Home / Հայաստան / Մոսկվայում 24 մարդու են ձերբակալել «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկելու համար

Մոսկվայում 24 մարդու են ձերբակալել «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկելու համար

Մոսկվայում 24 ակտիվիստների երեկ՝ մայիսի 13-ին, բերման են ենթարկել ինտերնետի ազատության համար անցկացված համաձայնեցված ակցիայի ընթացքում, հայտնում է grani.ru֊ն։ Բերման ենթարկվածները ներկայացնում էին «Սև բլոկ», «Ազգ և ազատություն» և «Ժողովրդական դիմադրության ասոցիացիա» նախաձեռնությունները։

Մարդկանց բերման են ենթարկել, մասնավորապես, «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկելու համար։ Ոստիկանությունը համարել է, որ նման կարգախոսը չի համապատասխանում անցկացվող միջոցառման թեմային։

Բերման ենթարկելու ժամանակ ոստիկանությունը բիրտ ուժ էր կիրառում, մասնավորապես, ակտիվիստ Դանիիլ Լիսիցինին հարվածել են ոտքով։ Ոստիկանություն տարվածների շրջանում կան անչափահասներ։

«Սպիտակ հաշվիչ» կամավորների կազմակերպության տվյալներով բողոքի ցույցին մասնակցել է 2280 մարդ։ Ակցիան կազմակերպել էին ռուսաստանյան արտախորհրդարանային ընդդիմադիր ուժերը։

Լուսանկարները՝ novayagazeta.ru-ի

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին Լիբերտարիական կուսակցությունն ակցիա էր կազմակերպել՝ ի աջակցություն Telegram մեսենջերի, որն արգելափակում են Ռուսաստանում։ Telegram֊ի հիմնադիր Պավել Դուրովը կոչ էր արել մասնակցել այդ ակցիային։ Այս անգամ Լիբերտարիական կուսակցությունը և Դուրովը բողոքի ցույցին չէին աջակցել։