Home / Ազգային ժողով / Ժողովուրդը լավ գիտի ինչ անել, եթե որևէ իշխանություն փորձի լկտիանալ

Ժողովուրդը լավ գիտի ինչ անել, եթե որևէ իշխանություն փորձի լկտիանալ

Վաղը Ազգային ժողովը վարչապետ է ընտրելու և միակ թեկնածուն ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն է։ Այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ վերջինս խոսել է վարչապետի ընտրության և վաղվա անելիքների մասին։

«Այսօր առավոտյան «Ելք» խմբակցության կողմից ես պաշտոնապես առաջադրվեցի վարչապետի թեկնածու։ Այսօր 18։00-ին սպառվեց վարչապետ առաջադրելու ժամկետը և պարզվեց, որ որևէ այլ թեկնածու չի առաջադրվել։ Ազգային ժողովի 4 խմբակցություններից 3-ը հայտարարել են, որ պաշտպանելու են իմ թեկնածությունը, այսինքն՝ քվեարկելու են ժողովրդի թեկնածուի օգտին։ Իսկ Հանրապետական մեծամասնությունը հայտարարել է, թե չի խոչընդոտելու այդ ընտրությանը։ Այնպես որ շատ մեծ է հավանականությւոնը, որ վաղը ձեր կողմից առաջադրված թեկնածուն կընտրվի ՀՀ վարչապետ…

…Մինչև հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, շատերին էր թվում, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարևոր իրադարձությունը։ Այսօր կարելի է արձանագրել, որ ամենակարևոր իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ, երբ մեզ բոլորիս ակնհայտ էր, որ Հայաստանում ի վերջո կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել և իր ձեռքն է վերցրել իրեն իսկ պատկանող իրադարձությունը։ Ես ուզում եմ ասել, որ բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, որովհետև էականն այն է, որ կա երկրի ղեկը, երկրի իշխանությունը սեփական ձեռքերը վերցրած ժողովուրդ։ Եվ այդ ժողովուրդը շատ լավ գիտի ինչ անել, եթե Հայաստանում որևէ իշխանություն փորձի լկտիանալ, փորձի իրեն կորցնել և տեղը չբերել սեփական ժողովրդին։

Ես այս երեկո հասկացա, որ բացարձակ նշանակություն չունի, թե ինչ կունենա վաղը ԱԺ-ում, էականն այն է, որ ՀՀ քաղաքացին հաղթել է և այդ հաղթանակն անշրջելի է», ֊ ասել է Փաշինյանը։

Նա ասել է, որ վաղը Հանրապետության հրապարակում տոնախմբություն է նախատեսվում։

«ՀՀ քաղաքացին պետք է տոնի իր հաղթանակը։ Եվ ուրեմն ես բոլորին վաղն առավոտյան կոչ եմ անում ժամը 11։00-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, և չգնալ որևէ տեղ, որևէ փողոց չփակել, որևէ այլ գործողություն չանել, բողոքի որևէ այլ տրամադրություն չունենալ, այլ հավաքել հրապարակում և տոնել սեփական հաղթանակը հուսահատության, արտագաղթի, թուլության, անորոշության նկատմամբ։

Բոլոր քաղաքներից, մարզերից քաղաքացիները վաղը 11-ին հավաքվում են Հանրապետության հրապարակում արձանագրելու, որ իրենք են տերը երկրի», ֊ ընդգծել է Փաշինյանը։

Նա նաև ասել է, որ Ազգային ժողովի նիստն ուղիղ հեռարձակվելու է Հանրապետության հրապարակում տեղադրված էկրանների վրա։