Home / Բանակ / Հեղափոխությունից հետո սևազգեստ մայրերը կրկին Բաղրամյան 26 են եկել

Հեղափոխությունից հետո սևազգեստ մայրերը կրկին Բաղրամյան 26 են եկել

Սևազգեստ մայրերը՝ Իրինա Ղազարյանը, Նանա Մուրադյանը և Հերիքնազ Գասպարյանը, մայիսի 10-ին հերթական անգամ եկել են Բաղրամյան 26-ի մոտ, հիշեցնելու, որ բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների հետևանքով սպանված իրենց որդիների գործերը չեն բացահայտվել։

Տարիներ ի վեր նրանք ակցիա են անցկացրել ՀՀ նախագահի նստավայրի (ներկայումս վարչապետի նստավայր) և ՀՀ կառավարության շենքերի մոտ, սակայն ՀՀԿ֊ի իշխանության օրոք նրանց որդիների գործերը կոծկվել են։ Այժմ մայրերը հույս ունեն, որ հեղափոխությունից հետո՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք սպանված զինվորների գործերն արդար քննության են արժանանալու։

Epress.am֊ի հետ զրույցում 2010 թվականին բանակում մահացած Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը, ասում է, որ իրենք գիտակցում են՝ մեկ վայրկյանում իրենց խնդիրը չի լուծվելու․ այնուամենայնիվ, ակնկալում են, որ բանակում և քննչական մարմիններում բարեփոխումներ կսկսվեն և զինված ուժերի ներկայիս ղեկավարությունը կհեռանա։

«Նիկոլ Փաշինյանին առաջին օրից միացել ենք։ Դեռ մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ ակցիաներից մեկի ժամանակ, մոտեցանք նրան և ասացինք, որ սպանված բոլոր զինվորների գործերը պետք է վերանայվեն և բացահայտվեն։ Մենք հավատում ենք նրա խոսքին, հույս ունենք, որ կամաց֊կամաց խնդիրները լուծվելու են», ֊ ասել է Ղազարյանը։

Նա ընդգծել է, որ կարևոր է Պաշտպանության ներկայիս նախարար Վիգեն Սարգսյանի և նրա թիմի հեռանալը, որոնք «միայն փող էին ուտում»։

Ղազարյանի խոսքով՝ Սարգսյանի նախարար նշանակվելուց հետո իրենց որդիների գործերի առումով գեթ կես քայլի առաջընթաց չի եղել, բացարձակապես ոչինչ չի արվել։

2010 թվականի զոհված Վալերի Մուրադյանի մոր՝ Նանա Մուրադյանի խոսքով՝ հրաժարական պետք է ներկայացնի նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոսվես Հակոբյանը, որը հանցագործությունները կոծկողներից է։ Նա հիշեցրել է, որ տարբեր պաշտոնյաներ՝ սկսած 2011֊ինկ զինվորական դատախազ նշանակված Գևորգ Կոստանյանից, իրեն խոստացել են, որ որդու սպանության գործը բացահայտվելու է, սակայն ոչինչ այդպես էլ չի արվել։ Այժմ, նշում է նա, դա հնարավոր է։

«Մենք պայքարելու ենք, ակցիաներ ենք անելու այնքան ժամանակ մինչև մեր որդիներին սպանողները չպատժվեն», ֊ միաբերան պնդել են սևազգեստ մայրերը։