Գլխավոր / Բանտ / Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին

Ձերբակալել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Արմեն Գրիգորյանին

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ձերբակալել է «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանին։

«Ա.Գ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման կասկածանքով», — ասված է հաղորդագրության մեջ, որից պարզ է դառնում, որ գործը սարքվելու է ապրիլի 13-ին Գրիգորյանի և բողոքի այլ մասնակիցների Պետական համալսարանի շենք մտնելու փաստի հիման վրա։

«Ա.Գ.-ն այլ անձանց հետ միասին անտեսելով «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները` այդ օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2018թ. ապրիլի 13-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում դիտավորությամբ կազմակերպել, անցկացրել եւ ղեկավարել է հանրային հավաք, այդ թվում՝ երթեր, առանց այդ մասին գրավոր իրազեկելու Երեւանի քաղաքապետարանին։ 13.04.2018թ.-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն մյուսների հետ հավաքի մասնակիցներին ուղղորդել է Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցի 1 հասցեում գտնվող Երեւանի պետական համալսարան: Ա. Գ.-ն եւ անօրինական հավաքի մյուս մասնակիցները, վնասելով ԵՊՀ-ի մուտքի դռները, ներխուժել են համալսարանի շենք` այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով համալսարանի անվտանգության աշխատակիցներին: Այնուհետեւ, տեւական ժամանակ գտնվելով շենքում, հավաքի մասնակիցները խախտել են ԲՈՒՀ-ի բնականոն գործունեությունը, որի հետեւանքով վտանգվել է հասարակական անվտանգությունը: Անտեսելով ոստիկանության օրինական պահանջը եւ շարունակելով անօրինական հավաքն ու զանգվածային անկարգությունները, 16.04.2018թ.-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ա. Գ.-ն հավաքի մասնակիցներին Բաղրամյան պողոտայով ուղղորդել է դեպի ՀՀ Ազգային ժողովի շենք` փորձելով ապօրինի ներխուժել այնտեղ», — ասված է ՀՔԾ հայտարարության մեջ։