Գլխավոր / Ազգային ժողով / Ժողովուրդը ճեղքել է հուսահատության պատը․ Նիկոլ Փաշինյանը խոսել է հիվանդանոցից (թարմացվող)

Ժողովուրդը ճեղքել է հուսահատության պատը․ Նիկոլ Փաշինյանը խոսել է հիվանդանոցից (թարմացվող)

ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆԸ կարող եք հետևել՝ ԱՅՍՏԵՂ

Մարդկանց խաղաղ երթը և ոստիկանության գործողությունները․

17։05 Մենք ամուր կամքով մեր օրակարգը պետք է առաջ տանենք, ասել է հիվանդանոցում գտնվող Նիկոլ Փաշինյանը։ Վիրակապված ձեռքերով Փաշինյանը մարդկանց կոչ է արել դուրս գալ փողոց և իրենց կամքն արտահայտել։ Նա պատմել է, որ ձեռքերի վնասվածքներ է ստացել, երբ իրեն փորձել են քաշել փշալարից, իսկ նա բռնել է դրանից։

Նա ասել է, որ հիվանդանոց տեղափոխված 3 ոստիկանները տուժել են հենց ոստիկանության կողմից օգտագործած ձայնային նռնակներից։ Փաշինյանը կոչ է արել ոստիկանությանը չօգտագործել ձայնային նռնակներ։ Նա ընդգծել է, որն բոլոր ոստիկանների նկատմամբ ունի եղբայրական զգացմունքներ։

«Մենք շարունակում ենք ոչ բռնի պայքարը», ֊ ասել է ԱԺ պատգամավորը՝ նշելով, որ փոխելու իր պատառոտված կոշիկներն ու շորերը, գնալու է ցույցի վայր՝ ծանոթանալու իրավիճակին։

Նա համոզմունք է հայտնել, որ Հայաստանի ժողովուրդը ճեղքել է հուսահատության պատը։

«Ես հույս ունեմ, որ բեկում է տեղի ունեցել, և մենք թույլ չենք տա Սերժ Սարգսյանին վարչապետ դառնալ․․․ Ես նույնիսկ իմ կյանքը չեմ խնայի հանուն Հայաստանի Հանրապետության», ֊ ասել է Փաշինյանը՝ հորդորելով ոստիկանության բացել իր աշխատավայրի ճանապարհը։

16։45 Բաղրամյանում սպասողական վիճակ է։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է վերադառնալ բուժօգնություն ստանալուց հետո։

16:36 Փաշինյանը շարունակում է գտնվել «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նա ձեռքերի վնասվածքներ ունի, և, հավանաբար, նրա ձեռքերին կարեր պետք է դնեն։ Վնասվածք ունի նաև աչքի հատվածում։

16:18 ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանին տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Նրա կինը՝ Աննա Հակոբյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ նա ձեռքի և դեմքի վնասվածքներ ունի, սակայն առաջին բուժօգնություն ստանալուց հետո պատրաստվում է միանալ ժողովդրին։

16:00 Ոստիկանները հանել են հակագազերը, հագել պաշտպանիչ սաղավարտներ։ Քիչ անց նրանք սկսել են Հայաստանի օրհներգը երգել, իսկ ցուցարարները նրանց սկսել են ծափահարել։

15:53 Ոստիկանությունը 10 րոպե ժամանակ է տվել հավաքը դադարեցնելու համար, այլապես սպառնացել է հատուկ միջոցներ կիրառել։

15:45 Հաղորդում են վնասվածքներ ստացած մի քանի քաղաքացիների մասին։ Epress.am֊ի լրագրողը տեսել է առնվազն 3 քաղաքացի ոտքերի վնասվածքով, որոնց տեղափոխել է շտապ օգնության մեքենան։ Ոստիկանները կրկին վերականգնել են փշալարը՝ ավելի բարձրացնելով այն։ Ոստիկանները սկսել են հակագազեր հագնել։ Armtimes.com֊ի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը վնասվածք է ստացել։ Քիչ անց համացանցում հետևյալ լուսանկարն է տարածվել։

15:35 Ոստիկանները սկսել են հատուկ միջոցներ կիրառել․ լսվում է պայթյունի ձայն, ցուցարարների վրա ծուխ է գոյանում։ Մեկ քաղաքացի վնասվածք է ստացել, նրան տեղափոխում են հիվանդանոց։ Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ առաջին ձայնային նռնակը նետել են ցուցարարների ուղղությամբ, ապա սկսել են օդ նետել։ Կան այլ վնասվածք ստացած քաղաքացիներ։ Մի խումբ ցուցարարներ վիրակապում են վիրավորներից մեկին։

