Home / Ոստիկանություն / Կոմիտասի HSBC բանկի մասնաճյուղում կրակոցներ են հնչել․ կան մահացածներ (թարմացված)

Կոմիտասի HSBC բանկի մասնաճյուղում կրակոցներ են հնչել․ կան մահացածներ (թարմացված)

17:20 Չի հաջողվել փրկել նաև վիրավոր ոստիկանի կյանքը։ Մահացած ոստիկանն ավագ ենթասպա Արա Շախգուլյանն է։

16։00 Ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրությամբ հաստատել է, որ հարձակման ժամանակ մահացածը բանկի անվտանգության աշխատակից է, ինչպես նաև վիրավորվածներից մեկը։ Եվս մեկ վիրավոր ոստիկանության աշխատակից է։

«Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է», ֊ ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

15։35 Դեպքի վայրում գտնվող բարձրաստիճան ոստիկաններից մեկը լրագրողներին հաստատել է, որ վիրավոր անվտանգության աշխատակիցներից մեկը մահացել է, ևս մեկը՝ վիրավորվել։ Այս պահին նա խոսել է երկու վիրավորների մասին։

15։20 Կոմիտասի պողոտայի սկզբնամասում գտնվող HSBC բանկի մասնաճյուղում մոտ 40 րոպե առաջ կրակոցներ են հնչել։ Այս պահին բանկի մասնաճյուղը ամբողջովին շրջափակված է մի քանի տասնյակ ոստիկանների կողմից, հայտնում է Epress.am֊ի թղթակիցը։

Դեպքի վայրում գտնվող ականատեսները մեր լրագրողին ասել են, որ բանկ է ներխուժել տարիքով մի տղամարդ, նրա ձեռքին ատրճանակ է եղել։ Կրակոցները հնչել են բանկի ներսում, ըստ նախնական տեղեկությունների, կան 3 վիրավորներ։ Նաև լուրեր են շրջանառվում, թե վիրավորներից մեկը` բանկի անվտանգության աշխատակիցը, մահացել է։ Տեղում գտնվող ոստիկանները հրաժարվել են տեղեկություններ տալ։