Home / Դատարան / Սպանվածի մայրը եկել էր իր կուսակցական ընկեր Սերժ Սարգսյանի մոտ

Սպանվածի մայրը եկել էր իր կուսակցական ընկեր Սերժ Սարգսյանի մոտ

Գյումրիում իր տանը սպանված 25-ամյա Արտյոմի մայրը՝ Ռուզաննա Ադանալյանը իրեն սատարող անձանց հետ այսօր բողոքի ակցիա է արել նախագահական նստավայրի մոտ՝ Բաղրամյան պողոտայում։ Կնոջ որդու սպանության գործով մարտի 20-ին դատավճիռ է կայացվել, մեղադրյալը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման։ Ադանալյանը, սակայն, փաստեր ունի, որ որդին խմբակային սպանության զոհ է դարձել, սպանությունը արվել է պատվերով՝ ոստիկանության և շտապօգնության աշխատակիցների օժանդակությամբ։

«Մի հոգի չէ, բոլորը պիտի նստեն։ Էս երկրի քաղաքացին կյանքի իրավունքից է զրկվել։ Ես ուզում եմ նախագահին ներկայացնել գործի փաստերը, նա տեղյակ չէ, էս երկրի նախագահը իմ ձայնը պետք է լսի։ Ես մեծ աշխատանք եմ տարել, որ Սերժ Սարգսյանը ընտրվի։ Էն որ իրեղեն ապացույցները, սպանության գործիքն էլ հետը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարտակել է, պետք է բերի դնի տեղը», – նախագահականի մոտ պահանջել է կինը։

Սերժ Սարգսյանի նստավայրի մոտ հերթապահ ոստիկանները փորձում էին թույլ չտալ ակցիայի մասնակիցներին անցնել նախագահականի մայթով՝ ասելով, որ երկրի ղեկավարի գրասենյակը հատուկ պահպանության օբյեկտ է։ Ոստիկանները համոզում էին Ռուզաննա Ադանալյանին մտնել նախագահականի նամակների բաժին՝ Աիդա Ասատրյանի մոտ։ «Աիդա Ասատրյանի տեղը գիտենք, հարյուր անգամ նամակ եմ գրել, ասել է, որ սա նախագահի հարցը չէ», – պատասխանել է նա։

Ի վերջո, անցնելով նախագահական նստավայրի մոտով Ռուզաննա Ադանալյանին դիմացի մայթ են ուղեկցել։ Մարշալ Բաղրամյանի մետրոյի կայարանի մոտ Ադանալյանը դեն է նետել իր Հանրապետական կուսակցության անդամատոմսը։ «Իմ կուսակցական ընկերոջ մոտ եմ եկել՝ երկրի նախագահի մոտ, մեծ շուքով եմ ստացել այս տոմսը, իմ բաժին ներդրումն եմ ունեցել, ընտրել եմ Սարգսյանին։ Եկել եմ հայտնեմ որպես կուսակցական ընկեր, որ հրաժարվում եմ էս կուսակցությունից։ Անամոթություն եմ համարում լինել էս կուսակցության անդամը, որովհետև ՀՀԿ֊ական են բոլոր իրավապահ անձիք, ովքեր հանցագործներ են։ Անպատվաբեր է ինձ համար լինել հանցագործ կուսակցության ներսում։ Ես հասա էն գիտակցությանը, որ երկրի դատախազը և մյուսները, բնականաբար լինելով ՀՀԿ-ականներ, կործանել են էս երկիրը, եղեռն է իրականացվել Հայաստանի ներսում», – ասել է Ռուզաննա Ադանալյանը։