Home / Բանտ / ՔԿՀ֊ն «Սասնա ծռեր»֊ից Հովհաննես Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել

ՔԿՀ֊ն «Սասնա ծռեր»֊ից Հովհաննես Հարությունյանի դեմ քաղաքացիական հայց է ներկայացրել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ն քաղաքացիական հայց է ներկայացրել «Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ՝ պահանջելով վնասված գույքի փոխհատուցում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Հայարփի Սարգսյանը։

«2016 թվականի դեկտեմբերին իմ պաշտպանյալն իբր վնասել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ի գույքը, որն իրականում անհիմն պահանջ է։ Նախ որևէ ապացույց չկա, որ իմ պաշտպանյալն է վնասել: Անիմաստ է հայցադիմում ներկայացնել, քանի որ արդեն իսկ քրեական գործ կա հարուցված, իսկ Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է, որ դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև Քրեական դատավարության կարգով քննվող այլ գործով կամ հարցով որոշում կայացնելը»,֊ ասել է Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ֊ն փորձագետների եզրակացության հիման վրա սահմանել է վնասի չափը, որը կազմում է 54975 դրամ և 1500 դրամ պետտուրքի վճար։

«Կոտրված ապակիներ, աթոռի հենակ, պահարանի դուռ․․․ Ամեն դեպքում, երբ 2016֊ին ես ՄԻԵԴ էի ուղարկել գանգատ, միայն այդ գանգատի ընդունվելուց հետո արդեն Հատուկ քննչական ծառայությունը հարցաքննել էր «Դատապարտյալների հիվանդանոց»֊ի բժշկին։ Պարզվել էր, որ Էրեբունի բժշկական կենտրոնից Հովհաննես Հարությունյանին մահճակալ և փոքրիկ պահարան էին անհատույց տրամադրել։ Դա «Դատապարտյալների հիվանդանոց»֊ի բալանսում չկար, և եթե նա անգամ դա վնասած լիներ, նրանք չեն կարող փոխհատուցում պահանջել, քանի որ դա չկա գրանցված նրանց հաշվեկշռում»,֊ ընդգծել է Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ տարիներ հետո այս դեպքի մասին բարձրաձայնելը վկայում նրա մասին, որ իր պաշտպանյալին ցանկանում են ճնշման ենթարկել։