15:25 Ոստիկանները հրաժարվել են բացել մարդկանց ճանապարհը, և մարդիկ ճեղքել են առաջին պատնեշը։ Նրանք վանկարկում են․ «Ոստիկան, միացիր»։ Մարդիկ բարձրացրել են ձեռքերը՝ ի նշան խաղաղ ակցիայի։ Մարդիկ հասել են երկրորդ պատնեշին, ոստիկանների առջև փշալար է։ Ցուցարարները ձող են վերցրել և փորձում են հետ հրել փշալարը։

15:10 Նիկոլ Փաշինյանը մոտեցել է ոստիկանական պատնեշին, խնդրում է ստուգել իրենց պատգամավորական վկայականները։

14։55 Մեր ձեռքերում չկա ագրեսիվություն, մեր ձեռքերում չկա քար, մեր ձեռքերում կա միայն հարգանք, մեր ձեռքերում կա միայն սեր, ֊ այս պահին Բաղրամյան պողոտայում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը։

Նա նշել է, որ իր աշխատանքի վայրը՝ Ազգային ժողովը փակ է իր առջև ոստիկանական պատնեշով։ Եվ նա խնդրում է մարդկանց ուղեկցել իրեն դեպի Ազգային ժողով։ Նա հայտարարել է, որ Ազգային ժողովի պատգամավորները՝ ինքը, Լենա Նազարյանը, Սասուն Միքայելյանը և Արարատ Միրզոյանը կքայլեն առաջին շարքերում, իսկ նրանց կհետևեն իրենց գործատուները՝ մարդիկ։

14:10 Ընդդիմադիրները արգելափակված Բաղրամյան պողոտայի սկզբնամասում ելույթներ են ունենում։

Ֆեյսբուքից և փողոցից․

֊ Վանաձո’ր, հերիք ա «Ազատություն» նայես։ Ազատությունը չեն նայում, ազատությունը կերտում են սեփական ջանքերով։#սերժամերժ #մերժիրսերժին

֊ Բուրժուաներ և օլիգարխներ չանհանգստանաք, ձեզ և ձեր գռփած հարստությանը ձեռ չենք տալու, մարսելու եք ու շարունակելու եք գռփել։ մերժիր սերժին, բայց գրկիր և փայփայիր հարուստներին

֊ Կարևորը գիշերը դիմանալն ա ու առավոտից նույնը շարունակելը․․․

֊ երբ Երեւանը սեր ա

֊ Ու ամենահատկանշականն այն է, որ իր պաշտոնավարումը երկարաձգելու փորձ անող անձը դարձյալ խոսում է ռուսական լրատվամիջոցի խողովակով, դա լիովին վերլուծության նյութ է․․․

֊ Ոստիկանության ուժերը մարզերից կենտրոնացնում եք Երևանում ի՞նչ անեք․․․․․

֊ Լիմոն, ջուր, բժշկական դիմակ՝ արցունքաբեր գազից պաշտպանվելու համար։

֊ Ոստիկանները միացան ակցիային և փակել են Կորյունի խաչմերուկը: Ապրեք 

֊ Շենքերի բնակիչները պիտի սնունդ հասցնեն փողոցները փակած մարդկանց

13:40 Քիչ առաջ Խորենացի֊Մաշտոց խաչմերուկը փակած երիտասարդներից մեկին հարվածել է Pajero մակնիշի ավտոմեքենա։ Երիտասարդի ընկերներից մեկը հայտնել է Epress.am-ի թղթակցին, որ նա մեքենայի կապոտից ընկել է գետնին։ Այժմ երիտասարդին շտապ օգնության մեքենան հիվանդանոց է տեղափոխում։

13:30 Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ հասել է Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ հանդիպելով ոստիկանական պատնեշին։ Պողոտայի այդ հատվածը մինչև Բաղրամյան֊Պռոշյան խաչմերուկ արգելափակված է ոստիկանների կողմից։

