Գլխավոր / Ազգային ժողով / Փաշինյանը կոչ է արել ապրիլի 17-ին մասնակցել «Փակիր փողոցը» ակցիային (թարմացվող)

Փաշինյանը կոչ է արել ապրիլի 17-ին մասնակցել «Փակիր փողոցը» ակցիային (թարմացվող)

Առավոտվանից մինչև 17։00֊ի իրադարձությունների մանրամասն նկարագրությունը, ինչպես նաև լուսանկարներն ու տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ

21:14 Փշալարերին մոտեցել է Նիկոլ Փաշինյանը, որը կրկին հիշեցրել է, որ իրենք բռնի ուժ չեն գործադրելու, խնդրել է մարդկանց մի քանի քայլ հետ գնալ փշալարերից։ Փաշինյանը կրկին ասել է, որ վաղը իրենք պետք է լայնածավալ գործողություններ իրականացնեն, ուստի խնդրել է քննարկումներ կազմակերպել վաղվա գործողությունների վերաբերյալ։

21։00 Հազարավոր մարդիկ շարունակում են Ֆրանսիայի հրապարակում և Բաղրամյան պողոտայում մնալ։ Ցուցարարները տեղեկություն են ստացել, որ ոստիկանները կամաց֊կամաց փշալարերն քիչ֊քիչ առաջ են բերում դեպի Բաղրամյան պողոտայի սկզբնամաս, չնայած պայմանավորվածություն է եղել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, որ փշալարերը չեն տեղաշարժվելու։ Ոստիկանների հետ բանակցել է Արարատ Միրզոյանը, որից ուժայինները պահանջել են մարդկանց հետ պահել և կանխել իրերի նետումը դեպի ոստիկանական ուժեր։ Միրզոյանն ասել է, որ իրենք բավական տարածություն են պահում և իրեր չեն նետում։

Փողոցից․ «Սինոփսիս Արմենիա» ընկերության 3 աշխատակից 2 օրով չվճարվող արձակուրդ են վերցրել՝ մասնակցելու Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ անցկացվող ցույցերին։ Այս մասին մեզ ասել է ընկերության աշխատակիցներից Տիգրան Սարգսյանը, որն մասնակցում էր Ֆրանսիայի հրապարակում անցկացվող հանրահավաքին։

«Փորձեցի այսօր հասնել գործի, կարևոր գործ ունեի։ Մի կերպ հասա մեծ ուշացումով, հետո բավական ոգևորված էի, զգացի, որ ի վիճակի չեմ աշխատել, խոսեցի իմ անմիջական ղեկավարի հետ, դրական վերաբերվեց։ Խոսեցի մեր HR֊ի (մարդկային ռեսուրսների բաժին-խմբ․) հետ, ասացի, որ այսօր չեմ կարող աշխատել և ուզում եմ մասնակցել ցույցի։ Նա էլ առաջարկեց, որ արձակուրդ վերցնեմ», — Սարգսյանը նշել է, որ ինքը համոզված է, որ շատ մարդիկ են այդպիսի քայլի դիմել։

19։50 Փաշինյանը թվել է դեպի Ազգային ժողով տանող ճանապարհները և խնդրել է ապրիլի 17֊ին ամեն կերպ արգելափակել դրանք։

Նա կոչ է արել բոլոր գյուղերի և քաղաքների բնակիչների գալ Երևան ու ամեն կերպ փակել հնարավորինս շատ փողոցներ։ Նա նաև առաջարկել է նրանց, ովքեր կցանկանան, փողոցների շրջափակման գործընթացը սկսեն գիշերը։

19:45 Հանրահավաքը մեկնարկել է։ Նիկոլ Փաշինյան․ «Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս եկան և ասեցին, որ իրենք զզվում են Սերժ Սարգսյանից, որ չեն կարող թույլ տալ Հայաստանի ադրեբեջանացումը, որ սա Հայաստանի Հանրպետություն է և վե՛րջ։

Հանրապետական մեծամասնությունը պատրաստվում է Սերժ Սարգսյանին կարգել Հայաստանի Հանրապետության վարչապետ, և վաղը 12։00-ին ԱԺ նիստ է նախատեսվում։ Ի՞նչ ենք մենք անելու։ Ի՞նչ է առաջարկվում անել։ Մենք վաղը «Փակիր փողոցը» ակցիան պետք է իրականացնենք ավելի լայն մասշտաբով և բլոկադայի ենթարկենք Ազգային Ժողովի բոլոր մուտքերը»։

17:35 Նիկոլ Փաշինյանը վերադարձավ Բաղրամյան պողոտա վիրակապված ձեռքերով։ Այնտեղ են եկել նաև «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը, որոնք մինչ այս պահը չէին ցանկանում միանալ Փաշինյանի փողոցային պայքարին։

Փաշինյանը հայտարարել է, որ 19։00-ին հանրահավաք է հրավիրում՝ անելիքները քննարկելու համար։ Այն կկայանա Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։

Ոստիկանության գործողությունները խաղաղ ցուցարարների դեմ․