Home / Ազգային ժողով / ՀՀԿ֊ն փոխում է նախագահին և պատրաստ է քննարկել ցանկացած հարց

ՀՀԿ֊ն փոխում է նախագահին և պատրաստ է քննարկել ցանկացած հարց

ԱԺ Հանրապետական խմբակցությունը պատրաստ է առանց նախապայմանների բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց։ Այս մասին ասված է Հանրապետական կուսակցության այսօր տարածած հաղորդագրության մեջ։ Հիշեցնենք, որ ՀՀԿ֊ի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի վերաբերյալ իր դիրքորոշումը ԱԺ պատգամավոր, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը խոսել էր երեկ կայացած հանրահավաքի ժամանակ։

«Ապրիլի 25-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամների հանդիպումը պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ: Հանդիպման առաջին մասին ներկա էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ՀՀԿ խմբակցության անդամներին ավելի մանրամասն ներկայացրեց իր հրաժարականի պատճառները և խոսեց Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ։ Հանդիպման երկրորդ մասում խմբակցության անդամները վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ քննարկել են ներկա քաղաքական իրավիճակը և հնարավոր զարգացումները: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հայտարարելու, որ Հանրապետական խմբակցությունն առանց նախապայմանների պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև կուսակցության ղեկավար մարմիններում սկսել քննարկել կուսակցության նախագահի փոփոխության հարցը», ֊ ասված է պաշտոնական հայտարարության մեջ: