Գլխավոր / Ոստիկանություն / Քաղաքացիական հագուստով և առանց տարբերանշանի ոստիկանների մասին (թարմացված, տեսանյութ)

Քաղաքացիական հագուստով և առանց տարբերանշանի ոստիկանների մասին (թարմացված, տեսանյութ)

Ներքոգրյալ հոդվածի հրապարակումից մոտ 5 ժամ անց (հրապարակվել է 13։29֊ին) Ամիրյան փողոցում առանց տարբերանշանների և անձնական համարների տասնյակ ոստիկաններ բերման էին ենթարկում մարդկանց։ Նրանք հրաժարվում էին ներկայանալ։ Մանրամասները տեսանյութում․

Քաղաքացիական համազգեստներով բերման ենթարկելու գործողություն իրականացնող անձինք ոստիկանության ծառայողներ են, որոնց գործողությունների համար ամբողջ պատասխանատվությունը կրում է ոստիկանությունը: Նման հայտարարություն է տարածել Ոստիկանության լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում։

Նշենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ Հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ:

Epress.am֊ը փորձեց Ոստիկանության լրատվության վարչությունից պարզել, թե օրենքի որ կետն է ապահովում քաղաքացիական համազգեստով, առանց տարբերակիչ նշանի մարդկանց կողմից քաղաքացիներին բերման ենթարկելը։

«Դուք հրապարակումը կարդացե՞լ եք։ Հրապարակումը մենք ունենք արդեն, ընդունեք պաշտոնական»,֊ Epress.am֊ի հետ զրույցում ասել է Ոստիկանության լրատվության վարչությունից Զարզանդ Գաբրիելյանը։

Epress.am֊ի հետ զրույցում փաստաբան Հարություն Բաղդասարյանն ընդգծել է, որ օրենքը պահանջում է, որ հասարակական կարգ պահպանող ոստիկանի անձը հայտնի լինի։

«Քաղաքացիական հագուստով, այսպես կոչված, ոստիկանները, ովքեր գալիս են, գողանում, տանում են, դա առևանգում է բառի բուն իմաստով։ Բերման ենթարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի լինի այդ ոստիկանի տարբերանշանը։ Ոստիկանությունն իր վրա է վերցնում այդ պատասխանատվությունը, լավ է անում, բայց ես պետք է իմանամ, թե ո՞վ է ինձ բերման ենթարկողը»,֊ ասել է Բաղդասարյանը։

Նշենք, որ այսօր Երևանում ոստիկաններ կային, ովքեր ոստիկանական համազգեստով էին, որը չուներ տարբերանշաններ։