Home / Ազգային ժողով / Սերժին մերժող հանրահավաքին խոսվեց ազգ-բանակ-եկեղեցուց

Սերժին մերժող հանրահավաքին խոսվեց ազգ-բանակ-եկեղեցուց

Ազատության հրապարակն այսօր սկսեց նախապատրաստվել ապրիլի 13-ի հանրահավաքին․ այդ օրը Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել հանրահավաքներ անցկացնելու մասին միանգամից երեք ուժերի հայտերը։ Հանրահավաք անցկացնելու իրավունք են ստացել «Քաղաքացիական պայմանագիր», «Երկիր Ծիրանի» կուսակցությունները և «Հանուն Հայաստան Պետության» ճակատը։ Վերջինս ապրիլի 9-ից է հանրահավաքները սկսել, պատրաստվում է նաև Երևանի համայնքներում հավաքներ անցկացնել։

Այսօրվա հանրահավաքին խոսել են թե՛ Ճակատի, թե՛ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամները՝ ներկայացնելով իրենց օրակարգը, որի առաջին կետն է՝ թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը վարչապետ դառնա։

Խոսվել է նաև Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո հնարավոր հետագա քայլերի մասին։ Մասնավորապես, «Հանուն Հայաստան Պետության» ճակատի ներկայացուցիչ Ալբերտ Բաղդասրայանը, ներկայացնելով իրենց ծրագիրը, ասել է, որ հեռանկարում կա ժամանակավոր կառավարության ստեղծումը, որը կկառավարի 1-1,5 տարի, կօգնի լեգիտիմ Սահմանադրություն ստեղծել։

Ելույթների ընթացքում Ազատության հրապարակում էր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, որն այսօր առավոտյան այցելել էր Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը, շնորհավորել էր նրան նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտարարել, որ այսօրվա երդմնակալությունը «քիչ, թե շատ հեռու էր ոչ լեգիտիմությունից»։ Թեև ներկաներից ոմանք ողջունեցին Հովհաննիսյանին, մյուս արտահայտվողները նշում էին երդմնակալությանը մասնակցելու փաստը որպես բացասական։

Մարդկանց խմբերից մեկում էլ, քննարկելով Հովհաննիսյանի ներկայանալը, հիշում էին նաև 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո ցույցերը, երբ նախագահի թեկնածու Հովհաննիսյանը մարդկանց թողեց Բաղրամյան պողոտայում և ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ գնաց Ծիծեռնակաբերդ՝ աղոթելու։

2003-ին և 2008-ին Հայաստանի ղեկավարի թեկնածու Արամ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ Սերժ Սարգսյանը «կլինիկական մահ» է ապրում։ 2008-ին իր նախընտրական ելույթների հիմնական մասը նվիրում էր ոչ թե իշխանության թեկնածու, այն ժամանակ վարչապետ Սերժ Սարգսյանին քննադատելուն, այլ իշխանության հիմնական հակառակորդ Լևոն Տեր֊Պետրոսյանին վատաբանելուն։ Հարությունյանն իրական ընդդիմադիր շարժումների հանրահավաքային պայքարում աչքի չի ընկել, սակայն այսօր եկել էր Ազատության հրապարակ։

Ելույթ ունեցողներից ամենաքաղաքական տեքստն ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը, որը թվերով և փաստերով ապացուցեց, թե իրականությանը որքանով չի համապատասխանում ՀՀԿ֊ականների այն թեզը, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է։ Սաքունցը հիշատակեց և՛ Մարտի 1-ի սպանությունները, և՛ արտագաղթը, և՛ ահռելի չափի հասնող արտաքին պարտքը, և՛ աղքատությունը, քննադատեց իշխանությունների կողմից առաջարկվող ազգ-բանակ-եկեղեցի հայեցակարգը։

Հավաքվածների հետ զրուցեց նաև խորհրդային մուլտֆիլմի հերոս Չեբուրաշկայի հագուստով մի մարդ, որը հանդես եկավ Սերժ Սարգսյանի անունից։ Նա, մասնավորապես, նշեց, թե 10-ը տարում կառուցել է «այս ֆալոցենտրիկ համակարգը»։ Անդրադառնալով Սերժ Սարգսյանի տեսալականին, թե 2040-ին Հայաստանում 4 միլիոն մարդ է ապրելու՝ ելույթ ունեցողն ասաց, որ դա կլինի այն դեպքում, եթե 2018-ին Հայաստանում 10 միլիոն մարդ ապրի։

Հանրահավաքին հաջորդեց երթը, հավաքվածներին կոչ արեցին հաջորդ օրերին հրապարակ գալ և իրենց հետ ծանոթ-բարեկամներին էլ բերեն։