Home / Բանտ / Փաստաբանները միջնորդել են բանտից ազատել «Սասնա ծռեր» խմբի անդամներին

Փաստաբանները միջնորդել են բանտից ազատել «Սասնա ծռեր» խմբի անդամներին

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործով այսօր ընթացող դատական նիստի ժամանակ փաստաբանները դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ ազատ արձակել ամբաստանյալներին կամ փոխել նրանց խափանման միջոց կալանքը՝ ստորագրությամբ չհեռանալով։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատախազներին ուղղված ելույթում «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը նշել է, որ նույն միջնորդությունը պետք է ներկայացնեն նաև դատախազները՝ ապացուցելով, որ ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

«Ճիշտ կլիներ «Սասնա ծռերի» խափանման միջոցի հարցը բարձրացնեին ոչ մեր փաստաբաններրը, այլ՝ դատախազները։ Դատախազը համարվում է պետական աշխատող, պետական շահը ներկայացնող անձ, իսկ մենք՝ «Սասնա ծռերս», կատարել ենք պետական շահից ելնելով, արդար նպատակներ ունեցող գործողություններ և ես ձեզ հորդորում եմ, որ դուք ձեր միջնորդությամբ ներկայանաք և նաև կապացուցեք, որ այսօրվանից ազատ եք, անկախ եք և ծառայում եք միայն ու միայն Հայաստանի Հանրապետությանը»,֊ ասել է Մանուկյանը։

Սակայն դատախազները շարունակել են պնդել, որ «Սասնա ծռերի» կալանքի տակ պահելու որոշումը բխում է օրենքից, ինչին փաստաբան Արայիկ Պապիկյանն արձագանքել է, թե ՀՀ դատախազությունում դեռ ապրիլի 22֊ն է (մինչև Սերժ Սարգսյանի հրաժարականը)։

Նիստը նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը բոլոր միջնորդությունները լսելուց հետո հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Որոշման մասին հայտարարվելու է 17։45֊ին։

Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խմբի մոտ 3 տասնյակ անդամներ գրավել էին ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդը՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Երկու շաբաթ գնդի տարածքը պահելուց հետո նրանք վայր էին դրել զենքերը։