Home / Մարզեր / Բիզնեսն ուզում է գյուղացիներից կաթն էժան գնել. պահանջում են եվրոպական կովեր և մեքենայացված կիթ

Բիզնեսն ուզում է գյուղացիներից կաթն էժան գնել. պահանջում են եվրոպական կովեր և մեքենայացված կիթ

Արագածոտնի մարզի Ճարճակիս, Ավշեն և Ռյա Թազա գյուղերի մեկ տասնյակ բնակիչներ և մի քանի կաթ մթերող ընկերությունների ներկայացուցիչներ այսօր Կառավարությունում հանդիպել են ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Հանդիպման առիթն անասնապահների բողոքն էր կաթի մթերման գնի իջեցման դեմ: Ուրբաթ Արագածոտնի մարզի մոտ 300 անասնապահ Ալագյազ գյուղի հատվածում փակել էին միջպետական ճանապարհը՝ պահանջելով վերականգնել նախկին գինը։

Այսօրվա հանդիպմանը լրագրողներին թույլ չեն տվել մասնակցել։ Գյուղացիները հանդիպումից հետո Epress.am-ի թղթակցին պատմել են, որ Արարատ Միրզոյանը փորձել է համոզել մթերողներին չիջեցնել կաթի գինը: Գյուղացիների խոսքով՝ մթերողները հրաժարվել են կատարել Միրզոյանի հորդորը: Ավելին՝ կաթի գինը քննարկելու թեման գործարարները վերածել են կաթի արտարդման սանիտարահիգիենիկ պայմանների ապահովման, կաթի որակի, արտասահմանյան, ավելի կաթնատու կովեր բերելու հարցերի շուրջ քննարկմանը:

Հանդիպումից հետո ՀՀ կառավարության շենքի մոտ անասնապահների հետ շարունակել է զրուցել Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, որը բիզնեսի ներկայացուցիչների կողմն է բռնել:

«Գինը դա բիզնեսի որոշումն ա: Մենք խնդրել ենք մեր կաթ արտադրողներին, որպեսզի իրենք ավելի զգույշ, ավելի ուշադիր լինեն», – ասել է Տերտերյանը:

Երբ գյուղացիները բողոքել են, որ քննարկվել է կաթի սանիտարահիգիենիկ  որակի հարցը, ոչ թե բուն խնդիրը, Տերտերյանն ասել է. «Ոչ ոք չի ասում ձեր կաթը վատն ա: Իրանք ուրիշ բան են ասում. պարզ ճշմարտություն ա՝ ավելի հեշտ է մեկ անգամ մեծ արտադրողից վերցնել, քան հարյուր անգամ՝ փոքրից: Մի տեղից վերցնում ես, մի անգամ ես ստուգում: Նենց եք զարմացել, ոնց որ առաջին անգամ եք լսում», – ասել է Տերտերյանը:

Բողոքողներն Epress.am-ին ասել է, որ կաթի գինն իջեցվել է, քանի որ հիմա՝ ամառվան մոտ, կաթը շատ է: Գյուղացիներից մեկն ասել է. «Նախ դուք վերցնում եք, ինչքան էլ կաթ տանք: Այսինքն՝ այնպես չի, որ մեր խաթր եք վերցնում, չեք սպառելու: Երկրորդ՝ ԵԱՏՄ մտնելիս ասում էիք՝ ԵԱՏՄ-ն 3 միլիարդ դոլարի գյուղապրանքի շուկա է: Բա էդ շուկան ո՞ւր ա»։

Արտասահմանյան բարձրորակ կովերի մասին գյուղացիները նույնպես արտահայտվել են՝ ընդգծելով, որ դրանք նախ թանկ են և հատուկ խնամք են պահանջում :

«Ես միլիոն ու կես (դրամի) խոտ եմ առնում, մի տուկը՝ 1500 դրամ… Ու պահում եմ,  կաթը վաճառում եմ 100 դրամով, ես անգամ էդ կովի համար վերցրած վարկը չեմ փակում, բա որ թանկարժեք, հատուկ մենյու պահանջող կով առնեի»,- ասել է Ռյա Թազա գյուղի գյուղացիներից մեկը:

«Աշտարակ Կաթ» ընկերության մթերման բաժնի պետ Հայկ Սարգսյանն Epress.am-ին ասել է, որ գյուղացիներից կաթ վերցնելով՝ իրենք մոտ 10-15 տոկոս կորուստ են ունենում, գյուղացիները չունեն մեքենայացված կիթ, սանհիտարահիգենիկ պայմաններ․ «Ագրոհոլդինգ», «Արզնի» և նման մեծ կաթարտադրողների կաթն ավելի որակով է:

Գյուղացիները Կառավարության մոտ ևս մեկ անգամ քննարկելով հարցը՝ որոշել են այլևս կաթ չտալ մատակարարներին և միջնորդներին ու նորից ճանապարհներ փակել: