Home / Բանտ / Դատավորն ազատ չարձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին․ նրանց աջակիցները փողոց են փակել

Դատավորն ազատ չարձակեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին․ նրանց աջակիցները փողոց են փակել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Արշակ Վարդանյանը մերժել է «Սասնա ծռեր» խմբի 11 անդամների կալանքի միջոցը փոխելու միջնորդությունը։ Այն այսօրվա նիստին ներկայացրել էին ամբաստանյալների պաշտպանները։

Այսպիսով, Վարդանյան մերժել է գրավի կամ ստորագրության դիմաց ազատ արձակել Արամ Հակոբյանին, Թաթուլ Թամրազյանին, Հովհաննես Հարությունյանին, Գևորգ Իրիցյանին, Վարդան Գերավետյանին, Սերգեյ Կյուրեղյանին, Արայիկ Հակոբյանին, Թորոս Թորոսյանին, Մարտիրոս Հակոբյանին, Տիգրան Մանուկյանին և Արամ Մանուկյանին։

Մինչ դատավորը կարդում էր նրանց անունները դահլիճում ներկա գտնվողները վանկարկում էին՝ «Ամո՛թ, ամո՛թ»։ Իսկ «Սասնա ծռեր» խմբի անդամները և նրանց պաշտպանները լքել են նիստերի դահլիճը։

«Սասնա ծռեր» խմբի աջակիցները և նրանց բարեկամները, դուրս գալով դատարանի դահլիճից, փակել են Արշակունյաց պողոտան։