Գլխավոր / Կրթություն / Դասադուլ Երևանում և մարզերում․ աշակերտների նկատմամբ ուժ են կիրառում (թարմացվող)

Դասադուլ Երևանում և մարզերում․ աշակերտների նկատմամբ ուժ են կիրառում (թարմացվող)

15։01 Ֆեյսբուքից․ Ուրեմն տեղեկություններ կան, որ Բերդավան գյուղի դպրոցի տնօրենը սպառնացել է ու ճնշել աշակերտներին, որոնք դասադուլի ու ինքնակազմակերպման փորձ են արել։

13։50 Ոստիկանության լրատվության բաժնից մեզ հայտնել են, որ զանգվածային անկարգություններին մասնակցելու կասկածանքով 88 դպրոցի մոտից բերման են ենթարկվել 6 անչափահասի և ներկայացվել են նախաքննություն իրականցվող մարմնին։

Ոստիկանությունից հրաժարվել են պատասխանել՝ արդյոք բերման ենթարկվածները դեռևս գտնվում են ոստիկանությոն բաժանմունքում, թե ոչ, արդյոք նրանց հետ եղել են մանկավարժներ կամ ծնողներ։

Երևանի և մարզերի տարբեր դպրոցներում սկսել են զանգվածային դասադուլներ, որոնք ուղեկցվում են ոստիկանական բիրտ ուժի կիրառմամբ։

Epress.am-ի հետ զրույցում «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ներկայացուցիչ Սոնա Այվազյանը նշել է, որ առավոտվա տեղեկություններով՝ Երևանի թիվ 88 դպրոցում, որտեղ դասադուլ էին հայտարարել, աշակերտներից մեկի ոտքը կոտրվել է։

«88 դպրոցում երեխաները դուրս են եկել, ինչ֊որ ոստիկաններ հարձակվել են, ծեծել են», ֊ ասել է Այվազյանը։

Դպրոցականներից մի քանիսին ոստիկանություն են տարել։

Նշենք, որ դասադուլ են հայտատարել նաև Արմավիրի 4-րդ դպրոցի աշակերտները։ Նրանց մի մասը դպրոցի շենքից դուրս է կանգնած և կոչ են անում միանալ իրենց։

Epress.am-ը կապ է հաստատել ոստիկանության հետ՝ ճշտելու բերման ենթարկվածների մասին տեղեկությունը։ Մեզ պատասխանել են, որ զանգենք մի քանի րոպեից և կպատասխանեն մեր հարցերին, սակայն այդպես էլ մեր զանգերին չեն պատասխանել։

Մեր տեղեկություններով՝ Կենտրոն վարչական շրջանի դպրոցներում Կրթության և գիտության նախարարությունն իրականացնում է ստուգումներ․ ուղարկվում են տեսուչներ, դպրոցների դռներն ամբողջ օրը փակ են պահվում, ներառյալ դասամիջոցներին։