Գլխավոր / Ոստիկանություն / Քաղաքացիներին և նրանց փաստաբանին անօրինական կերպով թույլ չէին տալիս դուրս գալ ոստիկանությունից

Քաղաքացիներին և նրանց փաստաբանին անօրինական կերպով թույլ չէին տալիս դուրս գալ ոստիկանությունից

Արդեն 7 ժամ շարունակ 33 քաղաքացու ոստիկաններն ապօրինի կերպով պահում են Արաբկիրի ոստիկանության բաժանմունքում։ Epress.am-ի հետ զրույցում բերման ենթարկված Վահե Գևորգյանը, որն այս պահին դեռ ոստիկանության բաժանմունքում է, պատմել է ստեղծված իրավիճակի մասին։

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ փակել են Վաղարշյան-Կոմիտաս փողոցի խաչմերուկը։ Երբ երիտասարդները փողոցը բացել են և սկսել իջել են մայթով՝ ոստիկանները հասել են և բերման ենթարկել նրանց։

Ոստիկանության գործողությունների ընթացքում վնասվել է նաև Նանա Մանթաշևայի ձեռքի մատը․ «Ես ու Վահեն իջնում էինք, ոստիկանները սկսեցին քաշքշել, ոստիկանը մատիցս ոլորելով ու գրկած ինձ ուժեղ քաշում էր։

Ինձ էլ ուզում էին տանել դեպի մեքենա, սակայն փողոցում գտնվող կանայք ինձ օգնեցին, որ չտանեն»։

Մեզ հետ զրույցում կինը նշել է, որ ձեռքի մատն ուռել է և այժմ պատրաստվում է գնալ հիվանդանոց։

33 քաղաքացիներն անորոշ վիճակում դեռևս գտնվում են ոստիկանության բաժանմունքում։ Գևորգյանը նշել է, որ ոչ ոք իրենց հարցերին չի պատասխանում․ «Ում հարցնում ես, ասում է՝ ես կապ չունեմ»։

Մեզ հետ զրույցում փաստաբան Հայարփի Սարգսյանը, որն այժմ ևս գտնվում է ոստիկանության բաժանմունքում, նշել է, որ ոստիկանները նախ փորձել են իրեն ներս չթողնել։ Մեծ դժվարությամբ ներս մտնելուց հետո փաստաբանը սկսել է պահանջել քաղաքացիներին 3 ժամից ավել պահելու իրավական հիմքերը, սակայն նրան ասել են, որ իրենք «ինչ-որ գործողություններ արել» են՝ կազմել են արձանագրություններ և այլն։ Նաև ասել են, որ շուտով բոլորին դուրս են թողնելու։

«Երբ արդեն պետք է դուրս գայինք, պահանջեցին բերման ենթարկվածներից մեկից՝ Կար Ղուկասյանից, լուսանկարվել։ Ես իհարկե առակեցի և իմ առակությունը դարձավ հիմք, որ դռան բանալին կորի։

Եվ ես էլ չէի կարողանում դուրս գալ։ Երբ բանալին էլ հայտնվեց, ուղղակի բացահայտ կերպով ինձ հրաժարվեցին դուրս թողնել։ Այս պահին 1 ժամից ավել պահանջում եմ իրավական հիմքեր, չեն տալիս, պատճառաբանում են, որ գործը շատ է՝ 30֊ից ավել մարդ  կա և նյութեր են պատրաստվում, ծավալը մեծ է և չեն կարողանում պատճենահանել դրանք» ֊ պատմել է փաստաբանը։

Հայարփի Սարգսյանը կարծիք է հայտնել, որ այդ ամենն արվում է, որ քաղաքացիները չմասնակցեն Երևանում տեղի ունեցող ակցաիներին։

Հ․ Գ․ Նյութը հրապարակելուց 15 րոպե անց քաղաքացիենրին բաց են թողել։