Home / Կրթություն / Սովորողներին կոչ են անում հանել Սերժ Սարգսյանի նկարներն ուսումնական հաստատությունների պատերից

Սովորողներին կոչ են անում հանել Սերժ Սարգսյանի նկարներն ուսումնական հաստատությունների պատերից

Լրագրող, Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը Ֆեյսբուքի իր էջում ուղիղ եթերով հայտարարել է «Հանի՛ր Սերժին» ակցիայի մեկնարկի մասին։ Այս պահին նա ուղևորվում է Երևան՝ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին մասնակցելու համար։

Ակցիայի շրջանակներում նա կոչ է անում հանել Սերժ Սարգսյանի նկարները դպրոցների և այլ հաստատությունների պատերից․ «Մեկը հարցներ՝ ի՞նչ կապ ունի ինքը Թումանյանի, Մաշտոցի հետ․․․»։

Ակցիան, ըստ նրա, պետք է անցկացնել առանց կոպտության։

«Շատ քաղաքավարի, խնամքով տալիս եք նկարը տնօրենին, ասում՝ էս մարդը մեր քեռին չէ, անպայման ք-ով․․․ Ասեք՝ եթե շատ կսիրես էս մարդուն, տար քո ննջարանում կպցրու պատին։ Քեզ էղնի քո նկարը։ Իսկ էդ նկարի տեղը Հայաստանի ու Արցախի քարտեզ կախեք։ Ոչ մի կոպիտ բան անելու կարիք չկա։ Դպրոցների բարձր դասարանցիներ, ուսանողներ, մանկավարժներ, դասատուներին կողքի թողեցինք, մանկավարժներ, ովքեր իրենց ուսուցիչ են համարում, օգնեք ազատվել Սերժ Սարգսյանի ավտորիտարիզմից, անձի պաշտամունք ոսումնական հաստատություններում չպիտի լինի», – ասել է լրագրողը։

Բացի դա, նա առաջարկել է ակցիան ուղիղ եթերով հեռարձակել՝ հնարավոր ճնշումներից ու բռնությունից խուսափելու համար, նաև լուսանկարել գործողությունն անելուց առաջ և հետո։

«Ես էլ կարող եմ դա անել, բայց եթե դուք եք ուզում ազատագրվել, ձեզանից լավ ձեզ ազատագրող չի լինի։ Հայաստանում լուրջ փոփոխություններ են սկսվել, որոնք թույլ տվեք կոչել հեղափոխական փոփոխություններ», – ասել է Բարսեղյանը։