Գլխավոր / Ազգային ժողով / Շրջափակել փողոցներն առանց կենտրոնական կառավարման․ ցուցարարների ապրիլի 20-ի ծրագիրը (թարմացվող)

Շրջափակել փողոցներն առանց կենտրոնական կառավարման․ ցուցարարների ապրիլի 20-ի ծրագիրը (թարմացվող)

22։00 Ոստիկանությունից մեզ հայտնել են, որ 18։00-ի դրությամբ Երևանում ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ են տարվել 123 քաղաքացիներ, 85֊ի նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ և նրանց բաց են թողել, իսկ 38֊ը ներկայացվել են նախաքննությունն իրականացնող մարմնին։

21։30 Հատվածներ Նիկոլ Փաշինյանի ելույթից․

«Ընդամենը երկու օր առաջ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարում էր՝ կարող եք շնորհավորել ինձ, ես վերջապես Երևանում առանձնատուն ունեցա։ Նա նկատի ուներ այն առանձնատունը, հանրապետության թիվ մեկ առանձնատունը, որը նրա իսկ դիմումի համաձայն սեփականաշնորհել էր։ Երբ մենք դեռ Սպիտակում էինք կամ ինչ֊որ այլ տեղ Հայաստանում, և լրագրողն ինձ հարց տվեց, թե որը իմ կարծիքով կլինի ապագա կառավարության առաջին որոշումը, ես ասացի, որ առաջին որոշումը պետք է լինի Սերժ Սարգսյանի սեփականաշնորհած այդ առանձնատունը կրկին ազգայնացնելը, քանի որ դա Հայաստանի Հանրապետության սեփականությունն է։

Բայց այսօր իր անփառունակ Կառավարության առաջին նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե ինքնակամ հրաժարվում է այդ առանձնատնից։ Սա նշանակում է որ Սարգսյանն ինքը արդեն իսկ զգում է ժողովրդական թավշյա հեղափոխության շունչը։

Այսօր մեր փողոցային ակցիաների ամենահզոր օրն է եղել։ Եվ այդ ժամանակ, երբ մենք քայլելով Երևանի փողոցներում սկսեցինք բարձրաձայնել մի պարզ կարգախոս, հասկանալի դարձավ, որ թավշյա հեղափոխության հաղթանակը սարերի հետևում չէ։ Ի՞նչ էինք մենք ասում․ քայլում էինք փողոցներով և, վարորդներին դիմելով, ասում էինք մի բան՝ Սերժին դեմ ես, սիգնալ տուր։ Եվ այսօր Երևան մայրաքաղաքը հեղեղված էր ավտոմեքենաների շչակներից։ Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Երևանի փողոցներում, դա աներևեակայելի է։

Ժողովրդական հեղափոխությունը վեր է ածվել ժողովրդական տոնախմբության։ Որովհետև մարդիկ զգում են, կանխազգում են իրենց մոտալուտ հաղթանակը։

Այսօր ես կասկածներ ունեմ, որ այս շչակների ներքո շրջադարձային կերպով փոխվել է նաև ոստիկանության վերաբերմունքը, որովհետև այդ երթի ժամանակ ոստիկանությունն ուղեկցում էր մեզ և ակնհայտ էր, որ նրանք չեն հավատում իրենց տեսածին և լսածին։ Նրանք տեսան, որ Սերժ Սարգսյանը Հայաստանում գործնականում չունի կողմնակիցներ»։

Փաշինյանը հույս է հայտնել, որ ոստիկանները ժողովրդի առաջ կբացեն Բաղրամյան 26-ի դռները։

Նա նաև ընդգծել է, որ լրատվական բումի պարագայում ոմանք տեղի ունեցող գործընթացների մեջ փնտրում են արևմտամետություն, ոմանք ռուսամետություն, բայց «ես ուզում եմ շատ հստակ հայտարարել՝ քաղաքական այս գործընթացում ոչ մի աշխարհաքաղաքական կոնտեքստ չկա, մենք չենք առաջնորդվել և չենք առաջնորդվի ԱՄՆ-ի, Եվրամիության կամ Ռուսաստանի կամ որևէ այլ պետության շահերով, մեր միակ անելիքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական և ազգային շահի սպասարկումն է»։

Նա առաջարկել է վաղը ևս վերադառնալ Երևանի փողոցները տոտալ շրջափակելու մարտավարությանը, ինչպես արվել էր ապրիլի 16-ին։

