Home / Կրթություն / Հայաստանի դպրոցներում կսովորեցնեն վարկերից օգտվել

Հայաստանի դպրոցներում կսովորեցնեն վարկերից օգտվել

Հայաստանի  հիմնական և ավագ 13 դպրոցներում այս ուսումնական տարվա սկզբից ներդրվել է ֆինանսական կրթության փորձնական ծրագիրը: Կրթության նախարարությունը մտադիր է գալիք ուսումնական տարվա սկզբին ծրագիրը ներդնել մոտ 350 դպրոցներում:

Ֆինանսական կրթության բաղադրիչն ինտեգրված է 2-10-րդ դասարանների «Ես և շրջակա միջավայրը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Հասարակագիտություն» առարկաների ծրագրերում: Նշված առարկաների ծրագրերում ընդգրկվել են վարկերի և ավանդների տեսակների, տոկոսագումարների, աշխատավարձերից կատարվող հարկային պահումների, եկամուտների և ծախսերի հաշվարկի, բյուջեի տնօրինման և ֆինանսական կրթությանն առնչվող այլ հարցեր:

Ծրագրի ընթացքը քննարկելու նպատակով Կրթության և գիտության նախարարությունում ապրիլի 11-ին տեղի է ունեցել քննարկում դպրոցների ուսուցիչների, Կենտրոնական բանկի և նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ: «Քննարկման ընթացքում ուսուցիչները համոզմունք են հայտնել, որ ծրագրի ներդրումն արդյունավետ է: Նշվել է, որ հատկապես բարձր դասարանների աշակերտների մոտ հետաքրքությունն առարկայի նկատմամբ մեծ է, մասնավորապես, հետաքրքրվում են վարկերով և ավտովարկերով, բիզնեսի  համար նախատեսված հարկերով, աշխատավարձի հաշվարկով և այլ հարցերով», – նշված է գերատեսչության պաշտոնական կայքում: