Գլխավոր / Մեդիա / Սերժ Սարգսյանի սպառնալիքը ավելացրեց փողոց դուրս մարդկանց թիվը․ ապրիլ 22 (թարմացված)

Սերժ Սարգսյանի սպառնալիքը ավելացրեց փողոց դուրս մարդկանց թիվը․ ապրիլ 22 (թարմացված)

23:40 Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրառում է արվել, որ նա գտնվում է Սևանի ոստիկանության բաժնում։

Ապրիլի 22-ի հանրահավաքի ելույթիների տեսանյութերը․

22։25 Հանրահավաք եկած բազմաթիվ մարդիկ արձանագրում էին, որ երեկվա համեմատ մասնակիցների թիվն այսօր՝ ապրիլի 22-ին, կտրուկ ավելացել է։ Խոսվում էր 100-120 հազար մարդու մասին, որոնք ներկա էին Հանրապետության հրապարակում։ Նշենք, որ հանրահավաքի ընթացքում հազարավոր մարդիկ գտնվում էին նաև Մաշտոցի պողոտայում՝ փակելով այն։ Բացի դա, օրվա ընթացքում հաղորդումներ են եղել, որ մարզերից բազմաթիվ քաղաքացիներին թույլ չեն տվել գալ Երևան՝ ահաբեկելով նրանց կամ փակելով ճանապարհները։

Հանրահավաքից հետո սոցիալական ցանցերը ողողված են անհնազանդությունը շարունակելու պաստառներով, թռուցիկներով, կոչերով։

21։30 Նիկոլ Փաշինյանի կինը՝ լրագրող Աննա Հակոբյանն այսօր ևս խոսել է հարթակից հանրահավաքին։ Նրա ելույթը նախատեսված չէր, բայց դրա համար պատճառ հանդիսացավ «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հետ տեղի ունեցած միջադեպը։ Փոստանջյանը մոտեցել էր հարթակին և ցանկանում էր ելույթ ունենալ, ինչը կազմակերպիչները չթույլատրեցին՝ ասելով, որ կա որոշում սեփական քաղաքական ուժերով վարել ցույցը։ Զարուհի Փոստանջյանին դա չբավարարեց։ Վարողը դիմեց ցուցարարների խմբին և, դրա արձագանքին հղում կատարելով, կրկին չթույլատրեց։

Աննա Հակոբյանը ներողություն խնդրեց միջադեպի համար՝ ասելով, որ «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերապահում ունեն Զարուհի Փստանջյանի խոսքի հանդեպ, քանի որ վերջինս շարժման սկզբում հայտարարում էր, թե Նիկոլ Փաշինյանը ծախված է։

Աննա Հակոբյանը հարթակի անունից վստահեցրեց, որ Զարուհի Փոստանջյանը իրենց կողմից սիրված և հարգված է․ «Մենք չենք ասում ոչ մեկին ծախված և խնդրում ենք հակառակն էլ չասեն։ Այստեղ այլևս ծախված մարդիկ չկան։ Այստեղ կա մի ժողովուրդ, որի մեջ սեր է հորդում, և կան մի խումբ մարդիկ, որոնք չգիտեն սերն ինչ է, որոնք ուզում են վերացնել այս ամեն ինչը մեր երկրից, և դա չի հաջողվելու նրանց»։

Աննա Հակոբյանը նաև խնդրել է, որ քաղաքացիները չշեղվեն ի սկզբանե հայտարարված սկզբունքներից՝ անկախ նրանից, թե ում կձերբակալեն։ Ասված սկզբունքները շարունակելու են ուժի մեջ մնալ այնքան ժամանակ մինչև Սերժ Սարգսյանը հրաժարականի դիմում ստորագրի․ «Սերժ Սարգսյան, ես ձեզ խնդրում եմ, շուտ արեք այդ բանը՝ չնայած մենք դեմ չենք, մենք վայելում ենք այն, ինչ կատարվում է Երևանի փողոցներում։ ․․․Բայց մի վտանգեք մեր պետությունը, օր առաջ կատարեք ձեր քայլը․․․ Միևնույն է, խաղաղ է հեռանալու, և թող Մարտի 1-ով չսպառնա, մարտի 1 չի լինելու այս երկրում այլևս»։