13:00 ՀՀԿ֊ական Վահրամ Բաղդասարյանը լրագրողներին ասել է, որ չի կարծում, թե ընդդիմադիրները կարող են խանգարել Ազգային Ժողովում ապրիլի 17-ին կայանալիք վարչապետի ընտրությունները․ «Հատուկ նիստը կանցկացվի ԱԺ-ում, հատուկ նիստը կկայանա, և կաշխատենք մինչև օրակարգը սպառելը։ Մեր աշխատանքային ժամին պետք է գանք ԱԺ, մեր պատկան մարմիների խնդիրն է ապահովել մեր մուտքը»։

12։50 VivaCell MTS֊ի բաժանորդները սոցցանցերում բողոքում են, որ չեն կարող միմյանց զանգահարել։ Կապը հաճախ է խափանվում։ Շատերը նշում են, որ միացել են ընկերության օպերատորներին, սակայն պատասխան են ստացել, թե կապի հետ որևէ խնդիր չկա։

Ֆեյսբուքից․ քաղաքը էսօր սիրուն ա

Իրավապաշտպանները տեղեկացնում են․ «Բերման կամ բռնության ենթարկվելու դեպքում զանգեք իրավապաշտպանների միասնական թեժ գիծ՝

096 14 08 58, 096 14 08 80

094 14 08 52, 093 14 08 50,

041 14 08 50, 044 14 08 50

Ադրբեջանական և ռուսաստանյան ԶԼՄ֊ները, ինչպես նաև ակտիվ հայաստանյան բլոգերները շարունակում են «չնկատել» Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները։ Վերոնշյալ ԶԼՄ֊ները և բլոգերները պասիվ են նաև այսօր, երբ հազարավոր մարդիկ Երևանում արգելափակում են փողոցները, բուհեր մտնում, մարդկանց կոչ անում դուրս գալ պայքարի։

12:40 Նիկոլ Փաշինյանն իր հազարավոր աջակիցների հետ  գտնվում է Հաղթանակի կամրջի մոտ։

Ակցիայի մասնակիցները փողոցից․ «Ուշադրություն։ Քաղաքացիական հագուստով ոստիկանները, վարորդի դերի մեջ, շատ ուժեղ սադրանքներ են անում»։

12։25 Գյումրիի մարզպետարանից ավտոերթ է մեկնարկում դեպի քաղաքի բուհեր։

12:15 Politik.am֊ը հայտնում է, որ Կորյուն֊Հերացի խաչմերուկում այսօր առավոտյան 62ss465 պետհամարանիշով Մերսեդես G500 մակնիշի մեքենայի ուղևորները, որոնք ծեծի են ենթարկել փողոցը փակած քաղաքացիներին, ՀՀԿ-ի երիտասարդական թևի անդամներ են: Կայքը նշում է, որ հարձակումն ամենայն հավանականությամբ նպատակային է եկել, որպեսզի սադրի ուսանողներին:

Ակցիայի մասնակիցները փողոցից․ «Ուրեմն 100 դրամի մեխանիզմն են օգտագործում մլիցեքը, մարդկանց դեմ հանել են «քուչի լավ տղերքին»»։

11:40 Նիկոլ Փաշինյանը հազարավոր մարդկանց հետ շրջում է Երևանի փողոցներով, անցնում է ուսումնական հաստատությունների մոտով և ստուգում է՝ արդյոք դրանց դռները բաց են։ Այս պահին հազարավոր մարդիկ մտել են Մանկավարժական համալսարան։

Վարդան Ջալոյան․ «Երբ գաղափարներ չկան, կարելի է հիշել ազատությունը»

11։33 Ոստիկանության աշխատակիցները քիչ առաջ փակել են Բաղրամյան֊Պռոշյան խաչմերուկը։ Նրանք թույլ չեն տալիս մարդկանց ու մեքենաներին իջնել Պռոշյանով, որտեղ՝ Դեմիրճյան֊Պռոշյան խաչմերուկին գտնվում է Սերժ Սարգսյանի տունը։ Հիմնականում ոստիկանության ուժերը կենտրոնացած են Բաղրամյան պողոտայում՝ ԱԺ֊ի հատվածում։

11:30 Այս պահին մի խումբ քաղաքացիներ փակել են Նալբանդյան֊Խանջյան փողոցների խաչմերուկը։

11:15 Գյումրիում միանում են ակցիաներին։ Այս պահի դրությամբ մեքենաների երթևեկության համար արգելափակված է Շիրակի մարզպետարանի շենքը և հարակից փողոցները։

11:00 Երթի մասնակիցները շարժվում են Երևանի փողոցներով՝ վանկարկելով «Սերժիկ, սուտասան», «Հայաստանը մերն է»։

10։52 Կարմիր բերետավորները Հերացի֊Չարենց խաչմերուկից ուժով հեռացրել են փողոցը փակած ուսանողներին և փակել են Հերացի տանող ճանապարհը։ Այդտեղ են եկել ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ և «Ոստիկանը մերն է» վանկարկումով ճեղքել են ոստիկանական պատնեշը։ Մարդիկ շարժվում են դեպի ՀՀ ոստիկանության շենք։ Ոստիկանները փորձում են կանխել մարդկանց առաջխաղացումը։ Բողոքողները ձեռքերը վեր բարձրացրած (որպես խաղաղ ակցիայի ապացույց) առաջ են շարժվում։ Ոստիկաններին չի հաջողվում կանգնեցնել հազարավոր մարդկանց հոսքը։

10:51 Երևանի գյուղատնտեսական համալսարանի ուսանողներից մեկը Epress.am֊ի լրագրողին ասել է, որ այսօր առավոտից վարչակազմի աշխատողները մտել են լսարաններ և գրանցել են, թե որ ուսանողները դասերի չեն հաճախել։ Նույնն անում են Մանկավարժական համալսարանում։

10։38 Երևանի պետական բժշկական քոլեջի հենակետային մասնաշենքի դռները փակել էին, սովորողներին դուրս չէին թողնում։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ բացել է դուռը, ներս մտել շենք և ուսումնական հաստատության ղեկավարներից պահանջել է չհամաձակվել դռները փակել սովորողների վրա։

10:35 Օրբելի֊Բաղրամյան հատման կետում ոստիկանները բերման են ենթարկել հինգ քաղաքացու, որոնք փակել էին ճանապարհը։ Նրանց ոստիկանական Գազել են նստացրել, սակայն մարդիկ շրջափակել են Գազելը, և թույլ չեն տալիս մեքենային շարժվել։

10։30 Անհնազանդության ակցիայի մասնակիցների թիվը մի քանի հազարի է հասնում։

10։27 Պռոշյան֊Դեմիրճյան խաչմերուկում, որն արգելափակված է ոստիկանների կողմից, ակցիա է անցկացնում քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին։ Նա կանգնել է փողոցում «Սերժիկ, մարդասպան», «Սերժիկ, սրիկա» պաստառով։

10:25 Նիկոլ Փաշինյանը կոչ է արել խոշոր գործարարներին թույլ չտալ իրենց թիկնազորի անդամներին (ախրաննիկներին) միջամտել անցկացվող գործողություններին։ «Մենք ձեր անվտանգության համար որևէ սպառնալիք չենք պատրաստվում ստեղծել», ֊ դիմելով գործարարներին՝ ասել է Նիկոլ Փաշինյանը։

10:17 G դասի Mercedes մակնիշի ավտոմեքենայից մի խումբ երիտասարդներ դուրս եկան ու սկսեցին հարվածել Հերացի փողոցը փակած ուսանողներից մի քանիսին։ Հետագայում ավտոմեքենան ճեղքեց ուսանողների պատը։ Տեղում կանգնած ոստիկանները չէին միջամտում՝ պարզապես հետևում էին, թե ինչպես էին ուսանողներին ծեծի ենթարկում։ Այս պահին ուսանողներին կրկին հաջողվել է փակել Հերացի փողոցը։

Արթուր Սաքունց․ Թաղային խուժանին ցուցարարների դեմ դուրս բերելը ոստիկանության աչքի առաջ տականքություն է։

10։15 Նիկոլ Փաշինյանը Բաղրամյանի սկզբնամասում է, նրան մարդկանց մեծ խմբեր են միացել։

10:05 Այս պահին փակ են՝ Բաղրամյան պողոտան, Ամիրյան փողոցը, Մաշտոցի պողոտան, Մյասնիկյան պողոտան, Սարյան փողոցը, Արշակունյաց պողոտան, Աբովյան փողոցը, Դեմիրճյան փողոցը, Հերացի փողոցը։

10:00 «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ, ուսանող Դավիթ Պետրոսյանը հայտարարել է, որ Բժշկական համալսարանի մոտ արգելափակված հատվածը ուսանողական տարածք է դառնում, որտեղ քննարկումներն են անցկացվում։ Նա կոչ է արել դասախոսներին նույնպես միանալ իրենց։

09։35 Նիկոլ Փաշինյանը կոչ է անում Խանջյան փողոցում գտնվող վարորդներին անջատել մեքենաները՝ կատվածահար անելով երթևեկությունը։ Պատգամավոր Արարատ Միրզոյանը մի խումբ մարդկանց հետ փակել է Ամիրյան֊Մաշտոց խաչմերուկը։

09:30 Հիմնականում մարդիկ հանգիստ են վերաբերվում փողոցները փակած քաղաքացիներին։ Մերթընդմերթ, սակայն, հայտնվում են ագրեսիվ տրամադրված մարդիկ, որոնք պահանջում են բացել ճանապարհը։ Արդեն մի քանի վայրերում նրանք նույն տեքստն են արտասանում՝ ասելով, որ մտածում են իրենց ապագայի մասին։ Նման անձինք, սակայն, աջակցություն չեն ստանում, իսկ փողոցը փակածները հանգիստ բացատրում են, որ անհանգստություն են պատճառում՝ մարդկանց ավելի մեծ անհանգստություններից ազատելու համար։

09։00 Նիկոլ Փաշինյանը շարունակում է գործողությունները Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Ճանապարհը փակել է նաև մի ավտոբուս, որը շրջվել է և երկայնքով կանգնել։ Մի փոքր վերև դեպի Ազգային ժողով տանող ճանապարհը փակել են ոստիկանները։

08։58 Ոստիկանները Բժշկական համալսարանի մոտ կանգնած մեքենաներից մեկի վարորդի անձանգիրը վերցրեցին, ապա ստիպեցին լքել տարածքը։

08:51 Երիտասարդական մետրոյի մոտ երկու վարորդ իջան մեքենաներից և միացան ուսանողներին։

08:44 «Մարշալ Բաղրամյան» մետրոյի կայարանը նույնպես փակ է, ցուցանակ է փակցված, թե այն ժամանակավորապես փակվել է տեխնիկական պատճառներով։ Մինչ դա, մետրոներում ակցիաներ էին սկսել ակտիվիստները՝ պառկելով վագոնների դռների արանքում։ Ոստիկանները մարդկանց ուժով հանում էին մետրոյից, ապա սկսել են փակել մետրոյի կայարանները։

08։39 Ոստիկանները փակել են մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանը, մարդկանց թույլ չեն տալիս ներս մտնել, մետրոյի ժետոններ չեն վաճառվում, հայտնում է Epress.am֊ի թղթակիցը։

08։29 Մի խումբ ուսանողներ փակել են Աբովյան փողոցը՝ Երիտասարդական մետրոյի մոտ։ Նրանք վանկարկում են՝ «դասադուլ», «գործադուլ»։

08։27 Նիկոլ Փաշինյանը բարձրացել է Բաղրամյան պողոտայով և ևս մեկ ավտոբուսի ճանապարհ փակել։ Մի խումբ ոստիկաններ են գալիս Բարղամյանի այդ հատված։ Ոստիկանները սկսել են արգելապատնեշներ տեղադրել Բաղրամյան պողոտայի սկզբնամասում։ Փաշինյանը կոչ է անում մեքենաների վարորդների անջատել մեքենաները։

08։23 Բաղրամյան պողոտայի միջնամասում՝ նախագահական նստավայրի մոտ, ոստիկանները արգելապատնեշներ են բերում մայթեր, սակայն փողոցն առայժմ չեն փակում, հայտնում է Epress.am֊ի թղթակիցը։

08։20 Փաշինյանի աջակիցները նստարաններ են տեղափոխում Բաղրամյան պողոտայի սկզբնամաս՝ փակելով տրանսպորտի ճանապարհը։

08։00 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առավոտյան 08։00-ին սկսել է անհնազանդության ակցիաների շարքը Երևանում, որոնք ուղղված են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ընդդիմադիրները ցանկանում են արգելափակել Ազգային ժողովի շենքը և թույլ չտալ, որպեսզի ապրիլի 17-ին կայանան վարչապետի ընտրությունները։ Փաշինյանը փակել է Բաղրամյան պողոտայի սկզբնահատվածում անցնող ավտոբուսի ճանապարհը։ Մի քանի մարդ բողոքում են՝ ասելով, որ աշխատանքի են գնում, զինվորական համազգեստով երկու մարդ ասում են, թե ծառայության են գնում։ Դրան ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ներողություն է խնդրում և ասում, որ իր արածը քաղաքական ակցիա է։ Փողոցի այդ հատվածում մեկ մեքենա միացել է Փաշինյանի ակցիային։