Գլխավոր / Ազգային ժողով / Ոստիկանները դաժանացել էին, մարդիկ աննախադեպ շատացել․ ապրիլի 20֊ը (թարմացված)

Ոստիկանները դաժանացել էին, մարդիկ աննախադեպ շատացել․ ապրիլի 20֊ը (թարմացված)

Ապրիլի 20-ի հանրահավաքին Զառա Բաթոյանի և Նիկոլ Փաշինյանի ելույթները․

Առանց անձնական համարների և տարբերակող նշանների ոստիկանները 18։00-ից մարդկանց բերման էին ենթարկում Մաշտոցի պողոտա֊Ամիրյան խաչմերուկից:

19:15 Հայաստանում գործող «Սինջար եզդիների ազգային միավորում»-ն աջակցում է #ԻմՔայլը շարժմանը։

«Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին ստեղծված իրավիճակը չի կարող անտարբեր թողնել և ոչ մի քաղաքացու: ՀՀ գործող իշխանությունները իրենց հակաժողովրդավարական գործունեությամբ խախտում են բոլորի իրավունքները, այդ թվում նաև ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքները: «Սինջար եզդիների ազգային միավորում»-ը կոչ է անում իր բոլոր համակիրներին միանալ և աջակցել #Իմքայլը շարժմանը՝ հանուն ուժեղ և ժողովրդավար Հայաստանի Հանրապետության», ֊ ասված է կազմակերպության հայտարարության մեջ։

Ժամը 18։00֊ի դրությամբ Երևանում ոստիկանության տարբեր բաժանմունքներ 233 քաղաքացի է տարվել։

18:57 Այսօր 13:35֊ին Այվազովսկու փողոցում (Էրեբունի համայնք) Toyota մակնիշի մեքենայից դուրս եկած մի քանի երիտասարդ սկսել էին ծեծի ենթարկել բժշկական ուսումնարանի ուսանողներին։ Hraparak.am֊ի փոխանցմամբ՝ ցուցարարների վրա հարձակվողներից մեկը ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի շրջապատից է։ «Նրանցից մյուսը, որի ձեռքին մահակ կա, Արշակ Հակոբյանի՝ Վովայի Արշակի հարազատ եղբայրն է, անունը՝ Սարգիս, Սաքուլիկ են ասում, մյուսը Արշակի սանիկն է, երրորդն էլ նրանց ընկերն է», ֊ գրում է կայքը։

Նշենք, որ հարձակման ենթարկվածներից մեկը, համաձայն մամուլի հրապարակումների, «Սասնա Ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի որդին է։

18։55 Այսօր մի խումբ Ֆրանսիայում բնակվող հայեր մտել են Փարիզում Հայաստանի դեսպանատուն․

Gepostet von Hamlet Atoyan am Freitag, 20. April 2018

18:50 Բրյուսովի անվան համալսարանի մոտ այսօր զանգավածաբար բերման էին ենթարկում․ Մանրամասները՝ տեսնայութում․

18:35 Այսօր ժամը 15։30-ի սահմաններում Կորյուն փողոցից կարմիր բերետավորները բերման էին ենթարկում նույնիսկ նրանց, ովքեր ուղղակի հետևում էին անհնազանդության ակցիաներին։ Ոստիկանները, ինչպես միշտ, անտարբեր էին իրենց ուղղված ամոթանքներին։ Մանրամանսերը՝ տեսանյութում․

18:15 Մաշտոցի պողոտայում ոստիկանական մեքենայով հետապնդել են մի տղամարդու և մի քանի հոգով ծեծի ենթարկել։ Տղամարդը (նկարում ստորև) ուշագնաց գետնին է ընկել, օգնության հասածները ջուր են տվել նրան և մի քանի րոպեից կարողացավ խոսել։ Նույն վայրից ոստիկանները բերման են ենթարկել մոտ 30 հոգու։ Այժմ ոստիկանական մեծ ուժեր են կուտակված Ամիրյան-Մաշտոց խաչմերուկի հատվածում։ Ուսադիրավորների համազգեստներին կրկին բացակայում են տարբերանշանները՝ անձնական համարները։

 

Մոսկովյան փողոցում գտնվող «Ստոպ Ակումբը» միացել է ժողովրդական շարժմանը՝ շրջելով դինամիկները դեպի փողոց։ Բարձրախոսներից հնչում էր «Որդան կարմիր» ռոք խմբի «Քայլ արա» 2016-ին հրատարակված երգը։ Ակումբի ղեկավարին մոտեցած ոստիկանը տեսախցիկների առջև ասաց, որ նրանք երկու օրից կայցելեն «Ստոպ» 20 հոգով՝ «ծնունդ նշելու»։

Պատասխանելով լրագրողների հարցերին, ակումբի ղեկավարը նշել է, որ վախենում է, սակայն չի կարող չմիանալ․ «Ռոքը միշտ ժողովրդի հետ է եղել»։

«Դալմա» առևտրի կենտրոնի աշխատողները խանութների պլակատները վերցրել, դուրս են եկել փողոց։

Զեյթունում ոստիկանները խլում են դպրոցականների հեռախոսները և այլ նկարահանող սարքերը։

Արարատ քաղաքում բողոքի ակցիա կազմակերպող քաղաքացիներից մեկը Epress.am֊ին հայտնել է, որ ոստիկաններն իմացել են մտադրության մասին և փորձել են կանխել ակցիան՝ ծնողներին զանգելով։ «Մենք 17-30 տարեկաններով փորձում էինք ակցիա անել, քննարկում էինք ֆեյսբուքում չատով։ Չատում հայտնվել է ոստիկանության հետ համագործակցող,և այն բանից հետո, երբ վայրը գրեցինք, ոստիկանները զանգել են մեր ծնողներին, չնայած մենք բոլորս չափահաս մարդիկ ենք։ Այս պահին ոստիկանները զանգել են մեր երեխեքից մեկին և ասել են, որ գալու են նրանց տուն։ Մենք ակցիան այնուամենայնիվ անելու ենք, այն պլանավորված է վաղը։ Արարատում էլ պետք է լինի․․», — ասել է մեզ ահազանգած քաղաքացին։

Նկարներ Երևանի փողոցներից

Աբովյան քաղաքի «Աբովյան» սուպերմարկետի մոտ հավաքվել են մի խումբ քաղաքացիներ, որոնք մտադիր են երթով շարժվել դեպի Կինոյի տուն։ Այստեղից նախատեսվում է մոտ 40 մեքենաների մասնակցությամբ ավտոերթ՝ դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ 19։00-ին հանրահավաք է սպասվում։

Աբովյան․

Արփինե Գալֆայան․ ձեռ-քցող ոստիկաններ, կանանց իրենց տղամարդկային բարձունքից “պաշտպանող” ցուցարարներ, սեքսուալ հագնված ընկերուհիների հետ միտինգների գալու կոչեր՝ բազմա(տղա)մարդ ակցիաներ ապահովելու համար, պոռնկանոցի հետ պոետիկ սեքսիստական համեմատություններ, բեմից կոչեր «տղերքին», ընդամենը մեկ ֆեմինիստական նախադասություն պլատֆորմից… wtf

17:15 Մարդիկ պարբերաբար փակում են Արշակունյաց պողոտան Երևան մոլի մոտակայքում։ Անհնազանդության ակցիաներին միանում են վարորդները։ Երբ ոստիկանները ցրում են հետիոտներին, վարորդները սկսում են շատ դանդաղ շարժվել և ձայնային ազդանշաններով ողջունել հակակառավարական շարջումը՝ չենթարկվելով ուսադիրավորների պահանջներին։

Տեսանյութ Մոնումենտից՝

Ֆեյսբուքից․ Իմ ընկեր Օլեգ Քամալյանը համաձայն չլինելով ՀՀԿ-ի ղեկավարների վարած քաղաքականությանը, վայր է դրել ՀՀԿ անդամատոմսը: Սա սկիզբն է…

16։00 Այսօր Երևանում կայացած «Սերժը մեր «պապան» չի, մենք «պապա» չունենք․․․» ակցիայի տեսանյութը։ Ոստիկանները անհամաչափ ուժ են կիրառում բերման ենթարկվածների նկատմամբ․

Ֆեյսբուքից․ Մի երթուղայինի վարորդ ժողովրդին Շրջանային իջեցրել ա, ասել ա՝ ֆսյո հասանք, էլ չեմ քշում, ես գնում եմ ակցիա անեմ: Պտուղները հավաքվում ա:

15։30 14։00-ի դրությամբ ոստիկանական բաժիններ են բերվել 166 քաղաքացի։

Ֆեյսբուքից․ Հայ Ժողովրդի կողմից:

15։00 Մաշտոցի պողոտայից բերման ենթարկված Զառա Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է, որ իրենց նստացրել են ոստիկանական մեքենայի հետևի խցում՝ «թե բա, ճաղերի համը զգացեք»։

«Մի քիչ առաջ բերեցին երկու անչափահաս տղաների։ Չգիտեմ՝ ուր են տանում։
Չեն ներկայանում։ Հետևի մասի խուց մենակ ինձ են նստացրել։ Ասում են՝ աղջիկը պետք ա իրա տեղը իմանա։ Հետներս եկող կարմիր բերետավորը բայց շատ լավ տղա ա։ Որ մենակ մնացինք, ասեց՝ պինդ կաց։ Ասում եմ՝ էս ձեր մայոռն ակնհայտորեն վատ մարդ ա, էն որ դեմքից երևում ա։ Ասում ա՝ ինչ ճիշտն ա, ճիշտն ա»։

14:55 Արշակունյաց պողոտայում՝ փողոցի երթևեկելի հատվածում, երկու մեքենա է փակել ճանապարհը։ Վարորդները փակվել են մեքենայում։ Ոստիկանությունը նախապես ասել էր վարորդներին, որ մեքենան փողոցի երթևեկելի հատվածից դուրս չբերելու դեպքում դրանք կհանվեն քարշակի օգնությամբ։ 14։55֊ին մեքենաները վարորդների հետ միասին քարշակի միջոցով դուրս բերվեցին փողոցից, սակայն մեկ այլ մեքենա է եկել և փոխարինել քարշակով տարված մեքենաներին։ Ոստիկանները բռնություն գործադրելով այդ մեքենայից դուրս են բերել վարորդին։ Քաղաքացին կորցրեց գիտակցությունը, բայց ոստիկանները նրան հրեցին մեքենայի մեջ և շարժվեցին։

14:03 Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ մի խումբ մարդիկ արգելափակել են Վաղարշյան֊Կոմիտաս խաչմերուկը՝ լուրջ խցանում ստեղծելով։ Խցանման պատճառով տարածքից չեն կարողանում դուրս գալ մի քանի ավտոբուսներ, որոնց մեջ ոստիկաններ են նստած։

14։00 Քաղաքացիները շարունակում են արգելափակել Երևանի բազմաթիվ փողոցներ։ Տեսանյութում՝ Խանջյան փողոցի մի հատվածի երթևեկությունը կանգնում է, երբ տասնյակ մարդիկ երթով են անցնում։ Մեքենաները նրանց ողջունում են ձայնային ազդանշաններով։

13։40 Կիևյան կամրջի սկզբնամասում բեռնատարների 3 վարորդներ միացել են ցուցարարներին՝ փակելով ճանապարհը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վարորդներից մեկն ասել է, որ ցանկացել է միանալ երիտասարդությանը և լինել երեխաների կողքին։

«Ցանկանում ենք, որ երեխաները լավ ապրեն»,֊ ասել է վարորդը։ Նա նշել է, որ իր համար միևնույնն է ոստիկանությունն իրեն անհանսգտացնելու է, թե՝ ոչ։

13:35 Լրագրող Անի Գևորգյանն ականատես է եղել, թե ինչպես են Այվազովսկու փողոցում (Էրեբունի համայնք) Toyota մակնիշի մեքենայից դուրս եկած մի քանի երիտասարդ սկսել են ծեծի ենթարկել բժշկական ուսումնարանի ուսանողներին։ Հարձակվողներից մեկի ձեռքը մահակ է եղել, որով հարվածել է պատանիներից մեկին։

«16-18 տարեկան բժշկական ուոումնարանի ուսանողներ են: Փորձում էին փակել փողոցը, մայթին կանգնած տղամարդիկ սկսեցին բարոյախրատական հորդորներ տալ, թե հիվանդանոցի (Էրեբունի) դեմն եք փակել, չի կարելի: Ուսանողները որոշեցին գնալ, փողոց փակել Էրեբունի թանգարանի մոտ: Մայթով քայլում էին, երբ էդ մեքենան մոտեցավ», ֊ պատմել է Գևորգյանը: Նա նշել է, որ ծեծից հետո երիտասարդներին մեկ այլ  մեքենա է մոտեցել և դրանով եկածները փորձել են ուսանողներին բերման ենթարկել, սակայն հետո հեռացել են։

Գևորգյանի տեսանյութը․

քիչ առաջ Էրեբունիում` Այվազովսկու փողոցում քաղաքացիական հագուստով անձինք մահակով ծեծի են ենթարկում անչափահաս ցուցարարներին: հասցրեցի վիդեո անեմ

Gepostet von Ani Gevorgyan am Freitag, 20. April 2018

13։20 Հանրապետական ծննդատան աշխատակիցները դուրս են եկել ողջունելու ցուցարարներին։

Լուսանկարը՝ Էմիլ Ավետիսյան

13։00 Առավոտյան 11։00-ին մի քանի ՏՏ ընկերությունների աշխատողներ Ալեք Մանուկայն փողոցում իրականացրել են Infinite loop (անվերջ ցիկլ) ակցիան, որով ծրագրավորողները փորձում էին կաթվածահար անել փողոցի երթևեկությունը: Ծրագրավորողներից 8-ը բերման են ենթարկվել:

12։55 Գյումրիի Տեխնոպարկում ծրագրավորողները պատերից հանել են Սերժ Սարգսյանի նկարները։ Երեկ նման ակցիա էին իրականացրել «Սինոփսիս» ծրագրավորողական ընկերության աշխատակիցները։

Գյումրիի տեխնոպարկի բակից Սերժ Սարգսյանի տնկած ծառի ցուցանակը հանում են․

Gepostet von Sergey Galstyan am Freitag, 20. April 2018

12։50 Կանանց խմբի անդամներին սկսել են բերման ենթարկել Հանրապետության հրապարակի մոտից։ Ոստիկանները տարել են իրավապաշտպաններ Լարա Ահարոնյանին և Աննա Նիկողոսյանին։ Նրանց տանում են Շենգավիթի բաժին։ Ակցիայի վայրից բերման են ենթարկել նաև մի տղամարդու, որը միացել էր բողոքողներին։ Ինչպես հայտնում է Epress.am֊ի թղթակիցը, ոստիկանական մեքենայում նրան նկատմամբ բռնություն են կիրառել։ Բերման ենթարկողները եղել են ոստիկանական համագզեստով, սակայն առանց որևէ տարբերանշանի համազգեստի վրա։ Մեր թղթակիցը մի քնաի ոստիկանից հարցրել է՝ ինչու չկան տարբերանշաններ, և բոլորը պատասխանել են, թե դրանք պոկել են քաղաքացիները։

Քաղաքացիական հագուստով ոստիկանների մասին

12։30 Մի խումբ երիտասարդ կանայք մի քանի րոպեով փակել են Նալբանդյան փողոցը Սախարովի հրապարակի հատվածում՝ հետիոտնի համար նախատեսված անցումով այս ու այն կողմ անելով։ Մի խումբ կարմիրբերետավորներ սկսել են հեռացնել նրանց փողոցից և կանայք երթով իջել են Հանրապետության հրապարակ։

Նրանք վանկարկում էին․ «Սերժը մեր պապան չի, մենք պապա չունենք»։ Ակցիայի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին միանալ իրենց։

12:15 Ազատության պողոտայում տասնյակ ոստիկաններ մարդկանց բերման են ենթարկում։ Քանի որ անհրաժեշտ քանակությամբ մեքենաներ չկան, նրանք կանգնեցրել են 1 համար ավտոբուսը և վարորդից պահանջել մարդկանց դրանով տանել։ Նա հրաժարվել է և ղեկին ոստիկան է նստել։

11։40 Մեր ընթերցողներից մեկը հայտնում է, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցի աշակերտները այս պահին դասադուլ են անում: Նրանցից մի մասին փակել են դպրոցում, մյուսները կարողացել դուրս գալ և հավաքվել դպրոցի մոտ։

11։37 Տասնյակ քաղաքացիներ փակել են Կիևյան փողոցը։ Երթևեկությունը կաթվածահար է եղել։

11։30 Ազատության պողոտան փակած քաղաքացիներից 7-ին բերման են ենթարկել, երկուսը կին են։ Ոստիկանները նրանց բերման էին ենթարկում «Երազ» մակնիշի մեքենայով։ Այս պահին Ազատության պողոտան 11։35֊ի դրությամբ երթևեկելի է, սակայն մեքենաները դանդաղ են ընթանում և ձայնային ազդանշաններ հնչեցնում՝ ի նշան սոլիդարության։ Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիան։

11:25  «Իրազեկ քաղաքացիների միավորում» և Sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանին բերման են ենթարկել Երևան֊Աբովյան ավտոճանապարհին։ Մուրադյանի վրա տեսանելի էր բեյջ, ոստիկանները չեն բացատրում՝ ինչու են տարել նրան։ Տիրայր Մուրադյանը երեկ բռնության էր ենթարկվել քաղաքացիական հագուստով ոստիկանը, գտնվում էր հիվանդանոցում և այսօր կրկին աշխատանքի էր դուրս եկել։ Իր ֆեյսբուքյան էջում Տիրայր Մուրադյանը գրել է, որ իրեն տանում անհայտ ուղղությամբ։ Տանելուց մոտ կես ժամ հետո Մուրադյանին բաց են թողել։

11։00 Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները փակել էին Արշակունյաց պողոտան։ Ոստիկանները մի քանիսին ուժի կիրառմամբ բերման են ենթարկել։

Արշակունյաց փողոց Թերլեմեզյանի ուսանողները փակել են։ #ԱզատԱնկախՈւսանող #Միացեք

Gepostet von Lusine Hayrapetyan am Donnerstag, 19. April 2018

10։58 Երևանում մարդկանց շարունակում են բերման ենթարկել։ Քաղաքացիները չեն դադարում փողոցները փակելու փորձերը։ Բերման ենթարկվածների թիվը 40-ին մոտ է։ Ֆեյսբուքում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես են մարդիկ փորձել փակել Երևան֊Աբովյան ճանապարհը։ Ոստիկանները մարդկանց հրելով հեռացրել են դեպի մայթ։

10։35 Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ փակել էր Դավիթաշենի կամուրջը։ Ոստիկանությունը կարողացավ միայն միակողմանի բացել երևեկությունը կամրջի վրա։

Ֆեյսբուքից․ Առավոտը Լևոնիս հետ քայլում ենք ու ակամա լսում եմ մեր առջևից քայլող 2 ոստիկանների…

Առաջինը — Արա, բա նամուս-թասիբ ունեցի… չեն ուզում՝ թող գնա…
Երկրորդը — Է՜հ, էս ցույց-մույցից օգուտ չկա, սրան պիտի խփեն…

Չէ տղաներ, ամեն ինչը թողած մի կողմ՝ դուք ձեր փայ անելիքը ուրիշի վրա մի գցեք… Ես շատ քիչ բան եմ ակնկալում ձեզանից. Էլի ոստիկան աշխատեք, բայց և մնացեք օրինականության սահմաններում, դուք խաղաղ ցույցին բռնանալու իրավունք չունեք:

10։20 Փաշինյանը ձեռքում պահել է «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» գրությունը և բազմաթիվ մեքենաներ ձայնային ազդանշանով ողջունում են երթը։ Փաշինյանը շարժվում է դեպի Կոմիտասի պողոտա։

10։10֊ի դրությամբ ոստիկանությունը հայտնում է 26 բերման ենթարկվածների մասին։

10:10 Նիկոլ Փաշինյանին Գյուլբենկյան փողոցում միանում են տասնյակ մարդիկ։ Նա երթ է սկսել, որի ընթացքում բարձրախոսով կոչ է անում միանալ թավշյա հեղափոխությանը։

10։00 Ոստիկանները պնդում էին, որ Գյուլբենկյան փողոցում արգելափակված ավտոմեքենայում հղի կին է և որ ցուցարաները սահմանափակում են նրա իրավունքները։ Կինը, սակայն, ասել է, որ խնդիր չի տեսնում և պատրաստ է սպասել հանուն ապագայի։

Լրագրող Թաթուլ Հակոբյան․ «Մասիվի կանգառում սպասում եմ ավտոբուսի, որ իջնեմ գործի, երեք երեխաների հայրը փորձում է ճանապարհ փակել»

09։40 Նիկոլ Փաշինյանը  մի քանի աջակիցների հետ Գյուլբենկյան փողոցում փակել է մեքենան հեռացնող էվակուատորի ճանապարհը։

09։35 Մաշտոցի պողոտա֊Սայաթ Նովա փողոց խաչմերուկից եռագույններով փաթաթված 4 երիտասարդի են բերման ենթարկել։ Ականատեսը պատմել է Epress.am֊ի թղթակցին, որ երիտասարդները չէին փորձում փողոց փակել, պարզապես կանգնած էին մայթին։

09։30 Քաղաքացիները Epress.am֊ի թղթակցին պատմել են, որ տեսել են, թե ինչպես են մարդկանց բերման ենթարկում առանց համարանիշների մեքենաներով։

09:20 Քաղաքացիները մեքենաներով փակել են մի շարք փողոցներ։ Մասնավորապես, Գյուլբենկյանի վրա ոստիկանները փողոցը փակած մեքենայից հանել են վարորդին, խլել բանալիները և ուժի գործադրմամբ նստեցրել են իր իսկ մեքենայի հետևի նստատեղին։ Նրան բերման են ենթարկել։

09։05 Առավոտվանից Երևանի տարբեր հատվածներում մարդիկ փողոցներ են փակում։ Կան բերման ենթարկվածներ Արաբկիր համայնքում և Նոր Նորքում։ Հանրապետության հրապարակից բերման է ենթարկվել «Մերժիր Սերժին» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը, որը մի քանի քաղաքացիների հետ փողոց է փակել։ Այս պահին էվակուատորները փորձում են Վաղարշյան֊Սունդուկյան խաչմերուկից հեռացնել փողոցում թողած մի քանի մեքենա։

 

08։50 Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ լայնամասշտաբ գործողությունների շարքը շարունակելու կոչով։

«Պետք է ցույց տալ, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետում իրավիճակին։ Ինչքան ջանասեր լինենք, այդքան արագ կլինի մեր թավշյա հեղափոխության հաղթանակի գրանցումը», — ասել է ընդդիմադիրը։

Կրկնելով իր՝ երեկ հնչեցված փողոցները բեռնատարներով շրջափակելու վերաբերյալ կոչը, նա խորհուրդ է տվել «անիվները թուլացնել, լար կտրել, որ մինչև գտնեն էդ լարը մի հինգ ժամ տևի։ Այնպես, որ չկարողանան արագ հեռացնել»։

Նույնը վերաբերում է գյուղական համայնքներին, որտեղ, ըստ Փաշինյանի, հարկավոր է օգտագործել ցանկացած տեխնիկա։

«Ինչպես խոստացել եմ, Երևանի ամենաակտիվ և լայնամասշտաբ գործողությունների վայր կմեկնեմ, սպասում եմ Ձեր զանգերին։ Բեռնատարներով փակում ենք բոլոր ճանապարհներըմ, որոնք հնարավոր է փակել։ Այսօր բեռնատարների վարորդների և սեփականատերերի օրն է։ Ժամը 19։00 հանդիպում ենք Հանրապետության հրապարակում», — ասել է Փաշինյանը։

Ցույցերի ընթացքի վերաբերյալ որևէ տեղեկատվություն հայտնելու համար հետևյալ հեռախոսահմարն է հրապարակվել 093 65 49 66։

ԵՐԵԿՎԱ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՐՈՂ ԵՔ ԿԱՐԴԱԼ՝ ԱՅՍՏԵՂ