդում է, շատ հնարավոր է, որ դա սխալ կընկալվի։ Ուզում ես լավ բան անել, բայց ստացվում է ինչպես միշտ»։

Նշենք, որ 172 դպրոցում տեղի ունեցած միջոցառմանը ուշադրություն էր սևեռել Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, Կրթության, մշակույթի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ֆեյսբուքում գրել էր․ «Ձեզ կթվա, թե սա ռուսաստանյան միջին վիճակագրական դպրոց է: Բայց այս այլանդակությունը տեղի է ունեցել երևանյան՝ Հակոբ Օշականի անվան թիվ 172 դպրոցում: Հայաստանի Հանրապետության քաղաքացի աշակերտներին կանգնեցրել են «Ռուսաստանն իմ հայրենիքն է» կարգախոսի տակ: Ավելին, Ռուսաստանի դրոշի գույները պարտավոր չես իմանալ, բայց Հայաստանի գույների հերթականությունը չիմանալու համար դպրոցի ուսուցիչն ու տնօրենը գետինը պետք է մտնեն: Տնօրեն Գայանե Մկրտչյանի ու դասվարի համար, թերևս ՌԴ-ն է իրենց հայրենիքը: Բայց այդ երեխաներին նման կերպ փչացնելը ոչ միայն այլանդակություն է, այլ նաև հանցագործություն: Չեմ զարմանա, որ տնօրենը ձեռքը սրտին դրել է ՌԴ հիմնի ժամանակ: Հաշվի առնելով այս ամենն՝ այսօր դիմել եմ պատկան մարմիններին սույն անձնավորություններին ՀՀ անկախ պետության որևէ դպրոցից տասնյակ կիլոմտրերով հետ պահելու համար»։

Անդրադառնալով ՌԴ դրոշին՝ Գայանե Մկրտչյանը նշել է, որ պատճառը կարող էր լինել նկարահանող սարքերի ոչ որակյալ լինելը․ «Չէ որ սիրողական հեռախոսներով են նկարել և գունային տեսակետից նաև դրոշի գույնն է միգուցե փոխվել։ Բոլոր միջոցառումներին բոլոր երկրների դրոշները եղել են, երգել են հիմները, բայց առաջինը Հայաստանի։ Մենք համոզված են, որ ամենալավ տեղը Հայաստանն է, և մենք ապրել ենք ու պետք է ապրենք մեր պապերի երկրում։ Միջոցառումների շարքն ավարտելու ենք «Ձոն Հայաստանին» միջոցառումով։ Ես երեկվանից մինչև այսօր ուզում եմ հասկանալ, թե որտեղ էր իմ սխալը։ Իհարկե, հասկանում եմ և ներողամտություն եմ հայցում այն մարդկանցից, որոնք դա ընկալել են որպես այդպիսին, բառերով չեմ ուզում ասել, ինչպես իրենք են ներկայացնում։ Ես ինքս անձամբ ստրկամիտ մարդ չեմ »։

Գայանե Մկրտչյանի նշած «Աշխարհն իմ աչքերով» միջոցառումների շրջանակներում տարատեսակ կարգախոսներ են օգտագործվել, մասնավորապես՝ «Ճանաչենք Վրաստանը», «Չինաստանը մեր աչքերով», «Ա՜խ Հունաստան, իմ հոգու երազանք, Դու քնքուշ հեքիաթ», «Ուկրաինայի շունչը Հայաստանում», «VIVA ITALIA», «Հրաշքների երկիր Ճապոնիան», «Փարիզը դա քաղաք չէ, դա մի ամբողջ աշխարհ է», «Բրազիլիա», «Անգլիա», «Իսպանիայի Թագավորություն», «Մի անգամ Մոլդովայում»։