Home / Առողջապահություն / Նոյեմբերյանն ընդդեմ հանքի

Նոյեմբերյանն ընդդեմ հանքի

«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը դեռևս մարտի 15-ին հայտարարել էր, որ դադարեցնում է Նոյեմբերյանում հանքարդյունաբերական նոր ծրագրի հետ կապված հանրային քննարկման կազմակերպման աշխատանքները: Նոյեմբերյանում, սակայն, պատրաստվում են ընկերության վերադարձին․ խանութներում, գազալցակայաններում, մսի վաճառքի կետերում հանրագիր է դրված և բոլոր մտնող֊ելնողներին առաջարկում է ստորագրել դա՝ այդպիսով դեմ արտահայտվելով տարածքի հետախուզմանը կամ հանքի հնարավոր շահագործմանը։

Ռուսաստանյան կապիտալ ունեցող ընկերությունը ցանկանում էր նոր հանքարդյունաբերական ծրագիր ներկայացնել, ըստ որի՝ Նոյեմբերյանի տարածաշրջանում գունավոր մետաղներ պետք է հետախուզեր։ Թիրախը Սրբասար լեռան տարածքն է կամ, ինչպես տեղացիներն ավելի հաճախ են ասում, Գոգդաղը։ Այդ տարածքը զիջել եկվորին խոշորացված Նոյեմբերյան համայնքնում պատրաստ չեն, հակառակը՝ պնդում են, որ բնության համար պայքարելու են մինչև վերջ։ Շատերն ասում են, որ Թեղուտի հանքի օրինակը վառ է, և իրենք չեն ցանկանում նույն կերպ ապականել բնությունը։

Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ Խաչիկ Գիշյանը պնդում է, որ այդ տարածաշրջանից իրենք՝ գյուղատնտեսությունը և զբոսաշրջությունը զարգացնելով, ավելի մեծ օգուտներ կքաղեն, քան այն աշխատատեղերից, որը հանքը տեսականորեն կարող է ապահովել։

Համայնքում ոգևորություն կար․ մեր զրուցակիցներից շատերը պնդում էին, որ նման միակարծություն տարածաշրջանում վաղուց չեն հիշում։

Նոյեմբերյանում ստեղծված վիճակի մասին զրուցում են քաղագետ Վահրամ Սողոմոնյանը և լրագրող Արմեն Մելիքբեկյանը: Տեսանյութում ներկայացվում են նաև Նոյեմբերյան համայնքի բնակիչների կարծիքները։