 21:00-ի դրությամբ ոստիկանական բաժանմունքներ են տարվել 290 քաղաքացիներ։

20:57  «Մենք մեր փողոցը դարձել ենք ավելի լեգիտիմ, քան մեր Ազգային ժողովն է։ Մենք հաղթահարել ենք վախը, հուսահատությունը, անտարբերության մթնոլորտը։ Նման բաներ մեր երկրում այլևս չկան։  Մենք փոխել ենք «քաղմաս» կոչվող երևույթի իմաստը։ Այսուհետ այն նշանակում է քաղաքացիական մասնակցություն։ Սերժ Սարգսյանը մեզ սպառնաց Մարտի մեկով։  Այդ անելով՝ նա իրեն մեղավոր ճանաչեց Մարտի մեկի համար։ Մարտի մեկ այլևս չի լինելու, քանի որ Հայաստանում իրավիճակը այլ է։  Այս երկիրը գտնվում է ողջ աշխարհի ուշադրության ներքո, և այս գործընթացի հաղթանակը  մարդկության շահն է»,֊ ասել է  շարժման նախաձեռնողներից Մարիա Կարապետյանը։ Նա ասել է, որ ճնշումները չեն ազդելու։ «Այս օրերի ճնշումը մեզ համար ոչինչ է, եթե համեմատենք տասնյակ տարիների ընթացքում մեր նկատմամբ ճնշման, խտրականության, սողացող պատերազմի, կոռուպցիայի ճնշման հետ»,֊ ասել է նա։

20:45  «Այսօր  ձերբակալում են նաև Ապրիլյան պատերազմի մասնակիցներին։ Դադարեցրեք սա, մեր ընկերներն արյուն են տվել այս ժողովրդի համար։ Վաղը՝ ժամը  11.00֊ին, խաղաղ երթ է լինելու Օպերայի հրապարակում, առաջնագծում են լինելու Ապրիլյան պատերազմի մասնակիցները։  Եթե ոստիկանը հարվածում է, թող հարվածի էն տղեքին, ովքեր առաջնագծում իրենց բոլորին էին  պահում»,֊ բեմից ասել է  ապրիլյան պատերազմի մասնակից Մանվել Մանուկյանը։

20:21 «Այդ մարդը ասում է՝ Նիկոլ Փաշինյա՛ն, դու պետությանն հետ ես խոսում։  Դո՞ւ ես պետությունը, Սերժ։ Պետությունը ստեղ ա։ Մեր խաղաղ անհնազանդությանը փորձում են պատասխանել սպառնալիքով։ Այն մարդը, ով սպառոնում է ժողովրդին, ով խոստովանում է հրապարակայնորեն, որ Մարտի մեկի պատասխանատուն ինքն անձամբ է, չի կարող մնալ իշխանության ղեկին»,֊ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Սուրեն Պապիկյանը։  Նա անդարադձել է նաևՊաշտպանության նախարարության սպառնալիքին։

«Սերժ Սարգսյան, դա մեր բանակն է։ Հայ զինվորը իր եղբոր վրա չի կրակելու։ Մենք խաղաղ ենք, մեր ձեռքերը պարզ են, մեր հաղթանակը անկասելի է»։

20։00 Հանրապետության հրապարակում ելույթի համար բեմ են բարձրացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը և Լենա Նազարյանը։ Վերջինս կուսակցությունից  միակ պատգամավորն է, ով այսօր բերման չի ենթարկվել։ «Մենք այստեղ ենք, որպեսզի ձեզ ասենք, որ մենք հաղթելու ենք»,֊ ասել է Ռուբինյանը։  Նա կոչ է արել  ամեն օր 8.30-ից մինչև երեկոյան 10.00֊ն շարունակել ապակենտրոնացված անհնազանդությունները՝ երթեր, տոտալ դասադուլներ և գործադուլներ։ «Եթե մենք բոլորս ձերբակալված լինենք, միշտ հիշե՛ք։ Հայաստանի բանտերը բավար չեն բոլորիս տեղավորելու համար։ Ինչքան ուզեն՝ թող բռնեն։ Նրանք չեն կարող բռնել ղեկավարներին, որովհետև այդտեղ յուրաքանչյուրը ղեկավար է»,֊ ասել է նա։

19։35  «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգան Ավինյանը ևս բերման է ենթարկվել։ Ավինյանին բերման են ենթարկել քաղաքացիական հագուստով անձիք և տարել Ոստիկանության Էրեբունու բաժին։ Այս մասին Epress.am֊ին հայտնել է նրա եղբայրը։

19։00 Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարություն է տարածել, որով ցավում է, որ բանակցությունները ընդհատվեցին։ «Կոչ եմ անում մեր բոլոր քաղաքացիներին, սփյուռքի մեր հայրենակիցներին զերծ մնալ իրավիճակը լարելու փորձերից և դրսևորել զսպվածություն։ Չի կարելի փորձության ենթարկել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Ապրիլի 24-ի նախօրյակին չի կարելի մասնատել հասարակությունը: Այդ օրը մենք պետք է ազգովի, Հայաստանում թե Սփյուռքում, ի տես աշխարհի՝ առավելագույնս զուսպ լինենք, միասնաբար և համախումբ ոգեկոչենք մեր սուրբ նահատակների հիշատակը»,֊ հայտարարում է նախագահը։

18։30 Մարդկանց բազմահազարանոց երթը Երևանի կենտրոնում Փաշինյանի ձերբակալությունից հետո․

18։25 Սերժ Սարգսյանի առավոտյան հնչեցրած սպառնալիքներին միացել են Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը  և Ազգային անվգանգության ծառայությունը:

«Հրահրվող ներքին անկայունությունը գործոն է, որը հնարավոր անցանկալի զարգացումների դեպքում կարող է միայն բացասական ազդեցություն ունենալ պաշտպանական խնդիրների իրականացման, պետությունը խաղաղից պատերազմական վիճակի փոխադրման, զորահավաքային խնդիրների կատարման վրա։ՀՀ ՊՆ կոլեգիան չարտոնված զանգվածային միջոցառումների և հավաքների կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են ներքին անկայունության պատճառ դառնալ: Հայաստանի պաշտպանության առաքելությունն օրվա ցանկացած պահի անձնվիրաբար իրականացնում են մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակներ, որոնց վստահությունն ու հաստատակամությունը էապես կախված է նաև թիկունքում տիրող իրավիճակից, և գործողությունների խաղաղ բնույթ վկայակոչող կազմակերպիչները պետք է հիշեն ոչ միայն բուն ակցիայի վայրում դրա հետևանքների, այլև առաջնագծում կանգնած մեր հրամանատարների և զինվորների համար ձևավորվող վտանգների մասին», ֊ տարածած հաղորդագրության մեջ ասել է Վիգեն Սարգսյանը:

ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարել է. «Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։

Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ ունեցող և հակաօրինական նպատակներ հետապնդող հիշյալ անձինք և նրանց աջակիցները գտնվում են ՀՀ ԱԱԾ տեսադաշտում, և պետական ու հասարակական անվտանգությունը հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելու նպատակով ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ»։

18։25 Ֆեյսբուքում տարածվում է կոչ բժիշկներին։

18։20 Հազարավոր մարդիկ երթով շարժվում են դեպի Հանրապետության հրապարակ։

18։15 Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցչի և հանձնաժողովի փոխնախագահի անունից ՝ մամուլի խոսնակի հայտարարությունը.

Խաղաղ կարգով և օրենքին համապատասխան հավաքների իրականացման իրավունքը բոլոր անձանց համընդհանուր եւ հիմնարար իրավունքն է:

Եվրամիությունն ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները լիովին հարգեն այդ իրավունքը և ապահովեն օրենքի արդար եւ համաչափ կիրառումը, ինչպես նաև Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները՝ ներառյալ` Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի համաձայն: Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են օրենքով սահմանված կարգով իրենց հիմնարար իրավունքի իրականացման ընթացքում, պետք է անհապաղ ազատ արձակվեն:

Շատ կարեւոր է, որ ներգրավված բոլոր կողմերը  ցուցաբերեն զսպվածություն եւ պատասխանատվություն: Ներքաղաքական իրավիճակի անհապաղ եւ խաղաղ կարգավորումը նպատակահարմար է համարում ընդգրկուն երկխոսություն, ինչպես կոչ արեց Նախագահ Արմեն Սարգսյանը: Ուստի հիասթափեցնող եւ մտահոգիչ է, որ վարչապետ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի այսօրվա կարճատեւ հանդիպումը չի կանխարգելել լարվածության հետագա խորացումը: 

18։10 Հայաստանի տարբեր հատվածներում խոչընդոտում են մարդկանց երթը դեպի Երևան։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Գեղանիստ, Մանթաշ, Փանիկ և Պեմզաշեն համայնքներից Երևան գնալու համար հավաքված բազմության դեմ ԱԱԾ աշխատակիցներն ու ոստիկանները փակել են ճանապարհն ու ահաբեկում են մարդկանց՝ նկարելով նրանց դեմքերն ու սպառնալով, որ կպատժեն։

Ճաղավանդակով արգելափակված է նաև Արթիկ քաղաքի կամուրջը։

Սոցցանցերով տարածվում է հետևյալ պաստառը․

17:55 Բրիտանիայի դեսպանի մեքենան քիչ առաջ մտել է ԱԳՆ֊ի շենք, գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը։

17։30-ի դրությամբ 232  հոգի տարվել են Երևանի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։

17։35 Հարյուրավոր մարդիկ այսօր կրկին փակել են Բագրատաշենի անցակետը։

Բագրատաշենը…#քայլարա

Gepostet von Lusine Hovhannisyan am Sonntag, 22. April 2018

Ֆեյսբուքից․ Հ1-ը լուրերում մոնտաժել է ՍՍ-ի «մարտի 1-ից դասեր չեք քաղել » հայտարարությունը

17։25 Ֆեյսբուք սոցիալական ցանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես Հայաստանի փոխոստիկանապետ Լևոն Երանսոյանը հայհոյում և հարվածում է Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանին և պատասխան է ստանում։

Շտապ տարածեք Երանոսյան Լյովան հայհոյեց ու հարվածեց Սասուն Միքայելյանին։

Gepostet von Artur Ter-Meliksetyan am Sonntag, 22. April 2018

17:00 Հազարավոր մարդիկ արգելափակել են Շենգավիթի ոստիկանության շենքը, որտեղ գտնվում են Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ Մարդկանց բազմությունը չի նվազում, մարդիկ անընդհատ գալիս են դեպի Գարեգին Նժդեհ փողոց։ Ականատեսները պատմում են, որ մարդկանց հոսքը ձգվում է դեպի Արշակունյաց պողոտայում գտնվող «Երևան Մոլ»֊ի շենք։

16։35 Մեզ հայտնում են, որ հազարավոր մարդիկ հարյուրավոր մեքենաներով Երևան են գալիս Գեղարքունիքի մարզից։

16։30 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի անդամներն են այսօր ձերբակալված ԱԺ պատգամավորները, հայտարարություն է տարածել․

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դատապարտում է կուսակցության վարչության անդամներ, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալումը և նրանց նկատմամբ բռնությունների կիրառումը, որը միջազգային պայմանագրերով երաշխավորված հիմնական ազատությունների և ՀՀ Սահմանդրությամբ ամրագրված պատգամավորի անձեռնմխելիության իրավունքի բացահայտ ոտնահարում է։ Օրեր շարունակ խաղաղ ցուցարարների հանդեպ ոստիկանությունը կիրառել է անհամաչափ ուժ և սահմանափակել է քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը ապօրինի ձերբակալությունների միջոցով։

Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական կուսակցության որդեգրած քաղաքականությունը հակասում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքներին, չի բխում Հայաստանի ժողովրդի իրավունքներից և շահերից։

Իշխանությունների բոլոր գործողությունները ծնելու են հակազդեցություն և կարող են վտանգել Հայաստանի ապագան։

Սերժ Սարգսյանին և Հայաստանի Հանրապատական կուսակցությանը կոչ ենք անում վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ քննարկելու հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման հարցերը։

Իրավապահ մարմիններից պահանջում ենք րոպե առաջ ազատ արձակել այս օրերին ազատությունից զրկված բոլոր անձանց և գործել Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի համապատասխան՝ չկատարելով քաղաքական և իրավազուրկ գործողություններ։ Պահանջում ենք հագուրդ չտալ Սերժ Սարգսյանի անհեռանկար մտադրություններին և չներքաշվել հանցագործությունների իրականացման մեջ։

Միջազգային և դիվանագիտական կառույցներին հորդորում ենք անհապաղ արձագանքել ստեղծված իրավիճակին՝ խուսափելով անհարկի չեզոքությունից։

16։20 Ֆեյսբուքում հետևյալ տեքստ է տարածում գտել․

Ինչ անել կապուղիների բլոկադայի դեպքում

Եթե արգելափակել են որոշակի կայքեր, օրինակ՝ լրատվամիջոցների կայքերը, Facebook-ը, Twitter-ը և այլն կամ ինտերնետ օպերատորները թիրախել են ձեր համակարգիչը ու դանդաղեցրել կապը

Օգտվել Proxy (միջնորդ) կայքերից կամ VPN թունելային կապուղիներից, օրինակ՝
ZENMATE https://zenmate.com/
HOTSPOTSHIELD https://www.hotspotshield.com/
PSIPHON https://www.psiphon3.com/
LANTERN https://getlantern.org/
TUNNELBEAR https://www.tunnelbear.com/
ТОР https://www.torproject.org/ (դառնում եք լրիվ անանուն, ձեզ հնարավոր չէ իդենտիֆիկացնել, Gmail և ուժեղ անվտանգություն ունեցող էլ-փոստեր միգուցե հնարավոր չլինի մտնել)

Մտնում եք այս կայքերը, ներբեռնում (քաշում ու նստացնում) համակարգչի կամ հեռախոսի համապատասխան օպերացիոն համակարգի համար տարբերակը (փնտրեք նաև PlayMarket-ներում): Եթե այս կայքերն էլ փակեն, էլ-փոստով իրենց գրում եք, ներբեռնելու լինկ են ուղարկում։

2. Եթե անջատել են հեռախոսակապը
FIRECHAT (ներբեռնում (քաշում) եք հեռախոսի մեջ ու 60 մետր հեռավորության վրա կարողանում եք չաթով շփվել)
BLUETOOTH (հեռախոսի բլութուտով)

3․ Եթե ուզում եք ինտերնետից օգտվել առանց տվյալ համակարգչի օպերացիոն համակարգից օգտվելու

TAILS https://tails.boum.org/ (քաշում եք ծրագիրը USB ֆլեշկայի վրա, համակարգիչ մտնելիս՝ գործարկում օպերացիոն ծրագիրը ու ինտերնետից օգտվում ծրագրի միջից)

4. Ինտերնետային անվտանգության միջազգային թեժ գիծ՝ [email protected]
https://www.accessnow.org/

15։38 Երևանում տասնյակ փողոցներ են փակ։

Ֆեյսբուքից․ Ծրագրավորողները զգուշացնում են, որ ինչպես երեկ, այսօր հավանաբար նույնպես կանջատվել հեռախոսային և ինտերնետային կապերը։ Նրանք զգուշացնում են, որ 19։00-ին գնալ Հանրապետության հրապարակ, պայմանավորվել նախապես։

15։25 Վանաձորում բերման է ենթարկվել 3 անձ։ Մեր զրուցակից իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանն այդ պահին մոտեցել է ոստիկաններին և փորձել պարզել պատճառը, սակայն այդպես էլ ոչինչ չեն ասել։ Երթը շարժվում է դեպի Հայքի հրապարակ, մարդիկ քայլում են մայթերով, իսկ մեքենենաները նրանց են ուղեկցում և ազդանշան են տալիս։ Երթի մասնակցիների թիվը հասնում է մի քանի հարյուրի։

Ֆեյսբուքից․ Սերժը հերթական շատ մեծ սխալը արեց, կազմակերպիչներին բռնելով, ու հիմա, Օսիպյանը չի ջոկում, ու՞մ գնա դայաղվի, ու ասի՝ ձեր հավաքը անօրինական է։

15։20 Գյումրիում ձերբակալել են Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ղարիբ Հարությունյանին։ Մարդիկ հավաքվել են քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում։

15:15 Նիկոլ Փաշինյանի կոչը ֆեյսբուքում․

«Կոչ եմ անում քաղաքացիներին դուրս գալ փողոց` հավատարիմ մնալով խաղաղ անհնազանդության ոգուն և շարունակել ապակենտրոն պայքարը։ Անկախ 3 պատգամավորների ձերբակալությունից նախաձեռնող խումբը վերահսկում է իրավիճակը։

Կոչ եմ անում այսօր երեկոյան 19։00֊ին կրկին միանալ Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքին»։

Նշենք, որ, ըստ որոշ տեղեկությունների, Փաշինյանը Էրեբունու ոստիկանության բաժանմունքում է։

Փաշինյանի ձերբակալությունները, ոստիկանների բռնությունները․

15։10 Այս պահին տասնյակ ցուցարաներ Գյումրիի կենտրոնական փողոցներով երթով շարժվում են Կենտրոնական հրապարակ։ Խաղաղ ցույցի մասնակիցներին Epress.am-ին փոխանցին, որ ժամեր առաջ բերման է ենթարկվել Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի դասախոս Ղարիբ Հարությունյանը։ Երթի մասնակիցների փոխանցմամբ ոստիկաններն առանց բռնության հսկում են երթը։ «Առայժմ խելոք կպահեն իրանց», մեզ փոխանցեց ցուցարաներից մեկը։

15։00-ի դրությամբ 192 հոգի տարվել են Երևանի տարբեր ոստիկանական բաժանմունքներ։

15։05 Շենգավիթի ոստիկանության բաժանմունքի մոտ մարդկանց ասեցին, որ Փաշինյանին ձերբակալել են։ Զայրացած մարդիկ սկսեցին փակել հարակից փողոցները։

15։00 Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ձերբակալված են։ Հիշեցնենք, որ նրանք ԱԺ պատգամավորներ են և միայն Ազգային ժողովը հատուկ նիստում կարող է նրանց զրկել անձեռնմխելիությունից։

Երևանում երթերին նոր մարդիկ են միանում են․

14։44 Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղից մինչև Մարտունի քաղաքը տանող մայրուղին կաթվածահար վիճակում է (Մարտունի-Վարդենիս-Մարտակերտ մայրուղի)։ Մեքենաների շարասյունը հասնում է մոտ 2 կիլոմետրի։ Մարդկանց թիվը հասնում է 300, սակայն մեր զրուցակցի խոսքով՝ նրանք րոպե առ րոպե ավելանում են։

14։50 Շենգավիթի ոստիկանության մոտ հարյուրավոր մարդիկ են հավաքվել, փակել են Արշակունյաց պողոտա տանող ճանապարհը։ Ոստիկանական բաժանմունքում են Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը։ Մարդիկ պարբերաբար վանկարկում են՝ «Նիկոլ, Նիկոլ»։ Նշենք, որ Փաշինյանի գտնվելու վայրն առայժմ հայտնի չէ։

14։30 Հազարավոր մարդիկ մասնակցում են երևանյան երթերից մեկին։

14։20 Մոտ 300 քաղաքացի փակել են Երևան-Գյումրի մայրուղու մոտ գտնվող Մեծ Մանթաշ գյուղի խաչմերուկը։ Նրանց են միանում կողքի Սպանդարյան, Արևշատ և այլ գյուղերի բնակիչները։ Դրան զուգահեռ մի խումբ մարդիկ երթ են անցկացնում հարակից համայնքներում և մարդկանց իրազեկում են այսօր 16։00-ին Արթիկ քաղաքում տեղի ունեցող հանրահավաքի մասին։

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ փոքր թվով ոստիկաններ են իրենց ուղեկցում, հիմնականում քաղաքացիական հագուստով։

14:15 Մարզերից մեզ հայտնում են, որ մարդիկ տարբեր գյուղերի մոտ ավոտճանապարհներ են փակում։

Մյասնիկյանի արձանի մոտ

Գրիգոր Լուսավորիչը փակ է ցուցարարներով

14:03 ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանի գրառումը․ Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը գտնվում են Շենգավիթի ոստիկանությունում: Օրենքով ժամը 15.00-ին պետք է բաց թողեն: Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրը հայտնի չէ:

14։00 Հազարավոր մարդիկ շարունակում են փողոցներում մնալ և խաղաղ ակցիաներ անցկացնել՝ հետևելով Փաշինյանի և նրա ընկերների կոչին։ Փակ են Երևանի բազմաթիվ փողոցներ, այդ թվում՝ Մաշտոցի պողոտան։

 Նիկոլ Փաշինյանն անմիջապես ձերբակալվելուց առաջ․

13։43 Թումանյան փողոցում երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը մարդկանց կոչ է արել շարունակել խաղաղ ակցիաները։

13։35 Արարատ Միրզոյանը, ոստիկանական բաժանմունքից կոչ է տարածել․

1. Սերժի հրաժարականին շատ քիչ է մնացել, շատ քիչ

2. Դուրս եկեք փողոց, դուրս եկեք փողոց

3. Ապակենտրոնացեք

4. Իրենց ընդդիմադիր համարող բոլոր քաղաքական ուժերին. Կոչ արեք մարդկանց դուրս գալ փողոց։ Ով լռում է կամ տուն գնալու կոչ է անում, երկարաձգում է մոլագար և ոչ ադեկվատ մարդու իշխանության հոգեվարքը և վնաս է հասցնում մեր հայրենիքին։

5. Նախարարներին, զանազան վարչությունների պետերին, ՀՀԿ պատգամավորներին ու ոստիկանության ղեկավարներին. Հենց հիմա հրաժարական հայտարարեք, մի կիսեք մահացող ռեժիմի բռնությունների պատասխանատվությունը

Արարատ Միրզոյան
22.04.2018, Ոստիկանության բաժանմունք

Տարածել, տարածել, տարածել

13։25 Ոստիկանները երթին միացած եկեղեցականներին ասում են, որ վերջիններս մարդկանց կոչ են անեն «գնալ տներով»։ Մարդիկ պնդում են, որ իրենք խաղաղ ցույց են անում և առաջնորդ ու կազմակերպիչ չունեն։

13։20 Այս պահին մարդիկ արգելափակել են նաև Սարյան փողոցը։

13։20 Գյումրիում մարդիկ երթ են անցկացնում, պահանջում են բաց թողնել Նիկոլ Փաշինյանից։

13։19 Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանի գրառումը Ֆեյսբուքում․ «Ժողովուրդ ջան, Նիկոլի, Սասունի, Արարատի կամ մյուս առևանգվածների մասին մի՛ անհանգստացեք։ Նրանց ոչինչ չի լինի, եթե դուք այսօրվա խաղաղ անհնազանդության ակցիաները շարունակեք ավելի մեծ թափով։ Պատկերացրեք Նիկոլը երթի է, դուք ձեր գործին նայեք՝ ակցիաներ արեք 🙂

Բայց չենք մոռանում ժպտալ ոստիկանին և բռնություն չկիրառել, ոչ մի սադրանքի չտրվել։ Բաց ձեռքերով, սիրով ու դուխով․․․ Դիմացը ապրիլի 24-ն է, ի՜նչ ենք անելու․․․:)»

13։17 Մաշտոցի պողոտան փակ է, հազարավոր մարդիկ երթ են անցկացնում։

13։12 Դիմակավոր ոստիկաններից մեկը վերցրել և նետել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի խցիկը։ Լրագրողը դիմում է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, վերջինս խոստանում է պատժել ոստիկանին՝ ցույց տալու դեպքում։ «Դիմակով էր, ո՞նց ցույց տամ», ֊ ասում է լրագրողը։

13:10 Epress.am֊ի թղթակիցը տեսել է Հանրապետության մետրոյի կայարանի մոտ կայանված տասնյակ ոստիկանական ավտոբուսներ։ Ոստիկանները հանգնում են հանդերձանքը և մտնում Հանրապետության հրապարակ, որտեղ արդեն հարյուրավոր ոստիկաններ կան։

13:05 Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ձերբակալվելուց հետո կոչով է դիմել քաղաքացիներին․

«Բոլորին, բոլորին, բոլորին

Դուրս եկեք փողոց կատարելու խաղաղ անհնազանդության ձեր քայլը»։

13։00 Մարդիկ ինքնակազմակերպվում են և հավաքվում Երևանի տարբեր հատվածներում։ Քաղաքացիները նաև ակցիաներ են սկսել Հայաստանի տարբեր մարզերում։ Սպիտակի տարածաշրջանի բնակիչները փակել են Վանաձոր֊Գյումրի ճանապարհը։

12։58 Հազարավոր մարդիկ Արշակունյաց պողոտայով շարժվում են դեպի կենտրոն։ Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ մեծ թվով ոստիկանական ուժեր են կուտակվել Հանրապետության հրապարակում, մարդկանց սկսել են դուրս մղել այնտեղից։

12։55 Այս պահին մարդիկ հավաքվում են Հանրապետության հրապարակում։ Մի խումբ մարդիկ այս պահին փորձում են փակել Մաշտոց֊Պուշկին խաչմերուկը։

12։33 Ինքնակազմակերպվող մարդկանց խմբեր սկսել են Երևանի տարբեր հատվածներում ճանապարհներ փակել, շարունակում են խաղաղ ակցիաները։

12:30 Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, թե հավաքն Արցախի պողոտայում «անօրինական է» և հաստատում, որ ՞«հավաքի կազմակերպիչներ՝ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Սասուն Միքայելյանը, հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից»։ Նշենք, որ Փաշինյանը բազմիցս ասել է, թե բոլոր հավաքները ինքնաբուխ են կազմակերպվում և խաղաղ բնույթ ունեն։

12։22 Մի ցուցարար կոչ է անում մարդկանց․ «Դուրս եկեք, մենակ Նիկոլի կռիվը չի էսի, սաղ ազգի կռիվնա, կերան մեզի։ Դուրս եկեք, թասիբ ունեցեք»:

12։20 Բերման ենթարկվածների թվում է նաև «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

12:18 Լևոն Բարսեղյանը լուսանկար է հրապարակել այն ավտոբուսից, որում այս պահին գտնվում են մի խումբ ցուցարարներ։

12:05 Հավաքի վայրում լրագրողների հետ զրուցել է Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը․ «Հետևում էի ընթացքին, ճանապարհին էի, ուզում էի միանալ արշավին․․․ ճանապարհին եմ իմացել»։ 

Հարցին, թե արդյոք նա կարող է ստանձնել կազմակերպչի դերը, Հակոբյանը բացասական պատասխան է տվել՝ ասելով, որ ինքը մեկն է հավաքված մարդկանցից։

12:00 Մարդիկ շարժվում են դեպի «Սասունցի Դավիթ» մետրոյի կայարանը։

11։57 Դեպքի վայրից շտապ օգնության մեքենաներ են հեռանում։

11։55 Մի երիտասարդ ընկած է գետնին ծանր վիճակում, ցուցարարները փորձում են օգնություն ցույց տալ։

11։54 Լևոն Բարսեղյանը գրել է Ֆեյսբուքում․ «Մեզ ծեծելով լցրեցին ավտոբուս»։

11։53 Սասուն Միքայելյանին ուժի գործադրմամբ տանում են։ Քաղաքացիներին հրում են դուրս փողոցի երթևեկելի մասին։

11։52 Դիմակավոր ոստիկանները և կարմիրբերետավորները մարդկանց ծեծելով բերման են ենթարկում։

11։48 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը կոչ արեց դադարեցնել բռնությունները խախաղ ցուցարարների նկատմամբ․ «Մարտի 1-ը չպետք է կրկնվի»։

Միքայելյանը կոչ է արել համախմբվել Երևանում և ամենուր։

11:45 Ոստիկանները կրկին ձայնային նռնակներ են կիրառել։ Մարդիկ չեն հեռանում, կանգնել են ձեռքերը բարձրացրած Էրեբունի համայնքի «Իդեալ» խանութի մոտ։ Նիկոլ Փաշինյանը տարածքում չէ, հաստատվում է, որ նրան առևանգել են ուժայինները։ Փաշինյանը պատգամավոր է և ունի պատգամավորական անձեռնմխելիություն։

11։40 Էրեբունիում ոստիկանները գործողություններ են սկսել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Նիկոլ Փաշինյանին տարել են ուժայինները։

11։25 Մամուլի հրապարակումների համաձայն, երեկ երեկոյան Դավիթ Սանասարյանին ձեռբակալելուց հետո ծեծի են ենթարկել։

11:15 Հազարավոր մարդկանց երթը շարժվում է դեպի Էրեբունի։ Մարդիկ վանկարկում են՝ «Գործադուլ, գործադուլ», «Ով չմիացավ Հնարապետական ա»։

11։00 Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը երթով շարժվեց դեպի Էրեբունի թաղամաս։ Epress.am֊ի թղթակիցը հայտնում է, որ ճանապարհին նրան հարյուրավոր մարդիկ են միանում։