Գլխավոր / Կրթություն / Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել (թարմացվող)

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել (թարմացվող)

Ապրիլի 23-ի հանրահավաքը.

16։15 Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել։ Նրա հայտարարությունը․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին,
մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց,

դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին,

դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,
դիմում եմ սահմանին կանգնած մեր քաջարի զինվորներին ու սպաներին, դիմում եմ իմ զինակից ընկերներին,

դիմում եմ իմ կուսակից ընկերներին, քաղաքական բոլոր ուժերին և գործիչներին։

Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

15:50 Նիկոլ Փաշինյանը կարճ ելույթ է ունեցել Հանրապետության հրապարակում, ուր հասել է հազարավոր մարդկանց ուղեկցությամբ․

«Փոխանցեք ինֆորմացիա մեկը մյուսին: վերջին 24 ժամվա մեջ եղել եմ կատարյալ  մեկուսացման մեջ: հիմա ձեզնից խնդրում եմ ինձ թույլ տաք ես երկու ժամ առանձնանամ, քննարկեմ իրավիճակը, լուծում տամ մնացած ձերբակալվածների ազատ արձակմանը: Այստեղ վեց անց կես այստեղ  հաղթական հանրահավաք։ Պարզ ա չէ՞, որ հաղթել ենք: Հիմա ձեր թույլտվութամբ գնում եմ մեր գրասենյակ, խնդրում եմ հետևիցս չգաք»:

15։00 Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Սասուն Միքայելյանին ազատ են արձակել Երևանի ՁՊՎ֊ից։ Փաշինյանը նշել է, որ Կարեն Կարապետյանի իր հետ զրույցի և այլ հարցիերի մասին նա կպատմի երեկոյան՝ Հանրապետության հրապարակի հանրահավաքի ընթացքում։

«Մեր շարժման ձերբակալված բոլոր անդամները պետք է ազատվեն, մնացածը ես կասեմ իմ ելույթի ժամանակ», ֊ ասել է Փաշինյանը։

14։55 Պաշտոնական Մոսկվան ուշադիր հետևում է երևանյան իրադարձություններին, բայց չի ծրագրում խառնվել իրավիճակին, քանի դա Հայաստանի ներքին գործն է։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի  խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ռուզաննա Գրիգորյան փողոցից․ «Էն, որ ասում են իշխանությունը ժողովրդինն ա, էդ հենց հիմա ա, էս օրերին։ Առաջ չի եղել, հետո էլ չի լինելու։ Հիմա ա։ ՀԻՄԱ։ Վայելենք էս վիճակը մինչև վերջին կաթիլը»։

13։45 Հայաստանի տարբեր մարզերում մարդիկ միջհամայնքային ճանապարհներ են փակում՝ խոստանալով բացել ճանապարհները, եթե ազատ արձակվի Նիկոլ Փաշինյանը։

13։38 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը ֆեյսբուքի ուղիղ եթերում․

«Ես փոխանցում եմ շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կոչը՝ շարունակել խաղաղ բողոքի գործողությունները։ Քիչ առաջ մեզ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Երևանի Ձերբակալվածների պահման վայրում․

«Այսօր առավոտյան ես հանդիպել եմ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։ Նա առաջարկում էր նստել սեղանի շուրջ իրավիճակին խաղաղ լուծում տալու համար։ Պարոն Բաբլոյանն առաջ քաշեց մի պայման, որ սեղանի շուրջ նստելու համար չպետք է լինի փողոցի ճնշումը։ Այսինքն երթեր ու հավաքներ չպետք է լինեն, պետք է դադարեն։ Ես շատ հստակ պատասխանեցի, որ սեղանի շուրջ նստելու մեր օրակարգը մնում է նույնը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Բացի այդ, ասացի, որ մեզանից ոչ մեկ չի կարող կոչ անել, հանդես գալ հայտարարությամբ, որ մարդիկ հեռանան փողոցից։ Որևէ մեկը մեր շարժման անունից չի կարող նման կոչով հանդես գալ։ Ես նաև ասացի, որ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկումն անօրինական է և եթե ԱԺ֊ն նման որոշում կայացնի, ապա կկատարի մեկ հոգու քաղաքական պատվերը և դա խայտառակություն կլինի ԱԺ֊ի և երկրի համար»

Քիչ առաջ տեղեկացա, որ հետաձգվել է ԱԺ֊ի ժամը 14։00֊ին սպասվող նիստը, որի ժամանակ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցն էր լինելու։ Այսինքն դեռևս այդպիսի որոշում չկա և դա շատ լավ է։ Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել շարժման առաջնորդներին և քաղաքացիներին կոչ եմ անում բոլորին ժամը 7֊ին լինել Հանարպետության հրապարակում»։

13։25 Մարդիկ շարունակում են փակել ոչ միայն համայնքային, այլ նաև միջպետական ճանապարհները։ Այս պահին Արարատի մարզի Հովտաշատ գյուղի մոտ փակ է Հյուսիս֊Հարավ մայրուղին։ Վանաձորում և Գյումրիում փողոցներում են հազարավոր մարդիկ։

13։20 Այս պահին Գյումրիում տարբեր բուհերի ուսանողներ դասադուլ են անում։ Հարյուրավոր քաղաքացիներ հավաքված են Թատերական հրապարակում։ Ցույցի մասնակիցներին են միացել նաև գործարանների աշխատակիցներ։

13։15 Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը գիշերը հանդիպել է ձերբակալված պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին և Նիկոլ Փաշինյանին։ «Ես իմ գործընկերների մոտ եմ գնացել նախևառաջ որպես բժիշկ, որպես պապիկ, որպես սրտացավ ընկեր, և ես լիահույս եմ, որ իմ խնդրանքն ինչ-որ բան կարժենա իմ գործընկերոջ համար»: Այս մասին նա ասել է «Արմենպրեսին»։ Այլ մանրամասներ գործակալությունը չի հայտնում։

Ֆեյսբուքից․ «Եթե երթը առաջնորդողներից կարդում են այս տողերը, անմիջապես հայտարարեք, հորդորեք եւ պարտադրեք, որ զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր զինծառայողները ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ԱՆՄԻՋԱՊԵՍ լքել երթը և վերադառնալ իրենց նշանակման վայրը, եթե այդպիսիք կան: Ոչ մի զինվորական, շարքային անձնակազմից, ենթասպայական կամ սպայական անձնակազմից չունի որևէ արդարացում իր նշանակման ծառայության վայրը լքել»:

13:03 Իրավապաշտպանների թեժ գիծը, որը վերջին օրերին զբաղվում է բերման ենթարկված քաղաքացիների հարցերով, հայտարարություն է տարածել․

«Ապրիլի 23-ին ժամը 12:15-ի դրությամբ, ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններ են բերման ենթարկվել առնվազն 50 մարդ, որոնք հիմնականում դասադուլի մասնակցող ուսանողներ էին և բերման են ենթարկվել Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի դիմաց իրականացվող ցույցի ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դասադուլ են հայտարարել Երևանի 11 համալսարան:

Այսօր առավոտյան Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ շուրջ 8 ոստիկան հարձակվել և մեքենայից դուրս են հանել նույն համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին և դաժան ծեծի ենթարկել նրան: Բժիշկը գանգուղեղային վնասվածքով և այտոսկրի կոտրվածքով տեղափոխվել է թիվ 1 հիվանդանոց:

Ահազանգեր են ստացվել նաև այն մասին, որ Երևանում, Նոյեմբերյանում, Հրազդանում, Էջմիածնում և Արմավիրի Մյասնիկյան գյուղում դպրոցներում ահաբեկում են աշակերտներին և թույլ չեն տալիս մասնակցել հակակառավարական ցույցերին:

Ապրիլի 23-ի դրությամբ ընդհանուր առմամբ ձերբակալված է 33 քաղաքացի: Ապրիլի 17-23 ժամանակահատվածում բերման ենթարկվածների թիվը գերազանցել է 1000-ը: Տուգանային հրապարակ է տեղափոխվել մոտ 500 ավտոմեքենա»:

Ֆեյսբուքից․ «Արդեն կորպորատիվ միտինգներ կան»

13։00 ՀՀ փոխվարչապետ, ՀՀԿ֊ական Կարեն Կարապետյանը խոսել է լրագրողների հետ․ «Այսօր մենք որոշում ենք կայացրել, և ես դիմելու եմ գլխավոր դատախազին, որպեսզի միջնորդությունը Ազգային ժողովի պատգամավորների վերաբերյալ Ազգային ժողովից հետ վերցվի։ Ես այս պահին գնում եմ հանդիպելու Նիկոլ Փաշինյանի հետ, որպեսզի բանակցնեք և լուծում գտնենք»։

Ֆեյսբուքից․ ««Ալեքս տեքստիլը» (պատկանում է ՀՀԿ֊ական օլիգարխ Սամվել Ալեքսանյանին֊խմբ․) գործադուլ ա արել, հենց հիմա Նժդեհի փողոցով բարձրանում են: Ասում են՝ սկզբում չորս հոգու գործից հանել են, հիմա բոլորով են եկել»։

12։50 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է մի խումբ զինվորներին, որոնք դուրս են եկել փողոց և հայտարարել են, որ միանում են ցուցարարներին․

«Ուզում եմ հիշեցնել, որ բանակը և զինվորականությունը պետք է ապաքաղաքական լինեն և չխառնվեն երկրի ներքին կյանքին: Բանակի կամ զինվորականների՝ քաղաքական գործընթացներին մասնակցության բացառման համար, թե իշխանության կողմից, թե ընդդիմության, պատասխանատու է Պաշտպանության նախարարությունը»:

12։10 Տասնյակ զինվորականներ Ագաթանգեղոսի փողոցում միացել են ցուցարարների երթին։ Նրանք ասում են․ «Մենք մեր ժողովրդի հետ ենք»։

12:00 Ամբողջ Հայաստանում գործադուլներ և դասադուլներ են ընթանում, տասնյակ հազարավոր մարդիկ քայլում են փողոցներով։ Այսօր ոստիկանությունը չի միջամտում մարդկանց գործողություններին և բերման չի ենթարկում ցուցարարներին։

11։55 Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում ակնկալում է, որ երիտասարդները կինքնակազմակերպվեն․ «Այս պահին Երևան քաղաքում ընթանում են հավաքներ, որոնց մասնակիցներից շատերը երիտասարդներ են: Ոստիկանությունը հայտնում է իր պատրաստակամությունը ապահովել հավաքի բնականոն ընթացքը և դրան համապատասխան երթևեկության կազմակերպումը: Ոստիկանությունն ակնկալում է, որ երիտասարդների կողմից կստանա անհրաժեշտ փոխըմբռնում, վերջիններս կինքնակազմակերպվեն, թույլ չեն տա երթևեկությունը դիտավորությամբ ամբողջովին փակելու գործողություններ և ոստիկանության ծառայողներին բացահայտ անհնազանդության դեպքեր»:

11։34 Վանաձորից տեղեկություններ են հայտնում, որ «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցները գործադուլ են սկսել։

11։30 Մոսկվայից տասնյակ մեքենաներով ավտոերթ է մեկնարկել դեպի Հայաստան։ Այս մասին մեզ ասել է ավտոերթի մասնակիցներից մեկը։ Նրանք ակնկալում են, որ ավտոերթի մասնակիցների թիվը կբազմապատկվի, քանի որ ճանապարհին իրենց կմիանան այլ քաղաքներում բնակվող հայեր։

11։10 Ուսխորհրդներից զանգահարել են տարբեր համալսարանների դեկանատներ և փոխանցել են, որ ապրիլի 23-ին ջահերով երթ չի լինելու, փոխանցում է մեր աղբյուրը։ Երթն անցկացվում է ամեն տարի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ և դեկանատներն ուսանողներին ուղարկում են մասնակցելու։

11։06 Երևանում այս պահին փակ են տասնյակ փողոցներ, տասնյակ դպրոցներում և բուհերում դասադուլներ են։ Տարբեր մարզերից նույնպես դասադուլների մասին տեղեկատվություն է ստացվում, մարդիկ երթեր են անցկացնում։

ՀՔԾ վարույթում քննվող քրեական գործերից մեկի շրջանակներում, որը վերաբերում է խաղաղ ցույցի մասնակիցներին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ենթակա բոլոր քննչական բաժինների քննիչներն ընդգրկվել են քննչական խմբում և կատարում են քննչական գործողություններ։ Ինչպես հայտնում է Epress.am-ի աղբյուրը, երբ քննիչներին հանձնարարել են խաղաղ ցույցի մասնակիցներին ձերբակալել ՀՔԾ արձանագրություններով, մի շարք քննիչներ հայտարարել են, որ իրենք այդ գործով մարդ չեն ձերբակալելու, քանի որ կարծում են, որ այդ անձինք որևէ հանցանք չեն գործել՝ հակառակ դեպքում սպառնացել են մասսայական դիմում գրել և ազատվել աշխատանքից։ Ոստիկանության արտաքին ծառայություն չիրականացնող մի շարք ծառայողներ նույնպես համակրանքով են վերաբերվում ցուցարարներին և որևէ ակտիվ գործողություն չեն կատարում։

«Հիմնական կեղտոտ գործն անում են Հատուկ քննչական ծառայության քննիչները, դատախազներից ոմանք էլ հրաժարվում են հսկողություն իրականացնել այս գործով նյութերի վրա», — հայտնում է աղբյուրը։

11։00 Հանրապետական հիվանդանոցի բժիշկները փակել են Հալաբյան փողոցը, հայտնում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

10:50 ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը, ըստ էության, չի պատասխանել այն հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները չգիտեն նրա գտնվելու մասին։ Լրագրողը Սարգսյանին հիշեցրել է, որ նա ՀՀԿ խորհրդի անդամ է և հարցրել՝ ինչպես է նա վերաբերվում այդ իրավիճակին։ Սարգսյանը խորհուրդ է տվել դիմել իրավապահներին։

10:35 Բժշկական համալարանի ուսանողներից մեկին ոստիկանները բռնի ուժով, հարվածելով փորձում էին բերման ենթարկել, քաշքշուքի ընթացքում տղայի ինքնազգացողությունը վատացավ, նշված է Hetq.am կայքի ֆեյսբուքյան էջում:

10։25 ԵՊՀ֊ից մեկնարկած երթին հարյուրավոր ուսանողներ են միանում։ Ուսանողները վանկարկում են՝ «Դասախոս, միացիր»։

10։20 Այս պահին մենք Երևանի ավելի քան 20 դպրոցներից հաղորդումներ ենք ստացել զանգվածային դասադուլների անցկացման մասին։ 

10:05 Տասնյակ մարդիկ այս պահին փակել Կորյուն֊Տերյան խաչմերուկը։ Վանկարկում են «Մերժիր Սերժին»։

10:00 Դասադուլ հայտարարած ուսանողները պատրաստվում են երթ սկսել ԵՊՀ֊ի բակից։ Ուսանողներին են միացել նաև որոշ ծնողներ։ Հավաքվածները սկսել են վանկարկել․ «Ազատ, անկախ ուսանող»։

09։50 Այս պահին Աջափնյակի մի քանի դպրոցների տասնյակ աշակերտներ երթով շարժվում են դեպի կենտրոն։ Դպրոցների կողքով անցնելիս՝ նրանք վանկարկում են՝ դասադուլ։

09։40 ԵՊՀ֊ի բակում դասադուլ անող ուսանողների թիվն ավելանում է շատանում է։ Epress.am֊ի թղթակցի փոխանցմամբ՝ բակում արդեն 100-ից ավել ուսանող է, այդ թվում՝ մոտ երկու տասնյակ մարզերում սովորողներ, որոնք ԵՊՀ են եկել՝ մասնակցելու դասադուլին։

Մերի Քալանթարյան, «Ֆեյսբուք»-ից․ «161 Դպրոցի ծնողներն են, միացել են դասադուլին հերիք չի, դպրոցի բակում ցույց են անում»:

09:20 Երևանի պետական համալսարանի բակում այս պահին մի քանի խմբերով մոտ 5 տասնյակ ուսանողներ են նստած։ Նրանք չեն մտնում շենք։ Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ «ԵՊՀ ռեսթարտ» նախաձեռնության ներկայացուցիչ Դավիթ Պետրոսյանը կոչ է արել բոլոր ուսանողներին այսօր դասադուլ անել։

09:10 «Երևան վերադարձած ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն այս պահին «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում է հանդիպելու ՀՀ ԱԺ պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ», ֊ 8 ժամ առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:

«Արա Բաբլոյանը նպատակ ունի խնդրել ու հորդորել իր գործընկերներին, որպեսզի տեղի ունենան իրական բանակցություններ` իրական բանակցային օրակարգով, բանակցություններ վարելու բնականոն միջավայրում», ֊ նշել է Բաբայանը։

Առայժմ տեղեկություն չկա այն մասին՝ արդյոք հանդիպումը կայացել է։

08:30 Սոցցանցերում շարունակում են ինքնակազմակերպման կոչով թռուցիկներ տարածել։

08։02 Տարբեր երկրներում շարունակվում են համերաշխության ակցիաները։ Այս պահին մեծ ավտոերթ է անցկացվում Կալիֆորնիայի Գլենդեյլում, որը հիմնականում բնակեցված է հայերով։ Տասնյակ մեքենաներ շրջում են փողոցներով և ձայնային ազդանշաններ տալիս։

Gepostet von Suren Nersisyan am Sonntag, 22. April 2018

08։00 Այսօր Հայաստանի ողջ տարածքում շարունակվելու են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ խաղաղ ակցիաները, դասադուլները, գործադուլները։ Նրանք պետք է բացառապես խաղաղ բնույթ կրեն, ինչպես նախորդ օրերին, երեկ Հանրապետության հրապարակի հարթակից տասնյակ հազարավոր քաղաքացիներին կոչ են արել «Քաղաքացիակա պայմանագիր» կուսակցության անդամները։ Արդեն առավոտվանից Երևանում լսվում են մեքենաների ձայնային ազդանշաններ, ինչը «Սերժին դեմ ես, սիգնալ տուր» ակցիայի մաս է։

Ապրիլի 22-ի երթից

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդներ՝ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը (կուսակցության նախագահ), Արարատ Միրզոյանը երեկ ձերբակալվել են խաղաղ երթի ժամանակ։ Իշխանությունների նման գործողությունները բազմապատկել է փողոց դուրս եկած մարդկանց թիվը․ Հանրապետության հրապարակում կայացած երեկվա հանրահավաքին, ըստ տարբեր գնահատականների, մասնակցել է 100-150 հազար մարդ, իսկ այդ նույն ժամին Երևանի այլ փողոցներում հազարավոր մարդիկ են եղել։

Երեկ ուշ երեկոյան Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում գրառում է եղել, որ նա գտնվում է Սևանի ոստիկանությունում։ Կեսգիշերից հետո, սակայն, պարզվել է, որ նա այնտեղ չէ։ Hetq.am֊ի հետ զրույցում փաստաբան Ռուստամ Բադասյանը, որն այցելել է բաժին, ասել է․ «Ոստիկանության Սևանի բաժնի պետն ինձ ասաց, որ Փաշինյանն իրենց մոտ եղել է, սակայն հիմա այստեղ չէ, նրան տեղափոխել են»,- ասաց փաստաբանը:

Նա փորձել է կապ հաստատել քննիչի հետ՝ պարզելու Փաշինյանի գտնվելու վայրը, սակայն, չի կարողացել։ Կայքը Բադասյանի հետ զրույցի նյութը հրապարակել է 01։25֊ին։