Home / Բնապահպանություն / Մարդիկ իրավունք ունեն իմանալ՝ ինչպես է Սյունիքի մարզպետը ծախսում հանրային միջոցները

Մարդիկ իրավունք ունեն իմանալ՝ ինչպես է Սյունիքի մարզպետը ծախսում հանրային միջոցները

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը պետական պաշտոնյա է, որը պետբյուջից աշխատավարձ է ստանում, այդ իսկ պատճառով էլ կարևոր է, որպեսզի հանրությունն իմանա, թե «իր ծառան ինչպես է ծառայում իրեն»։ Ապրիլի 11-ին կայացած Վահե Հակոբյանն ընդդեմ բնապահպան Արթուր Գրիգորյանի և ԶԼՄ-ների դատական նիստի ժամանակ Epress.am կայքի փաստաբան Հարություն Բաղդասարյանը պնդել է, որ Հակոբյանի հայցը պետք է մերժվի։

ԱԱԾ-ի և Դատախազության նախկին աշխատակից, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին ադմինիստրատիվ տնօրեն, Սյունիքի մարզպետ, ՀՀԿ֊ական Վահե Հակոբյանը Արթուր Գրիգորյանից պահանջում է Aravot.am, Epress.am և Syuniacyerkir․am կայքերի միջոցով հերքել իր մասին հրապարակած տեղեկատվությունը, որը մարզպետը զրպարտություն է համարում։

Խնդրո առարկա հրապարակումը Արթուր Գրիգորյանի հաղորդման տեքստն է՝ ուղղված դատախազությանը։ Բնապահպանը խնդրել է պարզել, թե ինչ առնչություն ունի Հակոբյանի հասարակական կազմակերպությունների և անհատ անձանց դեմ կազմակերպված՝ վարկաբեկող անիմացիոն հոլովակի նկարահանման և տարածման հետ: Բացի դա, Գրիգորյանը խնդրել էր պարզել՝ արդյոք մարզպետը չի անցել իր պաշտոնեական լիազորությունները, մասնավորապես, «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» հանրային միջոցները տրամադրելով մանավոր հանքարդյունաբերական ընկերությանը կից հիմնադրամին։

Հայցի մասին՝ այստեղ։

Հարություն Բաղդասարյանը դատարանում հիշեցրել է համապատասխան օրենքը, համաձայն որի՝ մամուլը և զանգվածային լրատվության մյուս միջոցները ազատ են, գրաքննության չեն ենթարկվում: Նա ընդգծել է, որ արգելվում է որևէ տեղեկատվություն տարածելուն նպատակաուղղված հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ մարզպետն այս դեպքում, ըստ էության, լրատվական միջոցին արգելում է տարածված նյութը հրապարկել։

«Արթուր Գրիգորյանը գաղտնի չի ասել Epress.am-ին դա, նա հրապարակել է, լրատվական միջոցը ուրիշ բան չուներ անելու, քան այդ հարպարակածը արտատպել», -ասել է փաստաբանը։

Նշենք, որ Արթուր Գրիգորյանն ուղարկել է իր հաղորդումը 6 ԶԼՄ֊ների, ինչպես նաև Գլխավոր դատախազություն։ Վերջինս հրաժարվել է գործի քննությունից, և Գրիգորյանը Դատախազության դեմ Վճռաբեկ բողոք է ներկայացրել։

Բաղդասարյանը վկայակոչել է նաև զանգվածային լրատվության մասին օրենքի 9-րդ կետը՝ լրատվական գործունեություն իրականացնողն ազատվում է տվյալ տեղեկատվության տարածման համար պատասխանատվությունից, եթե բառացի կամ բարեխիճ վերարտադրում է հրապարակային ելույթ, պետական մարմինների պաշտոնական փաստաթղթեր, լրատվության այլ միջոցի կամ հեղինակային որևէ ստեղծագործության տեղեկատվություն, և, դա տարածելիս, կատարում է հղում այդ աղբյուրին:

«Epress.am-ը հղում է կատարել Արթուր Գրիգորյանին, նույնությամբ ներկայացրել է ամեն ինչ հանրությանը։ Կայքը դուրս չի եկել օրենքով իրեն տրված լիազորությունների սահմանից։ Այս պարագայում կայքը որևէ կերպ պատասխանատվություն չպետք է կրի», – նշել է փաստաբանը։

Գրիգորյանի պաշտպան Նվարդ Փիլիպոսյանը, իր հերթին, ասել է, որ հայցը անհիմն է և ենթակա է մերժման։

Նա ընդգծել է, որ, համաձայն քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածի, տվյալները հրապարակային ներկայացնելը չի համարվում զրպարտություն, եթե դա տվյալ իրավիճակում և իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով։ Փիլիպոսյանի խոսքով՝ 2016թ. դեկտեմբերի 27-ին Կապան քաղաքում տեղի ունեցած քննարկման ընթացքում մարզպետ Հակոբյանը խոսել է «Սյունիքի զարգացման և ներդրումների հիմնադրամի» ստեղծման մասին՝ նշելով, որ այդ հիմնադրամին փոխանցված ֆինանսական միջոցներն ուղղել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բարեգործական հիմնդրամին», որի հոգաբարձուների խորհրդի նախագահ է հանդիսանում ինքը, ու նաև «պարտքով» իրենցից գումարներ են վերցրել՝ վերադարձնելու նպատակով: Հենց Հակոբյանի խոսքերի վրա է հիմնվել Արթուր Գրիգորյանը՝ դատախազությունից խնդրելով պարզել, թե արդյոք մարզպետը նման քայլի դիմելով չի՞ գերազանցել իր պաշտոնեական լիազորությունները։

Փիլիպոսյանը դատարանին ներկայացրել է այդ օրվա տեսաձայնագրությունը, որը հրապարակվել է «Խուստուպ Թի Վի» հեռուստաալիքով։

«Արթուր Գրիգորյանը Դատախազության ներկայացրած իր հայտարարության մեջ ներկայացրել է փաստացի տվյալներ, ընդամենը կրկնել է մարզպետի խոսքերը», ֊ ասել է փաստաբանը։

Դատավորը նիստը հետաձգել է, որ կողմերը հնարավորություն ունենան ներկայացնել լրացուցիչ ապացույցներ։ Նշենք, որ արդեն 2-րդ դատական նիստն է հայցվոր կողմը չի ներկայանում դատարան։