Գլխավոր / Ոստիկանություն / Փշալարերից այս կողմ. նոր ոստիկանապետը որպես սիմվոլ

Փշալարերից այս կողմ. նոր ոստիկանապետը որպես սիմվոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ոստիկանության պետի պաշտոնում նշանակել է Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Բաղրամյան 26-ից ուղիղ հեռարձակման ընթացքում Փաշինյանը հիմնավորել է իր որոշումը. «Ես մտածեցի, որ հեղափոխությունից առաջ ես և Վալերի Օսիպյանը, դուք և Վալերի Օսիպյանը, մենք և ոստիկանությունը գտնվում էինք փշալարերի տարբեր կողմերում՝ ֆիզիկապես: Եվ ես մտածեցի, որ այս որոշումը սիմվոլիկ նշանակություն պետք է ունենա, և մենք նույն կողմում հայտնվենք: Նա թերևս լավ սիմվոլ է, որ այդ փշալարերի կուլտուրան Հայաստանի Հանրապետությունից վերացնենք: Ես հույս ունեմ, որ պարոն Օսիպյանը կարդարացնի ՀՀ քաղաքացիների հույսերը: Այսօր Ոստիկանությունից շատ բան է կախված: Ոստիկանույթունից կախված է իրավակարգը, օրինականությունը, քաղաքացու ինքնազգացողությունը: Եվ ես շատ հստակ խնդիր եմ դրել, որ ՀՀ քաղաքացիները պետք է իրենց զգան վստահ, պաշտպանված, և որևէ բան չպետք է սպառնա նրանց այս ինքնազգացողությանը», — ասել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Օսիպյանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել էր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» երկրորդ աստիճանի մեդալով: Այս պարգևատրումը իրավապաշտպանները որակել էին որպես  ոստիկանական բռնության խրախուսում: Օսիպյանը վերջին տարիներին բազմաթիվ բողոքի ակցիաների ընթացքում  ցուցարարներին ցրելու գործողությունների ղեկավարներից մեկն է եղել: 2016-ի հուլիսին նա մի քանի օր անցկացրել է ՊՊԾ գնդում, որը գրավել էին «Սասնա Ծռեր»: Հետագայում վերջիններս նրան բաց էին թողել:

ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվել է Արթուր Վանեցյանը, որը մինչ այդ զբաղեցնում էր ԱԱԾ Երևանի վարչության պետի տեղակալի պաշտոնը: