Home / Առողջապահություն / Տարոն Մարգարյանից պահանջեցին հեռանալ որպես ՀՀԿ-ից մնացած «փասափուսա»

Տարոն Մարգարյանից պահանջեցին հեռանալ որպես ՀՀԿ-ից մնացած «փասափուսա»

Երևանի քաղաքապետարանի մոտ այսօր բողոքի ակցիա է անցկացվել ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջով:

«Տարոն, հեռացիր», «ՀՀԿ-ն հեռացավ, փասափուսեն մոռացավ», «ՀՀԿ-ի վերջը եկել ա», «Մերժենք Սերժի Տարոնին» վանկարկումներով հավաքավածները փաստում էին, որ քաղաքապետի պաշտոնավարման 7 տարիների ընթացքում Երևանում հանրային տրանսպորտը գործել է քաղաքացիների և վարորդների համար նվաստացուցիչ ձևով՝ ապահովելով միայն ՀՀԿ-ամերձ գծատերերի հարստանալը, հանրային այգիներում մասշտաբային ապօրինի սրճարաններ են կառուցվել՝ վերացնելով կանաչ տարածքները, քաղաքի անտուն շները ենթարկվել են «Յունիգրաֆ Իքս» ընկերության կողմից սպանդի, հանրային խաղաղահրապարակները դարձել են վճարովի երեխաների համար:

Ակցիայի մասնակիցներից Սոֆյա Մանուկյանը բարձրացրել է Երևանում աղբահանության չլուծվող հարցը․ «Դուք վարկ եք վերցրել, զավթելու եք ևս 30 հեկտար, և ևս 30 տարվա կյանք ունեցող աղբավայր եք կառուցելու: Բա հետո, նորից վա՞րկ եք վերցնելու և նորից 30 հեկտար վերցնե՞ք: 7 տարի առաջ էր, դուք խոստում տվեցիք որ աղբի վերամշակման գործարան կկառուցվի: Ո՞ւր ա: Չեք կարողանում, հեռացեք»։

Ակցիայի մեկ այլ մասնակից` Սոնա Մանուկյանը, որը բնակվում է Կենտրոն համայնքում, խոսել է այգիներում խաղաղահրապարակների մասնավորեցման մասին․ «Դուք գիտեք՝ ինչ գներ են այդ խաղաղահրապարկներում: «Սանտա֊ֆե»֊ն, Նուշիկյանը, Խանջյանի այգին էլ (սրճարանային տարածքներ) վերջին կաթիլն էր: Երեք տարի է՝ ինձ պատասխանում են, որ այգին հանձնել են «Մետելիցա» ռեստորանին, որ նա պետք է վերանորոգի: «Մետելիցայից» ինձ պատասխանել են, որ նման կետ չկա իրենց պայմանագրի մեջ: Հետո [Խանջյանի այգու մի մասը] տվեցին Ծառուկյանի (ԱԺ օլիգարխ պատգամավոր, «Ծառուկյան դաշինք» խմբակցության ղեկավար֊խմբ․) սպորտային համալիրին: Ծառուկյանը շատ արագ վերանորոգել ա, ճաղավանդակներով փակել ա իր հաճախորդների համար: Դուք բիզնեսմեններ եք բոլորդ, բարտեր անեիք Ծառուկյանի հետ, թող խաղահրապարակ սարքեր»։

Ցուցարարներից մեկը բողոքել է համատիրության կողմից բազմաբնակարանային շենքերի սպասարկման համար հավաքվող գումարների խնդրից․ «Եթե հաշվենք՝ 9 հարկանի շենքում ամեն բնակարան վճարում է 1500 դրամ, դա ամսական անում է 50-60 հազար դրամ: Ինչ է անում համատիրությունն այդ գումարներով: Ձեզնից քանի՞սն է տեսել ձեր շքամուտքում հաշվետվություն, թե ինչ է անում համատիրությունը: Որոշ երջանիկ մարդիկ տեսել են. մի քրջոտ թուղթ է, որի վրա խզբզած է, որ մարդիկ չհասկանան, չստուգեն: Քաղաքացիները իրենց միջոցներով են վերանորոգումներ անում: 2017 թվականին մինչև նոյեմբեր ամիսը ԱԻՆ-ն արձանագրել է բազմահարկ շենքերում վերելակների 240 արգելափակման դեպք: Դա միայն պաշտոնապես: Մարդիկ իրենց ուժերով են իրար հանում վերելակներից: Ինչ սպասարկման մասին է խոսքը»։

ՀՀԿ-ական ավագանու կողմից իրականացված բռնությունների մասին խոսել է ակտիվիստ Աննա Նիկողոսյանը. «Հանրությանը ցնցեց հարձակումը Ավագանու կին անդամների վրա, որն ուղեկցվեց հրապարակային ֆիզիկական բռնությամբ, սեռական ոտնձգություններով և սպառնալիքներով: Պատասխանատուները ոչ միայն չպատժվեցին, այլև շարունակեցին ռեպրեսիաները կանանց նկատմամբ»:

Ելույթների ընթացքում ցուցարարները որոշ ժամանակով փակել են քաղաքապետարանի դիմացի փողոցը և վանկարկել՝ «Տարո՛ն, իջի, Տարո՛ն իջի», «Ոչ ապօրինի շինարարությանը», «Ոչ գծատիրությանը», «Ոչ բանդաներով բռնությանը», «Ոչ բյուջեի մսխմանը», «Տարոն, հեռացի՛ր», «Սերժը հեռացավ, փասափուսեն մոռացավ»։

Ցուցարարների մոտ Երևանի քաղաքապետարանի շենքից ոչ ոք դուրս չի եկել։