Գլխավոր / Շուկա / «Տարոնի դեմն առնենք»․ երևանցիների ակցիաներն ընդդեմ քաղաքապետի շարունակվում են

«Տարոնի դեմն առնենք»․ երևանցիների ակցիաներն ընդդեմ քաղաքապետի շարունակվում են

«Տարոնի դեմն առնենք» կարգախոսով այսօր մի քանի տասնյակ քաղաքացիներ հավաքվել էին Երևանի քաղաքապետարանի մոտ՝ պահանջելով Երևանի ՀՀԿ֊ական քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։

«Հեղափոխությունը շարունակվում է, ամենադժվար որոշումը ժողովուրդը կայացրել է։ Բայց քանի որ այս մարդիկ դեռ չեն հասկանում հեղափոխության նպատակը և թե ժողովուրդն ինչ է ուզում, ամեն կերպ կառչում են այդ աթոռներից։ Ինչո՞ւ, որովհետև շատ լավ գիտեն, որ հրաժարականից հետո օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու»,֊ լրագրողներին ասել է ակցիայի մասնակից Գառնիկ Բաղդասարյանը։

Հավաքվածների խոսքով՝ Տարոն Մարգարյանը, ինչպես և մյուս ՀՀԿ֊ականները, ներքաշված են եղել կոռուպցիայի մեջ, և հանրությունը նրանցից րոպե առաջ պետք է ազատվի։

Հավաքվածները նշել են, որ իրենք ողջունում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը, նրան որակել որպես «մեր ախպեր»։

Ակցիայի մասնակիցները, մոտ մեկ ժամ մնալով քաղաքապետարանի մոտ, այսօր իրազեկման ավտոերթով անցել են Երևանի կենտրոնական փողոցներով, ապա իրենց ճանապարհը շարունակել քաղաքի ծայրամասեր։ Ակցիայի մասնակիցները քաղաքացիներին հորդորում էին միանալ իրենց և մայիսի 16֊ին, ժամը 10։00֊ին Քաղաքապետարանի դիմաց պահանջել Տարոն Մարգարյանի հրաժարականը։