Գլխավոր / Կրթություն / Բողոքի ակցիաներից հետո դպրոցի ՀՀԿ֊ական տնօրենը հրաժարական է տվել

Բողոքի ակցիաներից հետո դպրոցի ՀՀԿ֊ական տնօրենը հրաժարական է տվել

Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ՀՀԿ֊ական տնօրեն Ռուզաննա Ազիզյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին այսօր հայտնել է Երևանի քաղաքապետարանի Հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը դպրոցում ծնողների և մանկավարժների հետ հանդիպման ժամանակ: Նրա խոսքով՝ եթե մանկավարժը չսիրված է իր աշակերտների կողմից, նա չպետք է դասարան մտնի, և հրաժարական տալու որոշումը ճիշտ էր։

Դպրոցի պաշտոնական կայքում տնօրեն Ազիզյանի մասին գրված է, որ նա «բնավորությամբ շիտակ է, հայրենասեր և միշտ պայքարում է ճշմարտության համար»:

Ազիզյանի դեմ բողոքի ակցիան մեկնարկել է երեկ․ տասնյակ աշակերտներ և նրանց ծնողները, ինչպես նաև ուսուցիչներ պահանջել են տնօրենի հեռանալը՝ նշելով, որ նա իրենց ներգրավել էր կոռուպցիոն սխեմաների մեջ, բացի դա, ապրիլի 13-ից մեկնարկած հակակառավարական ցույցերի և դասադուլների ընթացքում կողպել էր աշակերտներին դպրոցում։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊ի նախագահ Դանիել Իոսննիսյանը դպրոցի դահլիճում հայտարարել էր, որ Ազիզյանը հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենների թվում էր, ովքեր խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հանրապետական կուսակցության համար ձայներ էին հավաքագրում։

Ավելի վաղ Ռուզաննա Ազիզյանը մի քանի անգամ հրապարակային հայտարարել է, որ ինքը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի համակուրսեցին է, ասել է, որ ուսանող ժամանակ Սարգսյանը «շատ կրակոտ երիտասարդ» էր։

Նշենք նաև, որ 11֊րդ դպրոցում կան ազգային հերոսների անուններով դասարաններ, դրանց շարքում՝ ՀՀԿ֊ական օլիգարխ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անվան դասարան։