«Դա պետք է լինի ցանցային։ Վաղը 08։15֊ից առանց կենտրոնական կառավարման, շրջափակում ենք Երևանի բոլոր փողոցները, Նոր Նորքում, Արարատյան մասիվում, Բանգլադեշում, Մալաթիայում, Լենինգրադյանում, Դավիթաշենում, Ավանում, և իհարկե՝ Կենտրոնում»,֊ ասել է նա։

Փաշինյանը դիմել է բեռնատարների վարորդներին․ «Վաղը հայտարարվում է բեռնատարներով բլոկադայի օր, որ էվակուատորով չկարողանան տանել։ Ֆուռ կանգնի, գերան կկոտրի»։

Նիկոլ Փաշինյանը չի հայտնել, թե որ թաղամաս է ինքը գնալու։ «Ես կմիանամ այն թաղին, որն առաջինը և ամենաակտիվը կփակի ճանապարհը», ֊ ասել է նա։

Վաղը 19.00֊ին ևս մեկ հանրահավաք է տեղի ունենալու Հանրապետության հրապարակում։ Այդ ցույցին Փաշինյանը հրավիրել է ոստիկանների հարազատներին։

Հանրահավաքից հետո երթ է մեկնարկել։

20։10 Հանրապետության հրապարակի հետ ձայնային կապ է հաստատել կանադահայ  դերասանուհի Արսինե Խանջյանի ելույթը։ Նա իր սոլիդարությունն է հայտնել ակցիայի մասնակիցներին՝ նշելով, որ չնայած ֆիզիկապես հեռու է, սակայն հոգեպես ցուցարարների հետ է։

Իր խոսքում նա անդրադարձել է նաև ոստիկանական համակարգին։

«Դուք եք, որ կոչված եք պաշտպանել ժողովրդին, ոչ թե օլիգարխների գլուխները։ Մնացեք երիտասարդների և նրանց պահանջների պաշտպան։ Դրանց իրականացումից հետո օգտվելու եք նաև դուք և ձեր ընտանիքները։ Անցեք ժողովրդի կողքը»։

Դիմելով Սերժ Սարգսյանին՝ ասել է․ «Բավ է այդ տառապանքը, որ տալիս եք մեր հայությանը։ Ես Հայաստանի քաղաքացի չեմ, բայց պահանջում եմ իմ հայրենակիցներին արդարությամբ մոտենաք։ Հրաժարվեք ձեր պաշտոնից։ Միակ թշնամին հայ ազգի դուք եք։ Ունեք ելք, գնացեք ձեր ճանապարհով, թող ժողովուրդը գնա իր ինքնավարության ճանապարհով»։

Հանրապետության հրապարակում նաև ելույթ է ունեցել երգահան Ռուբեն Հախվերդյանը, որն ասել է, որ ինքն անձամբ կպահանջեր ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլև Կարեն Կարապետյանի և Արմեն Սարսգայնի, առհասարակ ամբողջ Կառավարության հրաժարականը։

19։50 Հանրահավաքին ելույթ է ունեցել Թատերականի ուսանող Հովհաննես Հակոբյանը, որն այսօր ռեկտորի սենյակից հանել է Սերժ Սարգսյանի նկարը։

«Ողջույն Հայաստանի պատմության մեջ հայտնի ամենաըմբոստ հասարակությանը։ Ողջունում եմ Հայաստանի 3֊րդ հանրապետության իշխանություններին ցցերի վրա պահող երիտասարդությանը։ Այսօր երթի ժամանակ մեր թեթև ձեռքով եկավ և իր ներկայությունը ցուցաբերեց Սերժ Ազատի Սարգսյանի անփառունակ նկարը։ Եվ ես կոչ եմ անում, մասնավորապես, Թատերական ինստիտուտի դասախոսներին, իմ վարպետներին, Հայաստանի հայտնի մտավորականությանը, որոնք պետք է լինեն օրինակ երիտասարդության համար, ներկա լինել այստեղ և մեր հետ միասին քայլ անել ու մերժել Սերժին։ Ինչ է կատարվում սահմանում երիտասարդները տարված են Հայաստանի Հանրապետության և Արցախի սահմանները պաշտպանելու սուրբ գործով և այդ սուրբ գործը և այդ սուրբ գաղափարը չպետք է պտտվի գլխի վրա և դառնա մի քանի հոգու կարողությունները, հարստությունը պահելու ճղճիմ գաղափար»։

19։40 Հանրապետության հրապարակում մեկնարկեց Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարող մարդկանց հանրահավաքը։ Հարթակից խոսել է հաշմանդամություն ունեցող Արևիկ Մելքոնյանը․ «Ես դուրս եմ եկել փողոց, որովհետև դժգոհ եմ այս իշխանություններից, և, մասնավորապես, Սերժ Սարգսյանից, քանի որ միշտ և ամեն քայլափոխի ոտնահարվում են իմ իրավունքները։

Եվ կոչ եմ անում բոլոր նրանց, ովքեր առիթներ կամ պատճառներ են բերում, որ ֆիզիկապես ներկա չեն կարող գտնվել այս հանրահավաքին… ասում եմ, եթե ես ունեմ այդ հնարավորությունը ֆիզիկապես այստեղ գտնվելու, ուրեմն դուք ուղղակի պարտավոր եք։

Կոչ եմ անում բոլոր հաշմանդամություն ունեցող իմ ընկերներին և հաշմանդամություն ունեցող Հայաստանում բոլոր անձնանց դուրս եկեք և միացեք»։

Ֆեյսբուքից․ Այսօր Թատերական ինստիտուտում մի ուսանող թակել է ռեկտորի կաբինետի դուռը, ներս մտել, մոտեցել, սուս ու փուս նրա գլխավերևից արագ հանել Ս.Ս-ի նկարը ու փախել։ Հետևից ընկել են, չեն կարողացել բռնել։ )))))

Ես աշխատում եմ նույն ինստիտուտում և ողջունում եմ այդ ուսանողի քայլը, որի անունը չգիտեմ, ցավոք։

«Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ Սերժ Սարգսյանի նկարը ուսանողները տվել են իրեն։ Սանասարյանը նկարը գլխիվայր շրջած այսօր քայլել է Երևանի փողոցներում։

18:40 ԱԺ֊ի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին երկխոսության է հրավիրում․

«Որպես պետության ղեկավար, ես հրավիրում եմ կողմերին երկխոսության, ստեղծված վիճակից լավագույն ելք գտնելու համար:

Այդ առումով կիսում եմ իրավիճակի կապակցությամբ տարբեր հասարակական- քաղաքական կազմակերպությունների արտահայտած մտահոգությունները եւ ողջունում ՀՅԴ առաջարկությունը՝ ՀՀ նախագահի հովանու ներքո ստեղծել քաղաքական խորհրդակցությունների հարթակ, առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու նպատակով», ֊ մասնավորապես, ասված է նրա տարածած հայատարարության մեջ։:

17:42 Հազարավոր մարդիկ, որոնք վերջին  երկու ժամվա ընթացքում գտնվում էին «Կոնգրես» հյուրանոցի մոտ գտնվող այգում շարժվել են դեպի Հանրապետության հրապարակ։ Կառավարության շենքը շրջափակված է հարյուրավոր ոստիկաններով։ Այնտեղ մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը։ Այսօր 19։00-ին Հանրապետության հրապարակում ընդդիմադիրները հերթական հանրահավաքն են հրավիրել։

17։15 «ԵՊՀ ռեսթարթ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանի վրա փորձել են հարձակում գործել Նոր Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցի մոտ։ Epress.am֊ի հետ զրույցում նա ասել է, որ ընկերոջ հետ է եղել, երբ մոտ 15 երիտասարդ շարժվել են դեպի իրեն ու սկսել են հայհոյել։ Պետրոսյանն ասել է, որ ինչ֊որ ժամանակ անց նրանք փախել են դեպքի վայրից։

17:10 Այսօր Երևանի թիվ 4 դպրոցում դասերից բացակայած երեխաների ծնողներից պահանջել են երեխաներին վաղը դպրոց ուղարկել, ինչպես նաև այսօրվա բացակայության առթիվ գրավոր բացատրագիր ներկայացնել:

16։58 Այսօր Գյումրիում ոստիկանության աշխատակիցները 15։00-ի սահմաններում փորձել են բերման ենթարկել ցույցերի մասնակից 26֊ամյա քաղաքացու, որն այդ պահին ուղղակի փողոցով քայլելիս է եղել։ Ականատեսը պատմել է մեր թղթակցին, որ 6 ոստիկաններով հարձրակվել են վերջինիս վրա, փորձել նստեցնել ոստիկանական մեքենան, սակայն քաշքշուկի հետևանքով ակտիվիստը վնասել է ոտքը։ Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, որտեղ  պարզվել է, որ քաղաքացին ստացել է ծնկի սալջարդ։

16։25 Այսօր առավոտյան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից ուժի կիրառմամբ բերման ենթարկված Դավիթ Պետրոսյանին Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնից ազատ են արձակել։ Բաժնում բժիշկը վնասվածքներն արձանագրել է միայն սևագրում՝ խոստանալով արձանագրությունը մաքրագրելիս դրանք անցկացնել։

16։18 Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի վարչակազմից մի տղամարդ բղավելով հորդորել է լրագրության ֆակուլտետի դասախոս Մեսրոպ Հարությունյանին չաջակցել ուսանողների դասադուլին։ «Համալսարանի շենքում քաղաքական գործունեությունն արգելված է»,֊ ասել է նա։

Հարությունյանը պատասխանել է․ «Ես քաղաքական գործունեություն չեմ ծավալել, ուսանողներն են արել, ես  մոտեցել միացել եմ ուսանողներին»։

«Ուսանողները շատ բան կարող ա անեն,  դուք գնացեք, ձեր աշխատանքը կատարեք»։

Հարությունյանը կարգի է հրավիրել չինովնիկին․ «Պարտավոր եք հարգանքով խոսել։ Եթե չհարգեք, մենք տասն անգամ ավել չենք հարգի»։

16։16 Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ շարժմանը մասնակցում են հաշմանդամություն ունեցող բազմաթիվ երիտասարդներ։ Նրանցից մեկը՝ Սիփան Ասատրյանը, «Ազատության» հետ զրույցում ասել է․ «Ես սովորում եմ Ասպիրանտուրայի հատուկ կրթության ֆակուլտետում, որ զբաղվում է հաշմանդամություն ունեցողների հարցերով։ Ինչպես բոլոր ՀՀ քաղաքացիները, հաշմանդամություն ունեցողները բողոքներ ունեն։ Լինելով երիտասարդ՝ շատ եմ ուզում իմ հասակակիցների հետ պայքարին մասնակցել»։

15։55 Ծրագրավորողական «Սինոփսիս» ընկերությունում մի շարք աշխատակիցներ այսօր պահանջել են իրենց աշխատավայրից հանել շրջանակի մեջ վերցված Սերժ Սարգսյանի և նրա ու ընկերության աշխատակիցների հետ արված մի քանի տասնյակ լուսանկարները։

Ընկերության ղեկավարությունը սկզբում պնդում էր, որ թույլ չի տա դա անել, քանի որ մասնավոր ընկերության գույք է։ Ցուցարարները, իրենց հերթին, ասում էին, որ նախագահը փոխվել է, իմաստ չունի նկարները թողնել պատին կախված։

«Ոչ մի բռնապետի նկար այստեղ չպետք է լինի», ֊ ասել է աշխատակիցներից մեկը։

Ղեկավարներն, ի վերջո, որոշել են պատերից հանել, ոչ միայն Սերժ Սարգսյանի նկարները, այլև պատին փակցված բոլոր լուսանկարները։

Ֆեյսբուքից․ Նոր Հաճնի 2-րդ ավագ դպրոցում աշակերտները դասադուլ են հայտարարել երեկվանից՝ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Այսօր նույնպես դասի չեն գնացել։ Սա հավաստի տեղեկություն է, խնդրում եմ փոխանցել Նիկոլ Փաշինյանին։

15։15 Արարատի Նոր Կյանք գյուղի համայնքապետ Գարիկ Սարգսյանին բերման են ենթարկել Վեդիի ոստիկանության բաժին՝ Հյուսիս֊հարավ ավտոճանապարհն Արարատի հատվածում  արգելափակելու համար։ Նա փակել էր գյուղապետարանի դռները և գնացել ցույցի։

14։50 Ոստիկանությունից հայտնում են, որ 13։30֊ի դրությամբ Երևանում ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման են ենթարկվել 100 քաղաքացի։ Ֆեյսբուք սոցիալական ցանցում սկսել են կոչեր տարածվել՝ ոստիկանական բաժանմունքներ գնալու ու մասսայաբար կամավոր հանձնվելու մասին։ Մարդիկ պնդում են, որ այդպես կարող են պարալիզացնել ոստիկանական բաժինների աշխատանքը։

Twitter-ից․ «Մարշուտնու շոֆեռը սաղիս համար պլանշետով լայվա միացրել։ Մերժում ենք Սերժին»

13։53 Առավոտյան Կառավարական 3 շենքի մոտ ոստիկանները բռնության են ենթարկել խաղաղ ցուցարարներին։

Լրագրող Զարուհի Մեջլումյան, Ֆեյսբուքից․ «Իրավունքի տոտալ խախտումներ ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ` քաղաքացիներին բերում են առանց համարանիշերի մեքենաներով, անձնական մեքենաներով, քաղաքացիներին քաշքշելով, առանց օրինական պահանջ ներկայացնելու։ Չեմ հասցնում հաշվել բերվածներին»։

13։30 Ոստիկաններին հաջողվել է բացել «Սինոփսիսի» աշխատակիցների կողմից փակված Արշակունյաց պողոտան։

13։28 Բերման ենթարկված ցուցարար Վահագն Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ նա Զեյթունի ոստիկանության ներսում պատից հանում է Սերժ Սարգսյանի լուսանկարը և դուրս է շպրտում այն։

Gepostet von Vahagn Gevorgyan am Donnerstag, 19. April 2018

13։15 Ծրագրավորողական  «Սինոփսիս» ընկերության մի շարք աշխատակիցներ փակել Արշակունյաց պողոտա։ Ոստիկանները բռնությամբ բերման են ենթարկում մարդկանց։

12։10 Այսօր նախատեսված է Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կառավարության առաջին նիստը, որի ժամը պաշտոնապես չեն հայտնել։

Փաշինյանը տեղեկություն ունի, որ նիստը ժամը 17։00-ին է նախատեսված։ Նա հայատարարել է, որ իրենք շրջափակելու են Կառավարության շենքը՝ թույլ չտալով, որ նիստը կայանա։

Լուսանկարը՝ Սոֆյա Մանուկյանի

Սուրեն Սահակյան․ Ոստիկանության կենտրոնի բաժնում բերման ենթարկվածների նկատմամբ ինքնիրավչություն են իրականացնում՝ հեռախոսները փորձում վերցնել, IMEI կոդերը գրել, զեկուցագրերը չեն հասցնում պատշաճ կազմել ու նշում են բերման ենթարկման դրվագներ, որոնք բացարձակ կապ չունեն բերման ենթարկված անձանց հետ։ Եթե էս հարցը կարգավորվում ա որևէ կերպ, փաստաբան պետք ա ուղարկվի։

Դավիթ Գյուրջյան․ «Բերման ենթարկվածներ, որոնց փորձում են պահել ավելի քան երեք ժամ՝ իփր քրեորեն պատժելի արարքի կասկածանքի հիմքով։ Կասկածյալի կարգավիճակ անձը ձեռք է բերում միայն երկու դեպքում՝ խափանման միջոց (օրինակ՝ ստորագրություն չհեռանալու մասին) կիրառելու կամ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ դեպքում։

Ուստի պահանջեք առաջին հերթին հայտնել ձեր քրեադատավարական կարգավիճակը, ներկայացնել ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ (քրեական) արձանագրություն։ Բնականաբար այդպիսին չի լինելու, չեն հայտարարելու նաև, որ դուք ԿԱՍԿԱԾՅԱԼ եք, քանի որ դա պրոբլեմա իրանց համար։ Ուստի արձանագրեք, ձայնագրեք դա և պահանջեք անհապաղ ազատ արձակել ձեզ»։

12։10 Մի շարք դպրոցներից ահազանգում են, որ դռները փակել են, որպեսզի աշակերտները չկարողանան դուրս գալ և մասնակցել երթերին; «Մի քանի օր շարունակ ուսուցիչները չեզոքություն էին դրսևորում։ բայց հիմա ուսւուցիչնեը զանգահարում են ծնողներին և ասում են՝ ձեր երեխաներին կհեռացնենք։ Ես հորդորում եմ տնօրինությանը, որպեսզի չեզոքություն դրսևորի և թույլ տա, որ երեխաները իրենց սահմանադրական իրավունքից օգտվեն և դասադուլ անցկացնեն։ Այս կոչս ուղղված է ոչ միայն Հերացու քոլեջի տնօրենին, այլև բոլոր մյուս դպրոցներին», — հայտարարել է Հերացի քոլեջի մոտ գնացած Զարուհի Փոստանջյանը։
Նրա խոսքոը ընդհատել է մի տղամարդ՝ ասելով «հլը դավայ էղի ստուց»։ Փոստանջյանին այդ տղամարդը և մի խումբ կանայք սկսել են քաշքշել։

