Home / Ազգային ժողով / Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստերը կազատի ավելորդ ծախսերից

Կառավարությունը Սամվել Ալեքսանյանի դստերը կազատի ավելորդ ծախսերից

Կառավարությունը պատրաստվում է արտոնություն տրամադրել ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դուստր Աստղիկին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊ ընկերությանը՝ ազատելով մաքսատուրքից: Գրում է Hraparak.am կայքը՝ նշելով, որ կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը դրան է վերաբերում:

Հարցը ներկայացնող տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն առաջարկում է բավարարել «Ալեքս տեքստիլի» ներկայացրած հայտը՝ ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար:

Խոսքը Թուրքիայից և Ուզբեկստանից ներմուծվող ապրանքների մասին է, մասնավորապես՝ 100 տոկոս բամբակի պարունակությամբ ներկրված տրիկոտաժե գործվածք՝ 145 հազար կգ, գուլպայի արտադրության պոլիեթերային թելեր՝ 16 հազար կգ, նայլոնից թելեր՝ 16 հազար, հագուստի կոճակներ՝ 3 հազար կգ, մետաղյա գամեր և այլ ապրանքներ, ընդհանուր արժեքով՝ 706 մլն 300 հազար դրամի:

«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության եւ արտահանման խթանման համար»,- նշված է Ալեքսանյանի դստերն «ավելորդ ծախսերից» ազատելու վերաբերյալ նախագծում:

Աստղիկ Ալեքսանյանի նկատմամբ կառավարությունն առանձնահատուկ բարեհաճ է՝ անցյալ տարեվերջին էլ, երբ նրան 20 տարի ժամկետով անհատույց օգտագործման, հետագայում սեփականաշնորհելու իրավունքով կառավարությունը նվիրեց Արթիկի թիվ 7 դպրոցը, որտեղ պետք է տեքստիլի արտադրություն հիմնվի: Հայ-չեխական կապիտալով նոր արտադրամասը պլանավորված է մինչեւ աշուն գործարկել: