Գլխավոր / Մարզեր / Վանաձորում հարյուրավոր մարդիկ փողոցում են, ոստիկանները ուժ են կիրառում

Վանաձորում հարյուրավոր մարդիկ փողոցում են, ոստիկանները ուժ են կիրառում

Վանաձորի տարբեր հատվածներում այսօր առավոտվանից սկսած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկաններն ուժ են կիրառել ցուցարարների նկատմամբ՝ հրելով, հարվածելով, քաշելով, նրանց փորձել են հանել փողոցների երթևեկելի մասերից։

Այսօր ակցիաներին միացել են նաև «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, որոնք փակում են քաղաքի փողոցները։ Ոստիկանները հավաքի մասնակիցներին նույնպես փորձել են հեռացնել փողոցից։

Իր ելութում Փոստանջյանը նշել է, որ Գյումրին և Վանաձորը ոտքի են կանգնել ու ոստիկանները խաղաղ ցուցարարների դեմ բռնություն անելու փոխարեն, պետք է ՀՀԿ-ականների դեմ ընդվզեն․ «Ոստիկանությունն առաջին հերթին պետք է միջոցներ ձեռք առնի, որ կտրի զավթիչների ձեռքերը և ոստքերը։ Այդ ձեռքերից մեկն էլ Լոռու մարզպետն է»։

Փոստանջյանը, ըստ էության, հստակ չի պատասխանել լրագրողի այն հարցին, թե արդյոք նրա ընդվզման ակցիան կապ ունի «Մերժիր Սերժին» նախաձեռնության բողոքի ցույցերի հետ։ Նա միայն նշել է, որ «սա ազգային ազատագրական պայքար է և Սերժ Սարգսյանը սրա մի մասն է կազմում»։

Նշենք, որ ակցիայի ընթացքում որոշ ցուցարարներ փորձել են վանկարկել «Մերժիր Սերժին», սակայն րոպեներ անց սկսել են գոռալ «Ընդվզում»։

Epress.am-ի հետ զրույցում իրավապաշտպան Էդգար Խաչատրյանն ասել է, որ ի տարբերություն երեկվա՝ այսօր ոստիկանները մեծաթիվ են եղել։

Խաչատրյանը նշել է նաև, որ իր տեղեկությունների համաձայն՝ մոտ 100 ուսանողներ «Մերժիր Սերժին» շարքից ակցիաներ են անում քաղաքի տարբեր հատվածներում և այժմ հավաքված են Լոռու մարզպետարանի մոտ։