Գլխավոր / Բանտ / «Սասնա ծռերը» մեդիայի հետ հանդիպում են պահանջում

«Սասնա ծռերը» մեդիայի հետ հանդիպում են պահանջում

«Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանն այսօրվա նիստին միջնորդել է, որպեսզի իր պաշտպանյալին թույլ տան քրեակատարողական հիմնարկում մամուլի ասուլիս կազմակերպել:

«Հեղափոխության ընթացքը դեռ պետք է գնա, մենք դեռ հաղթանակի չենք հասել: Պետք է ինչ֊որ չափով սկսվի արդարադատություն իրականացվել: Եթե խոսում ենք երկխոսության, համերաշխության մասին, այն կողմը, որը զենք է վերցրել բռնապետության դեմ, այդ մարդիկ չպետք է ռեժիմի մնացորդների ձեռքով զրկվեն իրենց խոսքն ասելու իրավունքից: Բանտարկյալի և ազատության մեջ գտնվող մարդկանց միջև երխոսություն չի կարող լինել: Երկխոսություն կարող է լինել հավասար պայմաններում: Կամ թող Սերժ Սարգսյանը նստած լինի իմ կողքի խցում, այդ դեպքում էլ պատրաստ ենք երկխոսության: Սերժ Սարգսյանը կառավարական ամառանոցում է բնակվում ապօրինաբար և շարունակում է անուղղակիորեն սպառնալ ռևանշով մեր ժողովրդի հաղթանակին»,- ասել է Վարուժան Ավետիսյանը:

Ղարաբաղի պատերազմի վետերան, «Սասնա ծռերի» անդամ Պավել Մանուկյանը, իր հերթին, դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին, ասել է․ «Իներցիայով գնում եք, չեք տեսնում, որ իրավիճակ է փոխվել»։

Նա Մակյանից պահանջել է թույլ տալ հենց տեղում մամուլի հետ շփվել՝ դատական նիստի ընդմիջման ընթացքում։

«Ես վստահ եմ, որ դատավոր Մակյանն այսօր խորհրդակցական սենյակից կգա որպես դատավոր: Մինչև հիմա չեմ ասել, բայց այսօր կասեմ՝ պարոն Դատավո՛ր»,- նշել է Մանուկյանը:

Դատավորն ասել է, որ ասուլիսի մասին միջնորդությունը անհապաղ չի քննարկի, դրան կանդրադառնա նիստի ավարտին:

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասել է, թե չի հասկանում՝ ինչ նորմով է Մակյանն առաջնորդվում:

«Գոյություն ունի քրեական դատավարության մեկ նորմ, որը կարգավորում է, թե ինչպես պետք է քննարկվեն միջնորդությունները: Դա 102-րդ հոդվածն է, ըստ որի պահանջներն ու միջնորդությունները պետք է քննարկվեն դրանք հայտարարելուց անմիջապես հետո: Հետաձգվում է միայն այն դեպքում, երբ քննության համար անհրաժեշտ է պարզել այլ հանգամանքներ»,- նշել է Սահակյանը: