Home / ԼԳԲՏ+ / Հաջորդ հեղափոխության խնդիրները

Հաջորդ հեղափոխության խնդիրները

Սոցիալական հեղափոխությանն ընդառաջ

Սիրելիներս,
Այո, սա հետևողական, անմիջական գործողությունների քաղաքական լիարժեք փորձառություն էր հազարավոր մարդկանց համար, հաղթական աննախադեպ փորձառություն։

Այո, կոլեկտիվ, համագործակցային քաղաքական ակցիաները, փոխօգնության, համերաշխության մթնոլորտը տպավորիչ, անմոռանալի էմոցիոնալ լիցքեր տվեցին մարդկանց։

Այո, պետական ռեպրեսիվ մեքենայի ղեկին նստած անտանելի, ատելի բռնապետը հրաժարական տվեց։ Եվ սա հաղթանակ ու առաջընթաց է։

Ի՞նչը մնաց (անփոփոխ)։
Գաղափարայնորեն.

մնաց պառլամենտական դեմոկրատիայի միֆը, մարդիկ ապավինելու են, որ ստեղծվելիք պարկեշտ օրենսդիրներն ու իշխանությունը ժողովրդական կամքն են իրագործելու, կամ ժողովրդի շահն են սպասարկելու ու որ, մի գեղեցիկ օր սոցիալական արդարություն ու հավասարություն են հաստատելու։

Մնացին պուպուշ, «ճիշտ» կապիտալիզմի, «վաստակած, չգողացված» հարստության, ազատ (իբր պետ. բյուրոկրատիայից, իրականում ժողովրդական միջամտությունից ու կարգավորումից իհարկե) շուկայի, անդասակարգ հասարակության, միլիտարիզմի, նացիոնալիզմի ու պատրիարխատի, բարի կամ չար Եվրոպայի, Ռուսաստանի ու Ամերիկայի միֆերը։

Առարկայորեն.

ժողովրդին մեծ հավանականությամբ չի վերադարձվի նրանից խլված հարստությունը (քանի որ ընդդիմադիր օրակարգում դրված չէր ու հիմա էլ դրված չի էդպիսի որևէ խնդիր)։

Ամենայն հավանականությամբ անպատիժ կմնան (քանի որ ընդդիմադիր օրակարգում դրված չէր ու հիմա էլ դրված չի) մինչև օրս ֆինանսական, տնտեսական, իշխանական լծակների միջոցով ժողովրդին կեղեքող, ճնշող, ստորացնող, սպանող հիմնական պատասխանատուները, այդ թվում և գլխավոր պատասխանատուն։

Սրանք էլ կլուծի շարունակական կամ հաջորդող հեղափոխությունը։

Հրայր Սավզյան