Կանայք փորձել են խլել Փոստանջյանի բարձրախոսը նա բացականչել է«հանրապետական կեղծարարներ»։ «Հանրապետական եմ ինչ եմ՝ լավ եմ անում», — ասել է կանանցից մեկը՝ ավելացնելով՝ երեխեքին տանում ես սպանելու։ «Սերժիկն ա երեխեքին սպանում», — հակադարձեց Փոստանջյանը:

11։41 Ահազանգ Երևանի Սոս Հովսեփյանի անվան թիվ 115 ավագ դպրոցից․

Ոստիկանները տնօրենի հետ մտնում են դասարաններ ու բոլոր աշակերտների պայուսակները ստուգում են։Ոստիկաններն էլ մի քանի խոսք են ասում և վախ ներշնչում դպրոցականներին։ Դա հիմա արվում է համարյա բոլոր դպրոցներում։
Երեխաներին պահում են բանալիով փակ դասարաններում։ Մ
եղկ են երեխաները, մի՛ ուղարկեք դասի, թքած թե դասղեկներն ինչքան են խնդրում ձեզ… Երեխաներին կալանավոր մի՛ դարձրեք։

Ժամը 11-ի դրությամբ Երևանի տարբեր մասերից բերման են ենթարկվել 30 քաղաքացիների, հայտնում են Ոստիկանության լրատվական բաժնից։ 

11։28 Ահազանգ Երևանի Մանուկ Աբեղյանի անվան թիվ 3 դպրոցից․

Էս երկուշաբթի ցուցարարները եկան մեր դպրոց, որ կոչ անեն՝ իրանց միանանք։Մի քանի աշակերտ դուրս էկան դպրոցից, որ միանան ցուցարարներին։ Մյուս օրը մեր ոստիկանը՝ անունը Լյուդվիգ Գևորգյան է (եթե չեմ սխալվում), համարյա բոլոր դպրոցից դուրս էկած աշակերտներին տարավ քաղմաս, ծնողներին կանչեց, ու մինչև երեկո մնացին քաղմասում։ Կոնկրետ չգիտեմ՝ ինչ էր կատարվում քաղմասում, բայց հեսա, որ դասի գնանք, համոզված եմ, որ հարցաքննելու ա բոլորին, ովքեր մոտիկ էին էդ էրեխեքի հետ (բոլորի մեջ ես էլ եմ մտնում)։

11.04 Երթը շարունակվել է դեպի «Փեթակ» առևտրի կենտրոն։ Այնտեղ կարմիր բերետավորները շրջափակել են առևտրի կենտրոնի մուտքը։ Նիկոլ Փաշինյանն անցել է ցանկապատի վրայով։ Նա հայտարարել է, որ պիտի մուտք գործի և առևտուր անի։ «Էդ կողմից մուտք կա, գնացեք մուտքերը պահե՛ք»,֊ ցույցի մասնակիցներին խնդրել է Փաշինյանը։

Ցուցարարներից մեկն էլ իր հերթին դիմելով Վալերի Օսիպյանին՝ ասել է․ «Ես ուզում եմ մտնել Փեթակ, ուտելիք առնել, սահմանի զինվորին ուղարկեմ, պարո՛ն Օսիպյան»։

11։00 Այսօր ծեծի ենթարկված լրագրող Տիրայր Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց կատարվածի մանրամասները՝ նշելով, որ հարձակվողները մուգ կապույտ գույնի կեպիներով մարդիկ էին, որոնք ակցիայի ընթացքում հեռախոսով պատմում էին, թե ինչ է կատարվում:

Մուրադյանին ծեծի ենթարկած անձը

«Կառավարական 3-րդ շենքից մոտ 10 մետր հեռավորության վրա, որտեղ կանգնած էր ոստիկանական միկրոավտոբուսը, նրանք իմ կողքը հայտնվեցին, մեկն ասաց՝ ինչի՞ ես նկարում, սկսեց հարվածել։ Հետո միացավ նրա ընկերը։ Գոռում էի, որ լրագրող եմ, բեյջս չէին կարող չտեսնել, ու գազելի մեջ նստած էին ոստիկաններ, որոնք տեսնում էին դա։ Երևի, իրենց պետք էր չնկարել, այսինքն՝ իրենք էդպես էին ուզում։ Գնում եմ նրանց ետևից դեպի Մելիք֊Ադամյան, այնտեղ ոստիկանական մեքենաներ էին։ Հրեշտակների գումարտակից մի ոստիկանին ասացի, որ ինձ հարվածել են։ Հիմա կոնկրետ չեմ հիշում ասածը, բայց արհամարհական պատասխանեց «հա, տեսել եմ, ի՞նչ անենք»։

10։40 «ԵՊՀ ռեսթարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոյսանին բերման են ենթարկում

10:38 Արարատի մարզի մի բնակիչ մեզ հայտնել է, որ Արարատ քաղաքից ամեն օր Երևան եկող ուսանողական ավտոբուսն այսօր չի աշխատել։ Պատճառների մասին չեն տեղեկացնում։ Մարդիկ ստիպված են եղել տարբեր վայրեր՝ Արտաշատ, Երասխավան հասնել և հետո Երևան գնալ։ Մեկ այլ ահազանգի համաձայն՝  արդեն 4-րդ օրն է՝ չի աշխատում Աբովյան-Երևան երթուղին։

10:25 Կառավարության 3֊րդ շենքի մոտ հավաքվել են նաև ազատամարտիկներ։  Նրանցից Վոլոդյա Ավետիսյանը հայտարարություն է արել․ «Հաղթեցինք պատերազմում, պարտվեցինք այս խաղաղության ժամանակ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Կոչ եմ անում բոլոր ազատամարտիկներին մասանկցել այս պայքարին, որպեսզի Հայաստանը փրկենք բռնապետական Սերժիկի ռեժիմից։ Ուրիշ ճար չկա։ Որտեղ ժողովուրդն է, այնտեղ էլ պետք է ազատամարտիկները լինեն»։

10։10 Ոստիկանական պատնեշի դեմ կանգնած ցուցարարները վանկարկում են․ «Քայլ արա, զենքդ դիր վայր»։

10։00 Epress.am֊ի թղթակիցն ընդգծում է, որ ավելի վաղ ցուցարարներին բերման ենթարկելիս ոստիկանները բիրտ ուժ էին կիրառում․ «Ոստիկանները հրաման ստացան բացել Կառավարական 3-րդ շենքի մուտքը։ Երբ բերման ենթարկված «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը փորձում էր դուրս գալ ոստիկանական «Գազելից», ոստիկանները նրա գլուխը կոպտորեն սեղմում էին մեքենայի ապակուն։ Ուժ կիրառող ոստիկանները մի պահ սկսել են վանկարկել․ «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»»։

09.30 Նիկոլ Փաշինյանը վերադարձել է Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ, որտեղից բերման էին ենթարկում ցուցարարներին։ Ոստիկանական պատնեշի դիմացը կանգնած՝ նա ելույթ է ունեցել․ «Վերջերս իմ ընկերներից մեկը պատմեց, որ իր տան շինարարության վրա ոստիկանության աշխատակից է գնացել աշխատելու, ընդ որում՝ կարմիր բերետավոր։ Ես չեմ հասկանում, եթե դուք էդքան ծառայություններ մատուցելով իշխանությանը, ստիպված եք ոչ աշխատանքային օրերին գնալ, մասնավորի մոտ ցեմենտ֊բետոն անել, կարո՞ղ եք բացատրել՝ ինչո՞ւ եք այստեղ կանգնած վահաններով»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար, Sut.am կայքի հիմնադիր Դանիել Իոաննիսյանը Ֆեյսբուքում․ «Հենց նոր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել մեր լրագրող Tirayr Muradyan-ին (ով բեյջ էր կրում)։ Տարածքում ներքա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։ Ծեծողների լուսանկարները կան, կհրապարակենք քիչ անց»։

09։22 Ոստիկանները «Գազելի» տակից հանեցին երիտասարդին և բերման ենթարկեցին։ Epress․am֊ի թղթակիցը հայտնում է, որ այժմ Կառավարական 3-րդ մասնաշենքի դուռը բաց է, աշխատակիցները կամաց֊կամաց ներս են մտնում։ Մի քանի տասնյակ ցուցարարներ վանկարկում են՝ «ամոթ, ամոթ»։

09։19 Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողներից պահանջել է ոստիկանական գործողությունների վայրից հեռու կանգնել։

09։15 Մարդկանց շարունակում են բռնի ուժով բերման ենթարկել։ Տասնյակ ոստիկաններ շրջափակել են Կառավարական 3-րդ մասնաշենքը։ Նշենք, որ նախարարությունների աշխատողներից ոմանք հորդորում էին ոստիկաններին բերման չենթարկել մարդկանց, ասում էին, որ իրենք դեմ չեն ակցիային։

09։00 Կառավարական 3-րդ շենքի կենտրոնական մուտքի մոտ ոստիկանները սկսել են բռնի ուժ կիրառել խաղաղ ցուցարարների նկատմամբ։ Ոստիկանական մեքենա են տարել ցուցարարներից Դավիթ Պետրոսյանին և Մարիամ Անանյանին։ Ցուցարարները շրջափակել են ոստիկանական «Գազելը», թույլ չեն տալիս որ այն շարժվի։ Ոստիկանական մեքենայի տակ մարդ է մտել։ Լրագրողների՝ այդ մասին տեղեկացնելուց հետո, ոստիկաններն անջատեցին «Գազելի» շարժիչը։

08։55 Կենտրոնական մուտքի մոտ ցուցարարներին նույնպես հրում էին, այժմ նրանք նստել են գետնին։ Նախարարության որոշ աշխատակիցների արդեն հաջողվել է շենք մտել։ Նիկոլ Փաշինյանը դիմում է նախարարության աշխատակիցներին՝ կոչ անելով միանալ իրենց խաղաղ բողոքին։

08։52 Կառավարական 3-րդ մասնաշենքի հետնամուտքի մոտ, որտեղ Նիկոլ Փաշինյանն է, ոստիկանները սկսեցին հրելով և ուժ կիրառելով մարդկանց հեռացնել մուտքի մոտից։ Նիկոլ Փաշինյանը նստեց գետնին և նրան դադարեցին հրել։ Ցուցարարներից երեքին բերման են ենթարկում։

08:45 Ոստիկանները սկսեցին հրել մարդկանց Կառավարության երրորդ մասնաշենքի հիմնական մուտքի մոտ, որն արգելափակել են մի քանի տասնյակ ցուցարարներ։ Ցույցի մասնակիցների շարքերը, սակայն, ճեղքել չհաջողվեց։ Ոստիկանները ցուցարարներից պահանջում են բացել ճանապարհը աշխատակիցների համար։

08։33 Նիկոլ Փաշինյանն աջակիցների հետ մոտեցել է Հանրապետության հրապարակի մոտ գտնվող Կառավարական համար 3 մասնաշենքին, որտեղ մի քանի նախարարություններ են տեղակայված։ Շենքի դիմացը ոստիկանական պատնեշ է։ Ցուցարարների մի խումբ մնացել է շենքի դիմաց, մյուսները՝ շարժվել են Նիկոլ Փաշինյանի հետ նույն շենքի հետնամուտքի մոտ, որը նույնպես արգելափակել են։ Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ նախարարությունների աշխատակիցները չեն կարողանում շենք մուտք գործել։

08։00 Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակ է եկել։ Առայժմ այնտեղ քիչ թվով քաղաքացիներ են հավաքված։

07:55 Նիկոլ Փաշինյանը 7 ժամ առաջ հետևյալ գրառումն է արել Ֆեյսբուքում․ «Հենց նոր հեռախոսազրույց ունեցա Սերժ Թանկյանի հետ։ Նա աջակցում է մեզ։ Ինչ վերաբերում է Հայաստան գալ-չգալուն, իր պատասխանը նա ինքը կհրապարակի!!!»։

07:50 Ոստիկանական ուժերը կենտրոնանում են ՀՀ կառավարության շենքի մոտ և Հանրապետության հրապարակի տարածքում։ Երեկ հակակառավարական ցույցերը ղեկավարող Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մարդկանց Հանրապետության հրապարակում հավաքվել և սկսել արգելափակել պետական գերատեսչությունների շենքերը, որպեսզի աշխատողները չկարողանան աշխատանքի այցելել։

Լուսանկարը ապրիլի 18-ի հավաքներից․

ԵՐԵԿՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ այստեղ