Գլխավոր / Բանտ / Նախադեպային վճիռ է կայացվել ընդդեմ Քրեակատարողական վարչության

Նախադեպային վճիռ է կայացվել ընդդեմ Քրեակատարողական վարչության

Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչությունն իր աշխատակից Էդգար Հովհաննիսյանին հեռացրել էր աշխատանքից, երբ նա արձակուրդում էր և բուժվում էր Ոստիկանության պոլիկլինիկայում։ Բացի դրանից, նրան վերջահաշվարկ չի տրվել։ Այդ առիթով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Նաիրա Հովսեփյանը որոշում է կայացրել, համաձայն որի Քրեակատարողական վարչությունը պետք է իր աշխատակցին վճարի 1 մլն 200 հազար դրամ: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հովհաննիսյանի շահերի պաշտպան, փաստաբան Արայիկ Պապիկյանը։

«3 օր առաջ հրապարակվել է վճռի եզրափակիչ մասը, դեռ ամբողջությամբ չենք ստացել, որ հասկանանք՝ արդյոք մեր բողոքի բոլոր կետերն են բավարարվել, թե ոչ», -ասել է փաստաբանը։

Ավելի վաղ մեզ հետ զրույցում Պապիկյանը նշել էր, որ դեռևս այն ժամանակ Քրեակատարողական վարչությունից պատճառաբանել են, որ 2014 թվականից գործում է օրենք, համաձայն որի՝ ՔԿՀ-ներում աշխատողները համարվում են պետական պաշտոնյա և չեն ստանում վերջնահաշվարկ։ Փաստաբանը նշել էր, որ իր վստահորդը աշխատանքի է անցել 2011֊ին իսկ նոր ընդունված օրենքը հետադարձ իրավաբանական ուժ չունի։ Բացի դրանից, այդ նոր օրենքը ընդունելու ժամանակ նրա հետ համաձայնագիր չեն ստորագրել, պայմանագիր չեն ստորագրել։

Փաստաբանի խոսքով՝ նման իրավիճակում է գտնվում ոչ միայն իր վստահորդը, այլ նաև Քրեակատարողական վարչության տասնյակ այլ աշխատակիցներ, որոնք վերջին 2-3 տարվա մեջ աշխատանքից ազատվել են տարբեր պատճառներով, սակայն չեն ստացել վերջնահաշվարկ՝ հիմք ընդունելով 2014 թվականի նոր օրենքը։

Եթե դատարանի կողմից հաստատվեն բերված փաստերը և վճիռն իրենց օգտին լինի, դա անխուսափելիորեն շատ լուրջ հետևանքներ կունենա, վստահ էր փաստաբանը։

«Այն բոլոր անձինք, ովքեր որ աշխատել են մինչև 2014 թվականը, սակայն աշխատանքից ազատվել են 2014 ից հետո, կարող են դիմել դատարան և ստանալ օրենքով իրենց հասնող չվճարված գումարները», ֊ ասել էր Պապիկյանը։