Գլխավոր / Կրթություն / Փոստանջյանի վրա հարձակվել են և սպառնացել դստերը հեռացնել դպրոցից

Փոստանջյանի վրա հարձակվել են և սպառնացել դստերը հեռացնել դպրոցից

«Հերացի» ավագ դպրոցից երեկ զանգահարել են «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանին, ում 15–ամյա դուստրը սովորում է այնտեղ, և սպառնացել, որ նրան հեռացնելու են դպրոցից՝ դասադուլին մասնակցելու պատճառաբանությամբ։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարության մեջ։

Այսօր Փոստանջյանը խաղաղ ակցիա է անցկացրել դպրոցի մոտ։

Նրա ելույթի ժամանակ երկու կին, մեկ տղամարդ և բժշկական խալաթով մեկ այլ կին հարձակվել են Փոստանջյանի վրա և խլել բարձրախոսը, այնուհետև ձեռքերից ուժեղ բռնելով՝ վնասել են մատները: Այս ամենը ուղեկցվել է վիրավորական խոսքերով։

Ներկա գտնվող ոստիկաններն այդ անձանց կողմից բռնությունը կանխելու և հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ համապատասխան գործողություններ չեն ձեռնարկել։

«Դեռ ավելին՝ իրենց արտաքուստ անգործությամբ փաստացի նպաստել են վերոնշյալ չորս անձանց ագրեսիային», ֊ ասված է «Երկիր Ծիրանիի» հայտարարության մեջ։

Կուսակցությունը հաղորդում է տվել հանցագործության մասին և խնդրել քննության առարկա դարձնել այն և մեղավորներին կանչել պատասխանատվության։